Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի ռեժիմ

Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի ռեժիմ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Կառավարության որոշմամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Որոշման ընդունումը կնպաստի Հայաստանում զբոսաշրջային ներհոսքի ավելացմանը, ինչպես նաև ներդրումների ներգրավմանը:

Որոշումն ընդունելուց հետո հայկական կողմը հայտագրերի միջոցով ՉԺՀ Հոնգկոնգ ՀՎՇ-ի հետ կհստակեցնի միմյանց տարածքներում իրենց քաղաքացիների գտնվելու թույլատրելի ժամկետները:

Ինչպես կառավարության նիստում նշել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի և Հայաստանի միջև ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն, որ առանց արտոնագրերի մուտքի ռեժիմը կգործի 2019թ. մարտի 3-ից:

Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ արտաքին գործերի նախարարությունը համապատասխան ծանուցումը կուղարկի ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ այդ շրջանի քաղաքացիների համար սահմանելով Հայաստանում մնալու 180 օրյա ժամկետ: Իսկ ՀՀ քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում կարող են մնալ 30 օր:

Տիգրան Ավինյանը հետաքրքրվել է նաև նման արտոնյալ ռեժիմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ սահմանելու վերաբերյալ քննարկումների արդյունքներից: Զոհրաբ Մնացականյանը հայտնել է, որ ներկայումս նախարարությունում այդ հարցը համապարփակ դիտարկվում է:

«Կարծում եմ, որ տուրիզմի և գործարար կապերի զարգացման առումով սա նույնպես շատ կարևոր նախաձեռնություն է և, իհարկե, պետք է առաջ շարժվել ռիսկերի ճիշտ գնահատմամբ»,-ասել է Տիգրան Ավինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում