Բակո Սահակյան. Պետությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների սոցիալ-կենցաղային ապահովվածության հարցերը

Բակո Սահակյան. Պետությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների սոցիալ-կենցաղային ապահովվածության հարցերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Այսօր ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված ՊԲ-ի միավորումների և զորամասերի 2018 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը:

ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրապարակելով նիստի աշխատակարգը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշել է, որ առաջիկա մեր բոլոր ձեռքբերումները կախված կլինեն նաև այն հանգամանքից, թե ինչ հետևություններ կարվեն նախորդ տարվա արդյունքներից և ըստ այդմ՝ ինչպիսի հերթականությամբ կպլանավորվեն նոր բանակային տարվա առաջնահերթությունները:

Այնուհետև ելույթ է ունեցել ԱՀ նախագահը: Բակո Սահակյանը բավարար գնահատելով 2018 թվականի ընթացքում արձանագրված հիմնական ցուցանիշները, հավաստիացրել է, որ պետությունը այսուհետ ևս կշարունակի իր հետևողական ուշադրության կենտրոնում պահել ՊԲ-ի մարտական հնարավորությունների կատարելագործմանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային ապահովվածությանը վերաբերող հարցերը:

Ռազմական խորհրդի նիստի ավարտին հրապարակվել է բանակի հրամանատարի հրամանը, որի համաձայն դրամական պարգևներ, արժեքավոր նվերներ ու պատվոդրոշներ են հանձնվել անցած բանակային տարվա ընթացքում առավելագույն բարձր արդյունքներ ունեցած զորամասերին, ստորաբաժանումներին ու անհատ զինծառայողներին:

Ռազմական խորհրդի նիստին ներկա են եղել բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամկազմը, զինկոմիսարիատների և ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում