ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին՝ ապահովել 2008-ի մարտի գործերով հետաքննությունների ժամանակ Կոնվենցիայի պահպանումը

ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին՝ ապահովել 2008-ի մարտի գործերով հետաքննությունների ժամանակ Կոնվենցիայի պահպանումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում նախօրեին ընդունվեց Վեհաժողովի մոնիտորինգային ընթացակարգերի ու դրանց ժամանակավոր վերանայման մասին բանաձև, որի զեկուցողն էր բրիտանացի պատգամավոր Ռոջեր Գեյլը։

Բանաձևում վեհաժողովը դիտարկում է ԵԽԽՎ մոնիտորինգի տակ գտնվող երկրների առաջընթացը 2018թ.-ին ու մի շարք գնահատականներ է տրվում երկրների կատարած առաջընթացին։

Վեհաժողովը ողջունում է տեղի ունեցած առաջընթացը երկրներում, նշում մարտահրավերները կամ մտահոգություն հայտնում՝ ներկայացնելով կոնկրետ առաջարկություններ։

Վեհաժողովը ողջունում է Հայաստանում իշխանության խաղաղ փոփոխության կարողությունը՝ նոր Սահմանադրության դրույթներին համապատասխան։

Վեհաժողովը նաև կոչ է անում մոնիտորինգի տակ գտնվող երկրներին՝ ջանքեր գործադրել՝ անդամակցության պարտավորությունների ամբողջական իրականացման ու պոստմոնիտորինգային ընթացակարգին անցնելու համար։

Վեհաժողովն այս համատեքստում Հայաստանի իշխանություններին, արդեն իսկ տեղի ունեցած համընդհանուր ընտրություններից հետո, կոչ է անում վերսկսել բարեփոխումները հիմնական ոլորտներում, ինչպիսիք են ընտանեկան բռնության դեմ պայքարի կամ ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման դեմ պայքարի օրենսդրության ընդունումը։

Վեհաժողովը կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել, որ բոլոր քրեական հետաքննությունները, ներառյալ 2008 թ. մարտին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին և կոռուպցիոն մեղադրանքներին վերաբերող, տեղի ունենան օրենքի գերակայության, դատական անկախության ու արդար դատավարության սկզբունքներին խիստ համապատասխան, ինչպես սահմանված է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայում։

ԵԽԽՎ ընդհանուր մոնիտորինգի տակ են գտնվում 10 երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մոլդովա, Ռուսաստան, Սերբիա, Թուրքիա և Ուկրաինա։ Եվս 3 երկիր գտնվում է հետմոնիտորինգային գործընթացում, որոնք են Բուլղարիան, Մոնտենեգրոն և Մակեդոնիան։

Նշենք, որ բանաձևն ընդունվել է 62 կողմ, 11 դեմ և 3 ձեռնպահ ձայներով։ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ձեռնպահ է քվեարկել, Հովհաննես Իգիթյանն ու Էդմոն Մարուքյանը կողմ։ Հիմնական անդամներից Նաիրա Զոհրաբյանը չի մասնակցել քվեարկությանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում