Կամերային նվագախումբը հանդես է եկել «Իտալական մոտիվներ» խորագրով համերգով

Կամերային նվագախումբը հանդես է եկել «Իտալական մոտիվներ» խորագրով համերգով

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համատեղ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպել է «Իտալական մոտիվներ» խորագրով համերգ: Միջոցառմանը հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:

Երեկոն իրենց ներկայությամբ պատվել են արտակարգ և լիազոր դեսպաններ, պաշտոնատար այրեր, արվեստագետներ: Միջոցառումն անցել է Կամերայինի տաք և հյուրընկալ լեփ-լեցուն դահլիճում՝ հանդիսատեսի ջերմ ծափահարությունների ներքո: Ներկայացվել են Մոցարտի, Վիվալդիի, Ռեսպիգիի, Ռոսսինիի ստեղծագործությունները։

Մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Միշել Լեգրանի հիշատակը:

Կենտրոնից հայտնում են, որ երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել դաշնակահար Ռիտա Կուչեն (Իտալիա), ով որպես մենակատար հանդես է գալիս Իտալիայում և ամբողջ աշխարհում մի շարք կարևոր նվագախմբերի հետ: Կուչեն ծնվել է իտալական Ալբենգա քաղաքում: Պատմում է՝ դաշնամուր սկսել է նվագել 5 տարեկանից, տատիկն էլ դաշնակահար է եղել: Փաստում է՝ առաջին անգամ է Հայաստանում: Մեր երկրում ներկայացրեց Մոցարտի Դաշնամուրի կոնցերտ թիվ 12-ը:

«Շատ ուրախ եմ, որ ստացա այստեղ հանդես գալու հրավերը, ուրախ եմ, որ ելույթ ունեցա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Մոցարտն իմ սիրելի կոմպոզիտորն է: Մոցարտի այս կոնցերտը շատ գեղեցիկ է, բայց բարդ գործ է»,-նշում է դաշանկահարուհին:

Ի դեպ, Կուչեն կատարել է նաև տարբեր ստեղծագործությունների ձայնագրություններ իտալական և արտասահմանյան ռադիո ու հեռուստաընկերությունների համար: Դաշնակահարուհին զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ, դասավանդում բուհերում և երաժշտական դպրոցներում:
Համերգի ավարտին հանդիսատեսը Կուչեին առանց «բիս»-ի բաց չթողեց:

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում