ԿԳՆ-ում տարեվերջյան պարգևատրումները կազմել են 61 մլն 231 հազար դրամ

ԿԳՆ-ում տարեվերջյան պարգևատրումները կազմել են 61 մլն 231 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: 2018 թվականի տարեվերջին ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցներին տրամադրվել են պարգևավճարներ՝ «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի խնայված միջոցների հաշվին՝ հաստիքային դրույքաչափի 0.8 գործակցով, ինչպես նաև «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներև հատուկ վճարներ» հոդվածի միջոցների հաշվին՝ հաստիքային դրույքաչափի 0.7-1.2 գործակիցներով, Aysor.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան հաղորդեցին կրթության և գիտության նախարարությունից։

Պարգևավճարները բաշխելիս, ըստ պատասխանի, հաշվի է առնվել յուաքանչյուր աշխատակցի կողմից կատարված աշխատանքների ծանրաբեռնվածությունը, աշխատանքի որակը և պատասխանատվության չափը։

«Ընդհանուր առմամբ, պարգևատրվել է 219 աշխատակից` ընդհանուր գումարով 61 231 926 ՀՀ դրամ», – նշված է ԿԳՆ պատասխանում։

Նախարարությունից հայտնեցին նաև, որ նախարար Արայիկ Հարությունյանը ևս ստացել է պարգևատրում, բոլոր աշխատակիցների նվազագույն գործակցի չափով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ արդարադատության նախարարությունում պարգևավճարները կազմել են դրույքաչափի 87 տոկոսը, սփյուռքի նախարարությունում դեկտեմբեր ամսվա պարգևատրումները կազմել են 6 մլն 656 հազար ՀՀ դրամ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 127 մլն դրամ։

Պաշտպանության, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման նախարարություններում ևս անմասն չեն մնացել պարգևավճարներից, սակայն այս նախարարություններից պարգևատրումների չափերի վերաբերյալ տվյալներ հարցմանը պատասխանելիս չտրամադրեցին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում