2.1 C
Yerevan

«Մենք դոնոր ազգ ենք»

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

«Իրատեսի» հյուրն է դերասան ԳԵՈՐԳԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ:

– Պարոն Հովակիմյան, Դուք դերասանի մասնագիտությանը տիրապետելու առաջին քայլերն արել եք Ձեր ծննդավայրում՝ Թբիլիսիի Ստեփան Շահումյանի (ներկայում՝ Պետրոս Ադամյանի) անվան դրամատիկական թատրոնին կից ստուդիայում: Առհասարակ թիֆլիսյան միջավայրին բնորոշ է թամաշայի, վառվռուն տարրերի առկայությունը, որն իր շեշտադրված արտահայտությունն է ստանում թատերական և կինոարվեստում: Այս իմաստով հայկական բեմերին, կինոմտածողությանը հարմարվելու դժվարություններ չե՞ք ունեցել:

– ՈՒնեցել եմ, բնականաբար: Յուրաքանչյուր մարդ մի տեղից մյուսը տեղափոխվելիս ունենում է որոշակի խնդիրներ: Բայց ես միշտ եմ ցանկացել տեղափոխվել Հայաստան: Բանակում ծառայելուց հետո որոշել էի գնալ Մոսկվա, ընդունվել ԹթԼԽ, բայց այդ հարցը ձգձգվեց, մինչև 1981 թվականը մնացի ու աշխատեցի Թբիլիսիում: Հետո ամուսնացա, ունեցա երեխա: Երբ երեխաս դարձավ վեց տարեկան, մոտեցավ դպրոց գնալու տարիքը, Հայաստան տեղափոխվելու մտադրությունն արդեն կոնկրետացավ: Թբիլիսիում հայկական դպրոցը, ցավոք, թույլ հիմքերի վրա էր, ես էլ դեմ էի, որ երեխաս հաճախի վրացական կամ ռուսական դպրոց: Այդպես եկանք Հայաստան: Կնոջս՝ դերասանուհի Սառա Համբարձումյանի հետ նախ գնացինք Սունդուկյանի անվան թատրոն, հանդիպեցինք Խորեն Աբրահամյանի հետ, որն այդ ժամանակ «Հացավան» ներկայացման վրա էր աշխատում: Լսեց մեզ, խոստացավ մեկ ամսվա ընթացքում պատասխանել: Հետո եղանք Փոսի թատրոնում, մեզ ասացին, որ դերասանի ազատ տեղ չունեն, որ դժվար թե կարողանան մեզ ընդունել: Հետո մեր բարեկամ Խաչիկ Չալիկյանից իմացանք, որ Հենրիկ Մալյանը թատրոն է ստեղծում, ու որոշեցինք դիմել նրան: Երբ մտանք նրա աշխատասենյակ, շատ ուրախացավ. պարզվեց մեզ ճանաչում է, տեսել է մեր խաղը և՛ Թիֆլիսում, և՛ երևանյան հյուրախաղերի ժամանակ: Նա հստակ ասաց, որ մենք աշխատանքի կանցնենք իր թատրոնում, ու այդպես հաստատվեցինք Երևանում: Իհարկե, անսովոր վիճակներ եղան, որոնց հարմարվեցինք: Նախ, Հայաստանում արվեստը, մշակութային միջավայրը ավելի լայն ընդգրկում ունեին: Թիֆլիսում մենք ավելի ինքնամփոփ էինք այն ժամանակ, վրացիների հետ գրեթե շփում չկար: Հիմա այդպես չէ, հայկական թատրոնն ավելի շատ է շփվում այլ թատրոնների հետ, դերասանները նկարահանվում են դրսում, համագործակցում օտարազգի ռեժիսորների և դերասանների հետ: Կամաց-կամաց հարմարվեցինք նոր մթնոլորտին: Իհարկե, Թիֆլիսի հսկայական՝ 1000-տեղանոց դահլիճից հետո վարժվել Մալյանի թատրոնի փոքրիկ բեմին ու 120- տեղանոց դահլիճին հեշտ չէր: Մալյանը հաճախ ասում էր. «Ժորա՛, ինչի՞ ես գոռում, հանգիստ խոսիր, էլի»: Իսկ ես դրան էի սովոր, Թիֆլիսի մեծ դահլիճում այդպես էի խաղացել: Իհարկե, նաև ոճական փոփոխություններ եղան մեզ համար: Թիֆլիսում ավելի շատ դասական ոճի մեջ էին խաղում, մեր կողքին կային դերասաններ, որոնք 1910-20-ական թվականներից էին եկել թատրոն: Օրինակ՝ Վրաստանի ժողովրդական արտիստ Վեներա Հակոբյանը, որի հետ կողք կողքի խաղացել ենք, թատրոնում է եղել դեռևս Սիրանույշի ժամանակներից, նրա խաղացած ներկայացումների ընդմիջումներին ելույթ է ունեցել: Իհարկե, Թիֆլիսում կային լավ ռեժիսորներ, լավ ներկայացումներ, բայց մեզ՝ երիտասարդներիս, ավելի շատ զբաղեցնում էին մասսայական տեսարաններում: Թերևս, 1970-ականների վերջին միայն սկսեցինք խաղալ նշանակալի դերեր: Հատկապես կինս էր ակտիվ, խաղում էր և՛ տղաների, և՛ աղջիկների դերեր: Այստեղ շատ բան ուրիշ էր, և մենք կարողացանք հարմարվել:

– Աշխատում եք Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, բայց պարփակված չեք միայն այդ թատրոնի սահմաններում. խաղացել եք Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում, Կամերային երաժշտական թատրոնում, «Մետրո» թատրոնում, Փոսի թատրոնում: Ասել է` պահանջված դերասան եք: Մալյանի թատրոնում խանդով չե՞ն վերաբերվում Ձեզ, երբ հաջողված կերպարներ եք ստեղծում այլ բեմերում:

– Չգիտեմ, երևի իրենց է պետք հարցնել: Բայց ինձ համար կարևոր էր հասկանալը, որ ես ցանկացած թատրոնում կարող եմ աշխատել: Դա երևի իմ բնավորությամբ է պայմանավորված, ես հեշտ եմ մերձենում մարդկանց հետ աշխատանքային վիճակներում: Գոնե ես չեմ նեղվել՝ լինելով այլ թատրոններում, խաղալով այլ թատերախմբերում: Ես ներողամիտ մարդ եմ, ամբիցիաներ չունեմ, սիրում եմ իմ աշխատանքը: Այս ամենը նպաստել է, որ ինձ կարողանամ դրսևորել տարբեր թատրոններում: Դա էլ էր ինձ համար մեծ դպրոց: Երբ խաղում ես տարբեր ոճեր ունեցող թատրոններում, հարմարվում ես այդ իրականությանը և ինքդ էլ քո կողմից ես ինչ-որ նորություն մտցնում դրանում: Կարծում եմ՝ ցանկացած դերասանի չի խանգարի ունենալ բազմազանության մեջ աշխատելու հնարավորությունը: Երբ դա չկա, մի տեսակ թթվում ես միևնույն վիճակի մեջ: Գուցե ոմանց համար դա էլ իր առավելությունն ունի, բայց ինձ համար տարբեր ռեժիսորների հետ աշխատելը, տարբեր ստեղծագործական մոտեցումների մեջ գտնվելը շատ հետաքրքիր է:

– Ռեժիսորների առումով, կարծում եմ, բողոքելու տեղ չունեք: Անգամ Փարաջանովի հետ եք աշխատել, խաղացել եք նրա «Աշուղ Ղարիբ» ֆիլմում: Դժվար չէ՞ր աշխատել, շփվել այդ անկանխատեսելի, ամենաբարդ խնդիրները կինոյում առաջ քաշող և իրագործող հանճարի հետ:

– Չէ՛, դժվար չէր. կարծում եմ՝ ցանկացած դերասան կարող էր աշխատել նրա հետ: Նա տրադիցիոն ռեժիսոր չէր, նրա ֆիլմերը զուտ ֆիլմեր չեն, դրանք գեղանկարչություն են, չգիտես, թե էլ ինչ են:

– Պլաստիկա են, պոեզիա…

– Այո՛, Փարաջանովի ֆիլմերում ամեն ինչ կա: Աշխատանքի ընթացքում նա ցույց էր տալիս, թե ինչ է իրեն պետք, և մենք անում էինք: Պիտի ասեմ, որ նա մեզ շատ ազատ էր թողնում: Ես այդ ֆիլմում նկարվեցի չորս-հինգ օր: Նկարահանումները կատարվում էին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքում՝ մի մեծահարուստի առանձնատանը, որը շատ գեղեցիկ էր, խճաքարերով զարդարված: Ես Փարաջանովին ծանոթ էի 1985 թվականից: Երբ լինում էի Թիֆլիսում, անպայման հյուր էի գնում նրան: Այն դերը, որ խաղացի ես, ի սկզբանե նախատեսված էր Ֆրունզիկ Մկրտչյանի համար: Բայց Ֆրունզիկը չկարողացավ մասնակցել նկարահանումներին, և շատ անսպասելի հրավիրվեցի ես: Առավոտ շատ վաղ ծեծեցին մեր դուռը, ես լարվեցի, անհանգստացա այդքան վաղ այցելությունից, վատ կանխազգացումով բացեցի փոստատարի բերած ծրարն ու կարդացի. «Արագ եկ Շեքի՝ նկարահանման: Փարաջանով»: Անհանգստությանը փոխարինեց այլ զգացողություն՝ ուրախությունից ծնկերս սկսեցին դողալ: Շատ հետաքրքիր էր աշխատանքը այդ ֆիլմում: Փարաջանովը իր ֆիլմերի հեղինակն է սկզբից մինչև վերջ: Մյուսների ներկայությունը զուտ պայմանական էր, բոլորի գործն ինքն էր անում: Եվ աննկարագրելի մարդ էր, հիանալի զրուցակից, պատմություններ էր պատմում՝ հնարովի, իրական: Հնարովին, իհարկե, ավելի շատ էր: Երբեք չէիր դադարում զարմանալուց:

– Հայ հանրությունը դերասանին առավելապես ճանաչում է կինոդերերի միջոցով: Ձեր խաղացած ո՞ր կինոդերն է առավել ժողովրդայնություն վայելում:

– Ես ավելի շատ խաղացել եմ փոքր դերեր: Ցավում եմ, որ հայ հասարակությանը ծանոթ չէ Կոնչալովսկու «Հիմարների տունը» ֆիլմը: Այն Վենետիկում արժանացել է գլխավոր մրցանակի: Ընդգրկված է եղել նաև «Օսկար» մրցանակաբաշխության ֆիլմացանկում: Այդ ֆիլմում իմ խաղացած կերպարը շատ հետաքրքիր է, ասելիքի առումով՝ հարուստ: Թեման ռուս-չեչենական պատերազմն է:

– Էդգար Բաղդասարյանի «Սիմոնի ճամփան» ֆիլմում աշխարհից կտրված գեղջուկի դեր եք կատարում, որն իր նման մի խումբ մարդկանց հետ ակամա հայտնվել է աշխարհաքաղաքական իրողությունների խաչմերուկում: Կարելի՞ է ասել, որ հայ մարդը, որտեղ էլ ապրի, ինչ հետաքրքրությունների ու նպատակների ուղեծրում էլ գտնվի, միևնույն է դառնում է խոշոր անցուդարձերի առանցք:

– Այո՛, այդպես է: Բայց իմ խաղացած կերպարը նաև ունի իր առանձին կյանքը: Լինելով այդ գեղջկական հասարակության մեջ՝ նա առանձնանում է բոլորից, տարօրինակ հագուկապ ունի, տարօրինակ պահելաձև, որը զարմացնում է մյուսներին: Նա իր շուրջը կատարվող իրադարձություններից վեր է դասում իրեն, և դա ներկայացվում է հումորով:

– Կարճամետրաժ մի ֆիլմում եք նկարահանվել՝ «Անպետքը», որն արժանացավ մասնագետների ու հանդիսատեսի հակասական գնահատականներին: Այդուհանդերձ, կարևոր մի ուղերձ կար այս ֆիլմում՝ մարդուն ապրեցնողը ուրիշին օգտակար լինելու գիտակցումն է: Մարդն ավելի շատ ապրում է ուրիշների՞, թե՞ իր համար:

– Ւսկ ինչո՞ւ ոչ: Երբ մարդու մեջ առաջանում է այն կասկածը, որ նա այլևս անելիք չունի, որ իր կյանքն ավարտված է, և երբ այս մտքերը նրան հասցնում են դեպրեսիայի, մարդը որոշում է ինքնասպանություն գործել: Եվ հանկարծ պարզվում է, որ ինքն ինչ-որ մեկին պետք է, հանկարծ հասկանում է, որ ինքն իզուր չի ապրում: Սա նրան հետ է պահում իր մտադրությունից: Այո՛, մարդիկ պիտի իմանան, որ իզուր չեն ապրում, որ պետք են մեկմեկու: Այս գիտակցումից կյանքը դառնում է լիարժեք, գունեղ, իմաստալից: Էլ ինչի՞ համար ես ապրում, եթե չպիտի օգնես մարդկանց, չպիտի նկատես, գնահատես ուրիշներին: Եթե այս մտածողությունը համատարած լինի, ինձ թվում է՝ պատերազմներ չեն լինի:

– Այնինչ կյանքը ցույց է տալիս, որ երկրագունդը անվերջանալի պատերազմների հորձանուտում է, և դրանից զերծ չէ նաև մեր հայրենիքը:

– Ցավոք, այդպես է: Միշտ մտածում եմ, թե ինչու են մեզ անընդհատ խփում, ոտնահարում, ճնշում: Փա՜ռք Աստծո, այդքանով հանդերձ, մենք կարողանում ենք վերապրել:

– Կարծես թե այս մոլորակի վրա մեզ վիճակված գլխավոր առաքելությունը հենց վերապրելու առաքելությունն է, այո՞:

– Փաստորեն այդպես է ստացվում: Բայց բոլոր դեպքերում մենք դոնոր ազգ ենք. գնում-խառնվում ենք այլ ազգերի, այլ պետությունների և նպաստում ենք, որ նրանց մշակույթը, տնտեսությունը, գրականությունը, մյուս ասպարեզները վերելք ունենան: Հետաքրքիր գեն է հայի գենը: Ես դա նկատել եմ նաև այն քաղաքում, որտեղ ծնվել-մեծացել եմ: Մեզ՝ հայերիս, խանդով էին նայում վրացիները:

– Այո՛, հային հալածելու հիմնական պատճառը նրա արժանիքներն են, այն դեպքում, երբ տրամաբանորեն դրանք պիտի հիացմունքի, գնահատանքի առիթ տային:

– Իսկապես, մեր գլխին անվերջ խփում են, որ հանկարծ աչքի չընկնենք, մեր որակները ցույց չտանք: Ցավալի փաստ է սա: Ես շատ եմ սիրում աշխարհը, բայց այդ աշխարհում մեծ անարդարություններ են կատարվում մշտապես: Տարիներ առաջ մեկնում էինք Կանադա հյուրախաղերի, ինքնաթիռով թռչում էինք տասը ժամ: Վերևից նայում էի երկրագնդին ու մտածում, որ ինչ-որ տեղերում մարդիկ իրար միս են ուտում, իրար են սպանում՝ չգիտես ինչի համար: Երկրի վրա այդ պատճառները շատ մեծ ու կարևոր են թվում, իսկ երբ երկնքից ես նայում, դրանք այնքա՜ն փոքր են, այնքա՜ն ճղճիմ: Մի՞թե էս հարցերը լուծում չունեն: Բայց մեկ էլ նայում ես, որ քո պատմական հուշարձաններն են քանդում, պղծում: Ի՞նչ անենք, չփրկե՞նք: Դե դա էլ նշանակում է, որ պիտի կռիվ տաս, քոնը պաշտպանես, ու դա դառնում է պատերազմ: Ինչո՞ւ է էսպես. թող բոլոր հուշարձաններն էլ պահպանվեն, մերն էլ, ուրիշինն էլ, ինչ է, չի՞ կարելի: Մեզ զոռով ստիպում են պատերազմել, չնայած շատ խաղաղասեր ազգ ենք: Մեր գենի մեջ պատերազմելու մղումը չկա, մենք պատերազմում ենք պաշտպանվելով: Եվ եթե պաշտպանվելով հաղթում ենք, ինչպես ղարաբաղյան պատերազմի դեպքում, փա՛ռք Աստծո:

– Ի՞նչ ստեղծագործական նախագծերում եք ներգրավված վերջին շրջանում:

– Վերջին երկու-երեք տարիներին կինոյում զբաղվածությունը բեղմնավոր էր՝ հատկապես կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի շնորհիվ: Նկարահանվել եմ «Կյանք ու կռիվ», «Հոսանքին հակառակ», «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմերում: Երկու տարի առաջ «Հերոկրատիա» վրացական քաղաքական սերիալում եմ նկարվել: Անցյալ տարվա հոկտեմբեր ամսին եմ նկարահանվել մի ֆիլմում, որի պրեմիերան երևի կլինի մարտ ամսին: Կոչվում է «ԱԿԱ»: Ռեժիսորն է Արմեն Միրզոյանը: Կարծես թե մեծ գումարներ են ներդրված ֆիլմի վրա, ռուսաստանաբնակ հայ մարդ է հովանավորը: Հուսամ՝ հետաքրքիր ֆիլմ կլինի: Նույն այդ մարդկանց նախագծով պատրաստում ենք ներկայացում ղարաբաղյան պատերազմի թեմաներով: Նախնական վերնագիրն է «Անմահների երկիրը»: Ներկայացումը կլինի պատանի հանդիսատեսի թատրոնում: Ծրագիր ունենք ֆիլմ անելու Վարդան Մամիկոնյանի դստեր՝ Շուշանիկի մասին: Սա հայ-վրացական նախագիծ է: Շեշտադրվում է այն գաղափարը, որ Շուշանիկը կարողացավ վրացիներին հետ պահել քրիստոնեությունից հրաժարվելու մտադրությունից: Գրական հենքը Հակոբ Ցուրտավելու վկայությունն է՝ «Շուշանիկի տանջանքները» վերնագրով: Կարծում եմ՝ սա նույնպես հետաքրքիր գործ կլինի: Հանդիսատեսն է տալու, ի վերջո, մեր աշխատանքի գնահատականը:

Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Աղբյուր՝ Irates.am

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...