Հյուսիսային պողոտայի երգող «բնակիչը»

Հյուսիսային պողոտայի երգող «բնակիչը»

«Մարդիկ ինձնից շուտ հավաքվում սպասում են էն տարածքում, որտեղ երգում եմ»,- պատմում է Քրիստինա Սահակյանը: Իսկ այդ տեղը Հյուսիսային պողոտան է, որտեղ ամառային ամեն երեկո կարելի է ունկնդրել ազգային երգերը կիթառով նվագող աղջկան` Քրիստինային:

Հյուսիսայինի` կիթառով աղջիկը (այսպես են նրան ճանաչում անցորդները) ծնվել ու ապրել է Մոլդովայում եւ միայն 18 տարեկանում տեղափոխվել Հայաստան։ «Հենց երկնքից աստղ էր ընկնում, առաջին երազանքը, որ պահում էի, Հայաստան տեղափոխվելն էր»,- ասում է ու ինքն էլ զարմանում, թե ինչպես է հնարավոր 18 տարի ապրել մի վայրում, բայց հարազատ համարել ու կարոտել մեկ այլ վայրը: Հայաստան տեղափոխվելուց հետո նա գտավ իր հարցի պատասխանը։

«Այստեղ չկա էն համատարած անտարբերությունը, որ տեսել եմ դրսում, մարդիկ զգացմունքային են, ջերմ, պատրաստ օգնելու: Դրանում համոզվեցի հենց առաջին օրերից, երբ ամեն քայլափոխի կորում էի քաղաքում, ու դեռ չէի էլ հասցնում անհանգստանալ, երբ օգնող մեկը գտնվում էր: Ես էդ ժամանակ դեռ հայերեն նորմալ խոսել չգիտեի»,- ասում է Քրիստինան, փակում է երեսն ու ծիծաղում:

Հայերեն խոսել սովորեց ֆիլմերի միջոցով, իսկ տառերը սովորեցրին կուրսընկերները՝ Մշակույթի համալսարանում, ուր ընդունվել էր Հայաստան գալուն պես: «Էստրադայի բաժնում էի երգում, ռուսերեն, անգլերեն, գործնականում ստացվում էր, բայց ինչ-որ բան պակասում էր զգացմունքային դաշտում, սիրտս չէր կպչում արածս գործին: Ձանձրալի որոնումների մեջ էի, երբ շատ պատահական իմացա «Կոմիտաս» խմբի մասին։ Առանց երկար մտածելու, որոշեցի դիմել: Ընդունելության համար կատարածս երգը, որքան էլ զավեշտալի է, անգլերեն էր: Ձայնս հավանեցին, բայց խմբում երգելու համար ազգային ու ժողովրդական երգերը պարտադիր պայման էին: Ես ստացա երկու ժողովրդական երգ եւ շատ քիչ ժամանակ՝ դրանք սովորելու համար»,- հիշում է մեր զրուցակիցը։

Հայերեն երգի բառերը լատինատառ գրեցին Քրիստինայի համար. նա հայերեն դեռ վարժ չէր կարդում: «Սովորեցի՝ բառերի մեծ մասը չհասկանալով, առաջին երգի կատարման մասին չեմ ուզում խոսել (ծիծաղում է), դա պետք էր լսել ուղղակի»,- ասում է Քրիստինան։ Իսկ երկրորդ երգը` «Մախմուր աղջիկը», տպավորել էր եւ իրեն, եւ ղեկավարներին:

«Ասացին, որ դա իմ ոճն է, ձայնս համապատասխանում է, ակցենտս էլ սիրունացնում հնչողությունը»,- պատմում է նա: Շուտով Քրիստինան մի ամբողջ համերգ երգեց հայերեն։ «Ես կամաց-կամաց հասկացա, որ երկար ժամանակ փնտրածս գտել եմ, գտել եմ երգի ու երաժշտության տեսակ, որ ինձ շատ հոգեհարազատ է, որ չնայած բարդ է սովորելը, բայց ես չեմ վախենում»,- հիշում է նա։ Հաջորդ խումբը, որտեղ սկսեց երգել Քրիստինան, «Վանատուրն» էր. «Այս խումբը ազգային երգերը մատուցում էր նոր, ժամանակակից գործիքավորմամբ: Ինձ գրավեց հատկապես կիթառի ու հայկական երաժշտության միաձուլումը, մի օր չդիմացա, վերցրի ու ինքս փորձեցի նվագել: Լսողությամբ մի քանի հնչյուն նվագեցի, հետո գտա նաեւ շարունակությունը, սկսեցի երգել մեկտեղ… եւ որքան էր ինձ դուր գալիս այդ կոմպոզիցիան…»։

Կիթառի հետ ընկերությունը Քրիստինան սկսել է վաղ տարիքում, երբ չնայած դաշնամուրի ուսուցչուհու խնդրանք-պահանջներին, թողել է դաշնամուրի դասերն ու գնացել կիթառի խմբակ: Իր խոսքով՝ կիթառը դեռ երկար պիտի ուղեկցի իրեն։ Քրիստինան հայերենի պատնեշը հաղթահարած է համարում: Հիմա իր հայերեն տեքստերն ինքն է գրում, վարժ կարդում է ու լավ հասկանում: Սրանով էլ չի սահմանափակվում, սկսել է համշենահայերեն երգեր երգել:

«Ես իմ երգերը յութուբով էի փնտրում հիմնականում, մի անգամ շատ սիրուն երաժշտությամբ երգ գտա, օտարալեզու թվաց, բայց ընթացքում հայերեն բառեր լսեցի: Այդ երգը երգեցի, ձայնագրությունը դրեցի յութուբում, ու ինձ գտավ համշենահայկական երգերով զբաղվող մի խումբ, հետո նաեւ հայերեն երգերը համշենահայերեն թարգմանող մի մասնագետ: Նրանց միջոցով ծանոթացա համշենահայերի պատմությանը եւ հատկապես երաժշտությանը: Պատմությունը ուսումնասիրելուց հետո, որոշեցի անուշադրության չմատնել, ախր դա էլ մերն է ու մեր մշակույթի մի մասը»,- ասում է երգող աղջիկը։

Հիմա Քրիստինայի երգացանկում կան բազմաթիվ համշենահայերեն երգեր, որոնք հնչում են նաեւ Հյուսիսային պողոտայում: Քրիստինան աշխատել է տարբեր սրճարաններում, երգել բազմաթիվ այլ խմբերում։ Ասում է. «Ես գնում էի բոլոր հնարավոր ճանապարհներով, որ գտնեի նորմալ աշխատանք, որովհետեւ սրճարաններում մի օր զանգում էին, մի քանի օր չէ: Հոգնել էի ինչ-որ մեկից կախված լինելու մտքից»։ Սա էլ դարձավ պատճառ, որ Քրիստինան սկսեց Հյուսիսային պողոտայում երգել: Հենց առաջին օրը հավաքվեցին մարդկանց մեծ խմբեր, ու մինչեւ ուշ երեկո Քրիստինային հանգստանալու րոպե չտվեցին: Շուտով հայտնվեցին նաեւ նրա աշխատանքով հետաքրքրված մարդիկ, որոնք օգնեցին նոր տեխնիկա գնել, ձայնագրվել ստուդիայում, հրավիրեցին աշխատանքի: Տիկին Ալինան` Քրիստինայի մայրը, հենց առաջին օրից աղջկա հետ է եղել փողոցում. «Հյուսիսային գնալու մտքով «կիսվեց», չմերժեցի, բայց ամեն օր իր հետ գնում էի, նստում կողքին՝ մինչեւ կվերջացներ. դե հազար տեսակի մարդիկ են անցնում, վախ կար ամեն դեպքում»:

ԱԻԴԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում