Հովհաննես Գալստյանը ջրադուլ կանի ծայրահեղ դեպքում

Հովհաննես Գալստյանը ջրադուլ կանի ծայրահեղ դեպքում

Փետրվարի 3-ից խորհրդարանի շենքի մոտ հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն այսօր ասուլիսում հայտարարեց. «Մարտի 1-ից պետք է սկսվի մեր նկարահանումների նախապատրաստական աշխատանքները եւ մարտի 1-ից ես պետք է դուրս գամ նկարահանման հրապարակ: Վերջ, այլ տարբերակ չկա. Կլինի դա հացադուլի՞ միջոցով, կլինի ջրադուլի միջոցով…»,- այսօ: Կինոռեժիսորն ասում է, կդիմի նաեւ հասարակության աջակցությանը, դեսպանատներին, միջազգային հանրությանը, որ իր երկրում ստեղծագործողի իրավունքները ոտնահարվում են:

Ազգային Կինոկենտրոնի` երեկ կայացած ասուլիսից եւ Նազենի Ղարիբյանի հայտարարություններից ինքը հասկացել է, որ «իշխանությունը ժանիք է ցույց տալիս իրենց դեմ», ցանկանում են ոչնչացնել այդ ֆիլմը, քանի որ ինքը դուրս է եկել պետական համակարգի դեմ եւ հայտարարում է, որ կինոյի կառավարման պետական համակարգը սխալ է:

Կինոռեժիսորն ասում է, որ հացադուլը հեշտությամբ է տանում, բայց ջրադուլի կդիմի միայն ծայրահեղ դեպքում: Իրեն չեն ջլատի, քանզի, ի դեմս Ազգային կինոկենտրոնի եւ մշակույթի նախարարության, գործ ունի «դաժանագույն ոսոխի հետ, բայց այդ ոսոխներին ես կտապալեմ, որովհետեւ իրենք Հայաստանում անկախ ֆիլմարտադրողին տանում են ոչնչացման»: Նա փաստում է, որ Հայաստանի կինոյի արտադրության մեջ, իր ղեկավարած կառույցը ամենաշատ միջազգային համագործակցությունն ունի եւ իր ղեկավարած ընկերությունում ամենաշատ միջազգային ներդրումներն են եղել:

Նա ասաց, որ նախորդ անգամ, երբ դեռ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո դադարեցրել է հացադուլը, եղել է հստակ հանձնարարական`գումարը փոխանցելու: Բայց, ոչ գրավոր, այլ բանավոր. «Քանի որ ձայնագրվում էր, ես պահանջում եմ, խնդրում եմ Լիլիթ Մակունցին, որպեսզի հրապարակեն այդ ձայնագրությունը, որպեսզի Կինոկենտրոնի տնօրենը չմեղադրի Լիլիթ Մակունցին`ստախոսության մեջ: Եղել է հստակ հանձնարարական`սկզբում 55 միլիոն դրամի պայմանագիրը կնքել, հետո` 15 միլիոնինը եւ հստակ ժամանակացույցը հաստատել»: Ըստ կինոռեժիսորի` չհրապարակելով ձայնագրությունը, Լիլիթ Մակունցը վտանգի տակ է դնում իր անունը:

Իսկ հացադուլը կշարունակի այնքան, մինչեւ ինքը կհավաքի ֆիլմի նկարահանումները ավարտին հասցնելու համար անհրաժեշտ գումարը:

Կինոռեժիսորը վստահ է`խորհրդարանում եւ կառավարությունում կան ողջամիտ մարդիկ` կբանակցեն, եզրեր կգտնեն: Այսօր բողոքի ցույցի մասնակիցները կլինեն նաեւ կառավարության շենքի մոտ եւ կպահանջեն հանդիպում`վարչապետի հետ: Այնուհետեւ կշարունակի հացադուլը Մատենադարանի մոտ:

Նոր Հայաստանում կինոռեժիսորը նման զարգացումների չէր սպասում, բայց չի ընկճվելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում