ՖԱԼ-ի Գավաթ. «Փյունիկը» ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի երրորդ դիվիզիոնի թիմի հետ

ՖԱԼ-ի Գավաթ. «Փյունիկը» ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի երրորդ դիվիզիոնի թիմի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի Գավաթի խաղարկության առաջին խաղում Երևանի «Փյունիկը» Կիպրոսում մրցել է ռուսական «Մուրոմի» հետ և ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտել հանդիպումը:

Հատկանշական է, որ հանդիպման հաշիվը խաղի 9-րդ րոպեին բացել է «Փյունիկի» 22-ամյա կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը: Ռուսական թիմի ֆուտբոլիստները հաշիվը հավասարեցրել են 79-րդ րոպեին, իսկ Տալալաևի սաները 83-րդ րոպեին մնացել են 10 հոգով, երբ Մաքսիմ Տրուսևիչը, ստանալով 2-րդ դեղին քարտը, հեռացվել է խաղադաշտից:

Նշենք` «Մուրոմը» հանդես է գալիս Ռուսաստանի երրորդ դիվիզոնի առաջնության «Հարավ» գոտում: 15 տուրից հետո թիմն իր ակտիվում ունի 21 միավոր և 13 թիմերի պայքարում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

«Մուրոմն» ու «Փյունիկը» ներկայացնում են A խումբը:

Բացի այս թիմերից, խմբում հանդես են գալիս նաև «Մորդովիան» (Սարանսկ) և «Ռոտորը» (Վոլգոգրադ):

ՖԱԼ-ի Գավաթի շրջանակում «Փյունիկը» հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 11-ին` մրցելով «Մորդովիայի», իսկ փետրվարի 14-ին Անդրեյ Տալալաևի սաները կմրցեն «Ռոտորի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում