ԵԽԽՎ նախագահը նորմալ է համարում ՀԱԿ ակտիվիստների կազմակերպած բողոքի ակցիան

Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական միության անդամներն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց, որտեղ տեղի է ունեցել ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը, բողոքի ցույց են անցկացրել:

«Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մոտ հավաքված ՀԱԿ անդամները վանկարկում էին ազատություն և հիշեցնում, որ Տիգրան Առաքելյանը մինչև օրս քաղբանտարկյալ է: «Եկել եք ստեղ, որ ի՞նչ անեք», «Մենք ազատ հեռուստաընկերություն ենք ուզում», «Դադարեցրեք ճնշումը», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Մի հովանավորեք բռնապետին» գրությամբ պաստառներով ՀԱԿ կողմնակիցները եվրոպացի հյուրի ուշադրությունն էին փորձում դարձնել հայաստանյան այդ խնդիրների վրա: Բացի ՀԱԿ կողմնակիցներից, հյուրանոցի դիմաց արդար քննություն էին պահանջում նաև բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը:

Հիշեցնենք, որ ցուցարարները նախօրոք հայտարարություն էին տարածել, որտեղ նշված էր.«Հայաստանում ամենաթողության, երկրի հանցավոր կառավարման, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման պատճառներից մեկը այդ երևութների նկատմամբ միջազգային հանրության’ տվյալ պարագայում ԵԽԽՎ-ի ոչ համաչափ արձագանքն է»:

Այս ամենի վերաբերյալ Panorama.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնն ասել է, որ հարցին պատասխանելիս պետք է հիմնվի ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցների վրա, որոնք հրապարակվում եմ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի իմացությամբ:

«Ցանկացած դատավճիռ պետք է օրենքի հիման վրա լինի և մենք բոլոր անդամ երկրներին կոչ ենք անում կատարել օրենքի պահանջները և մենք’ ինքներս էլ օրինակ ենք ծառայում: Իսկ ընդդիմության ակցիաները նորմալ են: Շատ երկրներում են ընդդիմադիրները բողոքի ակցիա կազմակերպում: Մենք ուզում ենք, որ խոսքի ազատությունը հարգվի, մամուլն ազատ լինի», -հավելել է ԵԽԽՎ նախագահը:

Նայելով իր ճեպազրույցին ներկա լրագրողներին, Մինյոնն ասել է, որ զգում է’ Հայաստանում մամուլն ազատ է: «Կա մեծամասնություն, կա փոքրամասնություն, եղել են ընտրություններ և որոշ մարդիկ երջանիկ են, որոշները’ ոչ:

Օրինակ, իմ կուսակցությունը նախկինում իշխում էր Ֆրանսիայում, իսկ այժմ ես ընդդիմություն եմ, և ինչպես տեսնում եք, ես ինձ լավ եմ զգում: Եվ շատ նորմալ է, որ կա ընդդիմություն, կա մեծամասնություն: Ի վերջո, փոքրամասնությունը ստիպում է մեծամանսությանը լավ աշխատել, և չունենալով ընդդիմություն, չի լինի ժողովրդավարություն», -նշել է ԵԽԽՎ նախագահը:

Հարցին, թե ինչու են փորձում եվրոպացի հյուրերի ուշադրությունը հրավիրել խնդիրների վրա, եթե Ժան Կլոդ Մինյոնն ասաց, որ նորմալ է, երբ նման ակցիաներ են իրականացվում, ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց հարցով. «Մի հատ դուք հարցրեք’ ինչու համազեկուցողները չեն գալիս Հայաստան, անտարբեր են Հայաստանի նկատմամբ:

Չեն գալիս, որովհետև աչքաթող են արել Հայաստանը, որովհետև նրանց չի հետաքրքրում ինչ է կատարվում այստեղ, և Հայաստանը մեծ երկրների համար հետաքրքրություն չի ներկայացնում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում