Հունիսի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին։
Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին Եվրախորհրդում Հայաստանի նախագահության գերակայություններին առնչվող մի շարք հարցեր, այդ համատեքստում ԵԽ Նախարարների կոմիտեի և ԵԽԽՎ համագործակցությունը:
Անդրադառնալով նախորդ օրերին Երևանում կայացած ԵԽԽՎ բյուրոյի և մշտական կոմիտեի նիստերին՝ Ժան-Կլոդ Մինյոնը նշեց, որ դրանք կազմակերպված էին բարձր մակարդակով և առաձնանում էին բովանդակային քննարկումներով և արդյունավետությամբ:
ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն ու ԵԽԽՎ ղեկավարը մտքեր փոխանակեցին ԵԽ անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ու խոսքի ազատության ապահովման և ժողովրդավարության ամրապնդման հարցերի շուրջ։
Զրուցակիցներն անդրադարձան Հարավային Կովկասի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին։