Լրացավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործունեության 5-ամյակը

Հունիսի 1-ին լրացավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեության 5-ամյակը, որն Ընկերությունը դիմավորեց իրականացված բազմաթիվ նախագծերով և զարգացման խոստումնալից ծրագրերով:

Մի քանի օր առաջ՝ Հայաստանի Առաջին հանրապետության տոնին, Գյումրիում շահագործման են հանձնվել երկու խոշոր կառույց՝ լոկոմոտիվային և վագոնավերանորոգման դեպոները, որոնք հիմնվել են դեռ 1899 թվականի փետրվարի 7-ին, երբ Թիֆլիսից Ալեքսանդրապոլ էր ժամանել առաջին գնացքը:

Դեպոների վերակառուցումը տևեց մոտ 2 տարի: Օբյեկտների վերաբացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, “Ռուսական երկաթուղիներ” ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, “ՀԿԵ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Հայաստանի տրանսպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-պատվիրակ Սերգեյ Օվերչենկոն, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Վրացական երկաթուղիների գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեն և այլ պաշտոնատար անձինք:

Անցած 5 տարիների ընթացքում մեծ գումարներ են ներդրվել երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման մեջ: «ՀԿԵ» ՓԲԸ ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է մոտ 90 մլրդ դրամ, իսկ 2013 թվականի ներդրումները կկազմեն մոտ 6 մլրդ դրամ:

Այս տարիներին Հայաստանում կառուցվեցին և վերակառուցվեցին բազմաթիվ երկաթուղային օբյեկտներ: Միայն 2012 թվականին շահագործման են հանձնվել 3 խոշոր երկաթուղային կամուրջներ, որոնց թվում նաև Հայաստանի ամենահին Զամանլուի երկաթուղային կամուրջը:

Ենթակառուցվածքի արդիականացման ծրագրի շրջանակներում, մասնավորապես, վերանորոգվել են 286,5 կմ գիծ, 52 գծանց, 35 կամուրջ, 132,2 կմ կոնտակտային ցանց:

Էական արդյունքներին Ընկերությունը հասավ նաև երկաթուղային բեռնա և ուղևորափոխադրումների ոլորտում: Օրինակ, բեռնափոխադրումների ընդհանուր ծավալում երկաթուղային բեռնափոխադրումների մասնաբաժինը 2012 թվականի արդյունքներով կազմեց 34,2%՝ 2008 թվականի 29,3% դիմաց:

Իսկ միջազգային ուղևորափոխադրումների ծավալը 2008-ի հետ համեմատ եռապատկվեց. միայն Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնող ուղևորների թիվն աճեց 6 անգամ:

2008-ի հետ համեմատ մերձքաղաքային ուղևորափոխադրումների ծավալը նույնպես աճեց՝ 29%-ով:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն շարունակելու է Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման իր ծրագրերի իրականացումը: 2013-2015 թթ համար Ընկերության գործունեության առաջնահերթություններն են լինելու Գյումրու դեպոների վերակառուցման ծրագրի ավարտը, վագոնների սպասարկման համակարգի ներդրումը և գծի ենթակառուցվածքի և թունելների արդիականացումը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում