Ջավախքում՝ Դամալայի տոնի շրջանակներում, հանդիպել են Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների փոխնախագահները (տեսանյութ)

Երեկ Սամցխե-Ջավախքում Ասպինձայի շրջանի հայաբնակ Դամալա գյուղի տոնի շրջանակներում հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Զվիադ Ձիձիգուրին։ Վերջիններից բացի տոնական միջոցառմանը մասնակցել և ոչ պաշտոնական շփումներ են ունեցել նաև երկու երկրների խորհրդարանների պատգամավորներ։ Այս մասին հայտնում է Tert.am-ը:

ՀՀ Ազգային ժողովից, մասնավորապես, ներկա են եղել նաև պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Արթուր Գևորգյանը, Վահե Հակոբյանը, Հովհաննես Սահակյանը, Արծվիկ Մինասյանը, Էդմոն Մարուքյանը և Արման Սահակյանը։ Հենց վերջինիս հրավերով էլ պատգամավորները այցելել են Ջավախք։ Բացի պատգամավորները, Ջավախք է մեկնել նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը։

Դամալա գյուղի տոնը նշվում է արդեն վեցերորդ տարին: Նախաձեռնողը արմատներով դամալացի գործարար–բարերար Սոս Սահակյանն է, ով ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի հայրն է:

Սոս Սահակյանի նախաձեռնությամբ տոնական միջոցառման սկիզբը դրվել է Դամալա գյուղին օժանդակության համար գումարի հանգանակության մարաթոնով, ինչի արդյունքում հիմնականում արտերկրում բնակվող դամալացիների հանգանակության շնորհիվ հավաքվել է շուրջ 80 000 հազար ԱՄՆ դոլար:

Ինչպես հայտնում է Akhaltskha.net կայքը, միջոցառմանը Սոս Սահակյանը շնորհակալություն հայտնելով ներկաներին, ինչպես նաև հանգանակության մասնակիցներին՝ նշել է, որ Դամալա գյուղի օժանդակության ծրագիրը ավելի մեծ հնարավորություններ ունի:

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Ջավախքում են ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի հրավերով՝ մասնակցելու պատմական գյուղ Դամալայի տոնին, որի շրջանակներում հանդիպել են վրաց գործընկերների հետ՝ քննարկել Ջավախքի խնդիրները: «Հիմնադրամը նախաձեռնել է բարեգործ Սոս Սահակյանը: Մեծ տոնակատարություն տեղի ունեցավ: Մշակութային միջոցառմանը մասնակցեցին վրաց և հայ խորհրդարանի պատգամավորները՝ նշելով 1918թ.-ի հայերի փառավոր հաղթանակը թուրքական կանոնավոր բանակի դեմ»,- ասել է նա։

Շարմազանովը նաև հայտնել է, որ միջոցառումից հետո տեղի է ունեցել հանդիպում վրացի պատգամավորների հետ, ինչպես նաև ինքը և Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Զվիադ Ձիձիգուրին առանձին զրույցում կարևորել են նման միջոցառումների դերը հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում: Նաև խոսել են քաղաքական, տնտեսական, սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների մասին:

Ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահի, պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնական քայլեր կատարել գյուղի ճանապարհաշինության, դպրոցի վերանորոգման համար, որին կօժանդակի նաև Սահակյան ընտանիքը:

Էդուարդ Շարմազանովը ավելացրել է, որ ամսվա վերջին պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել նաև Վրաստանի մայրաքաղաքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում