Կենսաթոշակների վճարման ցուցակները տպարգրվել են, սակայն կան տեխնիկական թերություններ

Կենսաթոշակների, նպաստների կամ պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման հարցը, ի տարբերություն նվազագույն աշխատավարձի’ հուլիսի 1-ին նախատեսված 30% բարձրացմանը, դեռևս փոփոխություն չեն կրի. այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

«Կառավարության առաջիկա նիստում կքննարկվի նվազագույն ամսական աշխատավարձերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվել է հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը դարձնել 45 հազար դրամ և այդ օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ քննարկմանը կներկայնցվի»,– ասաց նա։  Այս մասին հայտնում է Tert.am-ը:

«Իսկ ընդհանրապես պետական ծառայության համակարգի աշխատավարձերի չափերին անդրադարձ կկատարվի 2014թ-ի հունվարի 1-ից, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների մասով, որը կլինի 2014թ-ի պետական բյուջեի շրջանակներում»,- ավելացրեց նախարարը։

Հարցին, թե նվազագույն աշխատավարձի 10 հազար դրամով բարձրացումը ինչ կտա գազի գնի բարձրացման պահամաններում, նախարարը պատասխանեց, թե իրենք փորձում են խնդիրը կամաց-կամաց լուծել։

«30%-ով ավելացնում է նվազագույն աշխատավարձը և մեր հիմնական նպատակը աշխատող աղքատների խնդրի աստիճանական լուծումն է։ Այսինքն՝ այն չափը, որ առաջարկվում է՝ 45 000 դրամը, դա այսօրվա աղքատության գծից ավելի բարձր նվազագույն աշխատավարձր չափ է»,- ասաց Արտեմ Ասատրյանը։

Ինչպես հայտնում է Panarmenian.net-ը, հունիսի մեկից կենսաթոշակների վճարման ցուցակները տպարգրվել են նոր տեղեկատվական շտեմարանների հիման վրա, իսկ վճարումներն արդեն սկսված են: 

Արտեմ Ասատրյան նշեց, որ կան տեխնիկական թերություններ, իրականացվում է ճշգրտում, աշխատանքները շարունականան են: Նախարարը նկատեց, որ նոր տեղեկատվական շտեմարանների արդյունքում գործառույթներն ավտոմացտացվել են, բոլոր տարածքային բաժինները հանձնարարական են ստացել, որ խնդիրները լուծվեն շատ կարճ ժամկետներում: Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ շուրջ երեք հազար տվյալների ճշգրտման խնդիր կա:

«Ես իրավիճակը գնահատում եմ աշխատանքային: Նոր տեղեկատվական շտեմարանում գործառույթները ավտոմատացված են, համակարգն է հաշվառում անձին, նրա թոշակի չափը, եթե տվյալները ճշգրիտ չեն, նրանք չեն ներառվում: Իսկ կան մի շարք տվյալներ, որոնք ի սկզբանե սխալ են»,- բացատրեց նախարարը:

Նա նկատեց, որ խնդիրը միայն տեխնիկական չէ, բովանդակային էլ է: Նախարարն ընդգծեց, որ թոշակ ստանալու են միայն այն քաղաքացիները, ովքեր ունեն դրա իրավունքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում