Կառավարությունն առաջարկում է անազատության մեջ գտնվող անձի փախուստի դեպքում որոշակիացնել պատասխանատվության մեխանիզմները

Կառավարությունն առաջարկում է անազատության մեջ գտնվող անձի փախուստի դեպքում որոշակիացնել պատասխանատվության մեխանիզմները

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն առաջարկում է որոշակիացնել օրենքը՝ անազատության մեջ պահվող անձի՝ ոչ միայն քրեակատարողական հիմնարկներից, այլ նաև տարբեր վայրերից փախուստի դեպքում պատասխանատվություն սահմանելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 8-ին Ազգային ժողովում Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը:

«Օրենքի 355-րդ հոդվածով նախատեսված է, որ քրեական պատասխանատվություն է նախատեսված քրեակատարողական հիմնարկներից, ազատազրկման պահման վայրերից կալանավորվածների և ձերբակալվածների պահման վայրերից փախուստի համար: Սակայն պրակտիկայում շատ են եղել դեպքեր, երբ օրինական կարգով անազատության մեջ պահվող անձը փախուստի դիմել է ոչ թե վերը նշված քրեակատարողական հիմնարկներից կամ շինություններից, այլ քաղաքացիական հիվանդանոցներում բուժման մեջ գտնվելիս կամ դատարանի շենքից, ուղեկցող մեքենայից: Եվ խնդիրներ են առաջացել անձի արարքի որակման հետ կապված: Վերհանված խնդիրը վերացնելու համար նախագիծը ներկայացվել է ԱԺ»,-ասաց փոխնախարարը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանը նշեց, որ որոշակիության բացակայության պայմաններում հաճախ իրավական վակուումի առաջ էին կանգնում: Այժմ փոփոխությամբ իրավական որոշակիություն են նախատեսում տվյալ հոդվածում, պատասխանատվություն են նախատեսում արգելանքի տակ վերցրած անձի փախուստի համար:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովում նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում