Վարչապետն ընդգծեց Սևանա լճի քաղցրահամ ջրի պաշարների կարևորությունը տարածաշրջանի համար

Վարչապետն ընդգծեց Սևանա լճի քաղցրահամ ջրի պաշարների կարևորությունը տարածաշրջանի համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանա լիճը համարում է Հայաստանի Հանրապետության ամենամեծ և հիմնական զբոսաշրջային պոտենցիալ ունեցող վայրերից մեկը, սակայն ընդգծում նաև վերջին 30 տարիների ընթացքում Սևանի շուրջ կուտակված խնդիրները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 11-ին մեկնարկած «Իմ քայլը» հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում Փաշինյանը նշեց, որ հիմնական խնդիրը Սևանի առափնյա միջավայրը համապատասխանեցնելն է այն կարգավիճակին, որ Սևանա լիճն ունի որպես տեսարժան վայր, որպես քաղցրահամ ջրի ահռելի պաշար, և որպես ՀՀ կարևոր սիմվոլներից մեկը։

«Գեղարքունիքի մարզ ասելով առաջին հերթին նկատի ենք ունենում Սևանա լիճը։ Դեռևս 1995-96թթ., երբ Հայաստանի նոր վարչատարածքային բաժանումը տեղի էր ունենում, այն ժամանակ կայացվեց ճիշտ քաղաքական որոշում, որ Սևանի ափին տեղակայված բոլոր շրջանները պետք է ընդգրկված լինեն մեկ մարզում։ Սա ընդգծում էր նաև Սևանի առանձնահատուկ նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար, և Սևանի նշանակությունն այս ընթացքում ոչ միայն չի նվազել, այլև մեծացել է ոչ միայն Հայաստանի, այլև ընդհանրապես մեր տարածաշրջանի համար։ Եվ կարծում եմ՝ Սևանա լիճը մեր հիմնական և ամենամեծ զբոսաշրջային պոտենցիալ ունեցող վայրերից է, մեր երկրի ամենագեղատեսիլ վայրերից, բայց նաև այսօր մենք պետք է խոստովանենք, որ Սևանա լիճը և նրա ափերը կրում են վերջին 30 տարում Հայաստանում տեղի ունեցող գործընթացների բոլոր շերտերը առանց բացառության, և ուշադիր հետազոտողը Սևանի ափերով շրջելիս կարող է հստակ արձանագրել, թե պատմական ինչ փուլեր է անցել մեր Հանրապետությունը։ Հիմա մեր մեծագույն խնդիրը Սևանի առափնյա միջավայրը համապատասխանեցնելն է այն կարգավիճակին, որ Սևանա լիճն ընդհանրապես ունի որպես տեսարժան վայր, որպես քաղցրահամ ջրի ահռելի պաշար, և որպես ՀՀ կարևոր սիմվոլներից մեկը»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նաև, որ իրենց կառավարության համար առանձնահատուկ նշանակություն ունեն աշխարհում ձևավորված բնապահպանական չափանիշները։

«Շատ կարևոր է իսկապես արձանագրել, որ ոչ միայն Գեղարքունիքի մարզում, Նոր Հայաստանում մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն բնապահպանական չափանիշները, որովհետև Հայաստանի Հանրապետության համապատասխանեցումը բնապահպանական լավագույն միջազգային չափանիշներին, մեզ համար իսկապես առաջնահերթություն է, և մեզնից պահանջում է երկարատև քրտնաջան աշխատանք, և այս աշխատանքը մինչև վերջ իրականացնելու բավարար կամք մենք ունենք։ Կառավարությունն առանձնահատուկ հույս է դնում ու նշանակություն է տալիս գործարարների ակտիվությանը, ոչ միայն հայաստանցի, ոչ միայն Հայաստանից դուրս գործունեություն ծավալող մեր քաղաքացիների, այլև՝ օտարերկրյա ներդրողների մասին է խոսքը»,- ասաց վարչապետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում