Վասն «Ծնկան ծերին» ասացողի և նրա գրի

Վասն «Ծնկան ծերին» ասացողի և նրա գրի

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, Irates.am: Մեր խելակորույս ժամանակների շիլաշփոթում, որտեղ մարդկային արժեքների և արժանիքների կշռանժարը նյութեղեն գանձ-ապրանքային մոլեռանդ կշռաչափի ճնշող ծանրությունից աներևակայելի և անկասելի ոստյուն է կատարել երկինքն ի վեր ու մխրճվել անկանխատեսելի և գերմշուշոտ տիրույթներում, երբ ռազմատենչության արնակարոտ և մահասփյուռ զինատեսակների մարտագլխիկները դիրքավորվել են նաև մարդու և հասարակությունների չարամիտ ուղեղներում՝ թիրախավորելով մարդասիրությունն ու խաղաղությունը և շարունակում են նորանոր դավեր որոճալ, ի հակադրություն այդ խառնիճաղանջ իրականության ի հայտ է գալիս աշխարհի քարտեզի վրա անտեսված գեղատեսիլ մի վայրից՝ ՀՀ Լոռվա Շնող գյուղից սերած և անկախության տասնամյակների պարտադրանքով մայրաքաղաքի հանրահայտ Վերնիսաժում խարիսխ ձգած արձակագիր-արծաթավաճառ Լևոն Ջավախյանը՝ իր ստեղծագործական հայտնություններով: («1990-ական թվականներին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փլուզվել է նաև աշխատանքային կարիերան: 1990-ական թվականներից սկսած, շուրջ 25 տարի, Վերնիսաժում զբաղված է արծաթյա զարդերի վաճառքով»,- համոզված եմ, որ երրորդ դեմքի անունից գրված ծանուցումը գրել է հեղինակը):

Կենցաղային, սոցիալ-քաղաքական համատարած խառնաշփոթի գարշանքի միջից անակնկալ խնկաբույր է ծորում՝ հիշեցնելով անխարդախ ապրող մի խաղաղ աշխարհի գոյության մասին, որն ասես անտերության և անուշադրության է մատնված, բայց պարզ ու վճիտ է, գուցե և հենց այդ պատճառով՝ մոռացված: Այդ աշխարհի գեղարվեստական արտացոլման ոճն ու կերպը միանգամայն համապատասխանում են Մեծ Լոռեցու դիտարկմանը, թե՝ «արվեստը պետք է լինի աչքի նման պարզ և աչքի նման բարդ», և հենց այդ աչքով է արձակագիրը նայում աշխարհին, իր աշխարհին, որտեղ ապրում է, այն աշխարհին, որ ապրում է իր ներսում. հեռու նենգաբարո մտայնություններից, տարատեսակ նյութապաշտական մրցակցություններից և մրցավազքից, տարաբնույթ հակամարտությունների թոհուբոհից: Աշխարհ, որին խորթ են ստորությունն ու գետնաքարշությունը, չարակամությունը, որտեղ գիրկընդխառն գոյատևում են անպաճույճ, անաչառ, կուսական և բնական ընկալումներն ու ըմբռնումները, բարոյահոգեբանական ավանդական կարծրատիպերը, որոնք անհաշտ են ժամանակի մարտահրավերներին և զարգացումներին: Այս համապատկերում է Ջավախյան ասացողն իր «ուղիղ հեռարձակումներն» իրականացնում այդ կյանքից, իր հերոսի վարք ու բարքից, նրա հոգեվիճակից և տրամադրություններից:

Հացը ծնկի վրա ուտողի տրամաբանությամբ ծնկան ծերին գիր անող գրիչն արձանագրում է ստեղծագործական ներշնչանքի պահը, որը ժամանակի տարեգրության մի դրվագ է, փրկելով մոռացության սպառնալիքից գեղարվեստական մտահղացումը, վահանելով այն օրվա անցուդարձի, կենցաղային առօրյայի գայթակղություններից, որ չանէանա, այլ ի պահ հանձնի հիշողությանն ու թղթին, որպես ընթերցող հանրության սեփականություն: Այդ գրառումները ժամ ժամի, օր օրի, բառից բառ, նախադասությունից նախադասություն ասացողի շնորհիվ վերաճում են ուշագրավ պատմությունների, որոնք գլխավոր հերոսի, ասել է, թե հեղինակի հոգու, ներաշխարհի և աշխարհընկալման թարգմանն ու խոսափողն են: Ավելի հաճախ, անկասկած, այդ հերոսը հենց հեղինակն է, երբեմն ներքին հակադրություններով, հակասական, բայց և ինքնախարազանող, ինքնադատափետող, մինչև իսկ իր հասցեին լուտանքներ և հայհոյանք տեղացող:

Պատմվածքից պատմվածք անկեղծորեն ինքնաբացահայտվող հերոսն իր մոր մեջ Աստվածամորն է տեսնում և չի խնայում նրան գյուղում միայնության մատնած որդուն: Նա հանուրի ժամանակի մեջ իր ժամանակն ունի՝ տեղական ժամանակն իր կայուն բնորոշիչներով, լուսավոր հայացքով, լավատես ու կենսասեր մարդու ներաշխարհում: Լ. Ջավախյանի գրականության թիրախը մարդն է, նրա հոգեբանությունն ու մտածողությունը: Բացասական ազդեցություններից խուսանավելուն է կոչված նահապետական գյուղի նիստուկացին կարոտող, հարազատ բնության հրաշապատումն ասֆալտի ու քաղաքային անցուդարձի մեջ փայփայող գրողը, որի գրականության խորհուրդն իր ամբողջության մեջ հոգևոր, բարոյական արժեքների գերակայությունն է նյութական շահագրգռությունների նկատմամբ:

Իր Մեծ հայրենակցի պատգամին հետևելով՝ գրողը կարծես տարրալուծում է բարդությունը պարզության միջոցով, մինչդեռ, ըստ էության, բարդությունը աշխարհընկալման կյանքի, երևույթների ըմբռնման շրջանակում է, դիտողականության, որի բանաձևը լուծվում է ստեղծագործող անհատին նախախնամությամբ, ի ծնե վերապահված շնորհով, քանզի այլ պարագայում գեղարվեստական հորինվածքի հանդեպ բոլոր արհեստական և շինծու մտավարժանքները դատապարտված են ձախողման:

Կարծում ենք, այստեղից են ծնունդ առնում գրողի մտածողության և խոսքի ազատությունն ու անկաշկանդությունը՝ վանելով ամեն տեսակի մտացածին հնարք և պայմանականություն: «Ես Աստծո ամեն օր անիրական սուտ եմ փնտրում,- գրում է նա «Էսսե(մ)» պատմվածքում:- Իրականությունը ռեալ կյանքն է: Լիարժեք կյանքով ապրելու համար իրական կյանքով ապրելն անբավարար է: Դրա համար մարդկությունն իրական կյանքի մեջ անիրական սուտ է դրել: Այդպես էլ առաջացել է արվեստը»:

Մայրաքաղաքային իրականության մեջ իր բնականությանն ու բնությանը միաձուլված բացառիկ տեսակ է հերոսը, որը բացահայտում է իր աշխարհընկալումը տարբեր հոգեվիճակներում և իրադարձությունների շղթայում, որոնց ամբողջականության մեջ պատմվածքների ժողովածուն վերածվում է հեղինակի ինքնակենսագրության գեղարվեստական պատկերման յուրատեսակ ամփոփագրի, ինքնադիմանկարի՝ անցյալի ու ներկայի դեմքերի և դեպքերի հիշատակություններով, առանձին խնդիրների շուրջ դիտարկումներով և խորհրդածություններով, որոնք, անտարակույս, փաստական հենք ունեն: Թեև նրան օտար չէ քաղաքը, բայց ներքուստ նա քաղաքում չէ, այլ հայրենի բնօրրանում, ուշքն ու միտքը համագյուղացիներն ու Շնող գյուղը, որը թեև «զարգացած գյուղ է, բայց ոչ այնքան, որ գյուղամիջում պուտանկեք կանգնեն», ու էն Լոռու ձորը, ուր հանդիպակաց են «ժայռերը խորունկ, նոթերը կիտած»: Նրանցից է հեղինակը քաղում իր գրականության նեկտարը, ապա որպես գեղեցիկ քերթվածք վերադարձնում ու բաժանում հանրությանը, և երբեմն թվում է, թե նրան կես քայլ է բաժանում գյուղացի Համբոյի տղա Գիքորի ճակատագրին արժանանալուց:

«Ես որ մեռնեմ, ինձ համար չէ, որ անհանգստանում եմ,- փիլիսոփայում է «Երջանկության գինը» պատմվածքի հերոսը:- Մտածում եմ, թե էս անտեր ու դուս երկիրը առանց ինձ ո՞նց է յոլա գնալու: Ամեն մարդ մի աշխարհ է: Ես էլ մի աշխարհ եմ: Առանց իմ աշխարհի էս աշխարհը չկա»: Այն աշխարհը, որի մասին մտորում է հերոսը, զուտ իրենն է՝ ցանկապատված իր պատկերացումների շրջանակում: Այդ անձնական աշխարհից է նա դիտում մեծ կյանքը, այդ աշխարհի ընկալումներով են ձևավորվում նրա խոհերն ու մտորումները, երազանքներն ու հիասթափությունները, թեև վերջինիս վերաբերյալ կարելի է ձեռնպահ մնալ, քանզի նրա հերոսից անվերջ ու անսպառ ճառագում են լավատեսությունն ու կենսասիրությունը: «Իսկ հիմա մոլորվել եմ. մենակ եմ ու լքված և չեմ գտնում ճամփեն: Խոսում եմ, խոսում… Անընդհատ խոսել եմ ուզում: Ես որ չլինեի ու՞մ հետ էի խոսելու…»,- իր միայնությունը, շատ հանգամանքներում չհասկացված լինելն այսպես է մեկնաբանում ու հրամցնում Ջավախյանի կերտած կերպարը:

Լ. Ջավախյանի պատմվածքների բնորոշ առանձնահատկություններից է նյութի հայտնաբերման և մատուցման անսպասելիությունն ու անակնկալ մոտեցումը, և դա բխում է նրա զարմանալու ընդունակությունից: Զարմանք՝ թվացյալ առօրեական երևույթների, անձանց վարքագծի և բնույթի, իր շուրջ կատարվող իրադարձությունների հանդեպ: Զարմանքը, ըստ նրա, արվեստի նախաշեմն է. «Ինչ-որ բանից որ զարմանում եմ, անպայման գրում եմ»,- խոստովանում է մեկ այլ պատմվածքի հերոս: Հեղինակի ստեղծագործական ամեն մի մտահղացում անակնկալ է: Նա իր ուրույն աշխարհն ունի, որտեղ գեղարվեստական որակներ են ստանում հաճախ այնպիսի պարզ ու ոչ գեղարվեստաստեղծագործական թվացող երևույթներ, որոնք նկատելի են զուտ գրողի աչքին, իսկ զարմանալու հերթը ընթերցողինն է, երբ գրողը դրդում է նորովի տեսնելու և գնահատելու իր շրջապատի «աննշան» ու «աննշմար» իրավիճակները, պարզ ու հասարակ կերպարներին ու դեմքերին, որոնց իր առօրյայում անտեսել է, չի լսել նրանց շնչառությունը, չի նկատել նրանց գեղեցկությունը, չի զննել նրանց բնավորությունը, չի գնահատել նրանց ինքնատիպությունը…

Գրողի յուրահատկությունը մանրուքների մեջ խորանալու և դրանց բնույթն ու էությունը գեղարվեստորեն վերարտադրելու մեջ է: Այդ մանրուքների մեջ կա մեծ բովանդակություն, կա խորք, որոնց ներքին զգայական, հոգևոր և մտավոր խմորումների համաձուլվածքը պատկերելու, դրանք վերհանելու և վերլուծելու արդյունքում Ջավախյանը ստեղծում է գեղարվեստական արժեքներ: Մինչդեռ թվում է, թե ասացողը պարզ ու շիտակ, նաև ինչ-որ տեղ միամիտ լոռեցի հասարակ մարդ է, որ պատմում է հետաքրքիր և ուշագրավ պատմություններ իր կյանքից, և գրավում լսող-ընթերցողին իր բացառիկ պատմելաոճով, բարբառային-խոսակցական շեշտադրումներ կրող բառապաշարով, նուրբ հումորով…

Եվ դա այնքան բնական է, որ վերածվում է կյանքի հայելային վերարտադրության, ասես գալիս է ապացուցելու և վերահաստատելու իր դավանած ճշմարտությունը, թե բնությունն ու մարդը՝ իր բնույթով նույնպես ստեղծագործություններ են, միայն թե մարդը հակված է հաճախ մոռանալու այդ մասին: Այդպիսին է գրողի հոգեկերտվածքը, այդպիսին են նրա հերոսները՝ բնության մասնիկ, մարդկայնության պտղունց:

Թվում է, թե հեղինակն առանձնապես ջանք չի թափում սյուժետային և կերպարային փնտրտուքի համար, այլ ընտրում է պատառիկներ իրական կյանքից և հանձնում թղթին, միայն թե դա արվում է նուրբ վարպետությամբ՝ լոռեցիաբար, շնողերեն ու շնողցու բառուբանով, երբեմն հեգնախառն հումորով, բնօրրանի բնական ու անաղարտ պատկերավոր մտածողությամբ և հոգեբանությամբ, առանց շինծու գունազարդումների և սեթևեթանքների, առանց արհեստական միջամտությունների: Եվ իսկապես, ինչու՞ հորինել և երևակայել, եթե անկեղծ ազնվությամբ գրում ես այն մասին, ինչ ապրում և զգում ես, ինչպես գրում՝ նույնպես ապրում ես: Տվածուրիկ հեղինակը կամ զրուցում և պատմություններ է հրամցնում ընթերցողին, կամ բարձրաձայն մենախոսում իր կյանքի այս կամ այն իրադարձության ու դեպքի մասին: Նրա՝ հեղինակի բնույթն ու հոգեկերտվածքն է թելադրում իր աշխարհի կարգ ու կանոնը, կյանքի իր պատկերացումները, և այդ համապատկերում նա իր կերտած հերոսներից մեկը, գուցե և գլխավորն է, և այդ հերոսները կերտել են իրենց հեղինակին: Նրանց բացառիկ և ինքնատիպ աշխարհն ու հայացքը այդ աշխարհին պատկանում են միայն իրեն՝ Լևոն Ջավախյանին, և այդ անաղարտության ու մաքրության միջավայրը, ասես մաքրագործում և ազնվության է տրամադրում ընթերցողին, տեղափոխում այլ միջավայր, դեպի որը տանող ճանապարհը կուսական բնության համուհոտ ունի, մթնոլորտը մաքուր և թափանցիկ է, իսկ մարդը բաց՝ ափիդ վրա: Այդ է պատճառը, որ պատումներում արտահայտված բազմաթիվ մտքեր ու խոհեր իրենց ենթատեքստում բերում են կատարելության ձգտման խորհուրդը, նոր բարքերի և մարդկային հարաբերություններում թույլ տրված սխալներից խուսափելու և դրանց ժխտման գաղափարը: Բավարար է գրողի մեկ արտահայտությունը, մի «գրավոր հայացքը», որպեսզի ձևավորվի հեղինակի վերաբերմունքն իր շուրջ կատարվող անցուդարձի, իր հերոսների նկատմամբ, նույնիսկ, եթե դա պահանջում է անաբուռ և անպարկեշտ նկարագրություններ (միևնույն է, դրանք ընդունելի են, որովհետև գռեհիկ չեն, այլ տեղին):

Լևոն Ջավախյանը հուշում է, որ ծնկան ծերին է գրել իր «Ծնկան ծերին» պատմվածքների ժողովածուն, և եթե նույնիսկ դա այդպես է, գրել է հոգու և մտքի խորքով, գեղարվեստական գրականություն բերելով իրեն բնորոշ մի ինքնատիպ միջավայր, որը միայն իրենը չէ այլևս, այլ նրա բազմաթիվ ընթերցողներինը, ովքեր սիրեցին այդ աշխարհը նույնպիսի անկեղծությամբ և ազնվությամբ, ինչպես այն պատկերել է տաղանդավոր գրողը:

Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ ուրախալի լուր ստացվեց. Լևոն Ջավախյանի «Ծնկան ծերին» պատմվածքների ժողովածուն արժանացել է ՀՀ նախագահի ամենամյա մրցանակին՝ գեղարվեստական գրականության գծով: «Իրատեսի» խմբագրակազմը և հոդվածի հեղինակը սրտանց շնորհավորում են գրողին և մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում