Դատական նիստին Քոչարյանը խոսեց Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող տեսանյութերի վերաբերյալ

Դատական նիստին Քոչարյանը խոսեց Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող տեսանյութերի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում խոսեց Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ցուցարարների կողմից կիրառված ուժի, զինված լինելու մասին փաստող տեսանյութերի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Քոչարյանի խոսքով` այդ տեսանյութերն իրեն ցույց է տվել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը և դրանք առաջին անգամ տեսել է 2008 թվականի մարտի 7-8-ն ընկած ժամանակահատվածում։ «Քննչական մարմինը սկզբում կատեգորիկ մերժում էր, որ իրենք այդպիսի բաներ ունեն: Ես մարտի 1-ին կայացած իմ ասուլիսից առաջ կապ եմ հաստատել Գորիկ Հակոբյանի հետ և նրան ասել, որ լրագրողների հետ հանդիպելու եմ, ինձ պետք է հասկանալ՝ ինչ է կատարվում։ Նա ինձ ասաց, որ այո՛, զենք են կիրառում, նռնակներ կան մարտական, և այդ դրվագը ինքն ինձ պատմեց, որ մեքենաներից դուրս են գալիս կրակում, նորից հետ են մտնում մեքենան։ Դեպքերից հետո, երբ մամուլում քննադատում էին, որ նման բան չկա, ես պահանջեցի և Հակոբյանն անձամբ բերեց և ցույց տվեց տեսանյութը և մի շարք այլ դրվագներ: Դրանք այսօր ոչ մի տեղ չկան, և ես չգիտեմ, թե դրանք որտեղ են: ԱԱԾ-ում կային բավականին հետաքրքիր նյութեր, թե ինչպես է նռնակը պայթում, ինչի հետևանքով ոստիկանության կապիտանը մահանում է, այդ ամենն այսօր չկա», – նշեց Քոչարյանը: Նրա խոսքով` մի ամբողջ քրեական գործ` 3 հատորով` մարտի 2-ին հանձնված ՀՔԾ-ին, այսօր չկա, այն ուղղակի չի կցվել:

Մայիսի 13-ին մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով դատաքննության փուլը. առաջին դռնբաց դատական նիստից քննվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու հիմնավոր լինել-չլինելու հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում