«Մահն ու կյանքը լեզվի վրա են»

«Մահն ու կյանքը լեզվի վրա են»

ԿԱՐՈՂ Է ՏԱՆԵԼ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ, ԿԱՐՈՂ Է ԵՎ ԻՋԵՑՆԵԼ ԴԺՈԽՔ

Աստված մարդուն բանական ստեղծեց և լեզու շնորհեց, որպեսզի տարբերվի անբաններից։ Իսկ եթե լեզուն չլիներ, մեծ պակասություն կլիներ, ինչպես համրերի պարագայում է։ Սակայն Աստծո այս մեծագույն պարգևը մարդիկ ոչ միշտ է, որ բարուն են ծառայեցնում։ Առակագիրն ասում է. «Մահը և կյանքը լեզվի վրա են»։ Լեզուն կարող է փրկություն առաջնորդող մեր մեծագույն օգնականը լինել, նաև կարող է դեպի հավիտենական կորուստ տանող պատճառը դառնալ։ ՈՒստի ընտրությունը մերն է` այն փրկության գործիք կամ կորստյան պատճառ դարձնելու։

Լեզվից բազում հոգևոր ու մարմնավոր բարություններ են առաջ գալիս։ Նրանով մարդկանց հաշտեցնում ենք, Աստծուն օրհնում, աղոթում, ողորմություն, մեղքերի թողություն և պարգևներ ենք խնդրում։ Աստծուց ստացած շնորհների դիմաց մենք տալու ոչինչ չունենք, եթե ոչ մեր շնորհակալությունները, ուստի լեզվով կատարված գոհություններով ու օրհնություններով փոխհատուցում ենք դրանք։ Սրա մասին ասվում է իմաստուն զրույցների մեջ. «Գոհացող բերանն Աստծուն պարտական է անում»։ Նաև լեզվով Աստծո օրենքներն ու պատվիրաններն ենք քարոզում, բարեխոսում Աստծո ու մարդկանց առջև և փրկում բանտից ու դժոխքից։ Ահա այս բազում բարիքները մեզ պարգևում է օրհնաբանող ու իմաստուն լեզուն։

Սրան հակառակ բազում չարություն ու մահ կա լեզվի վրա։ Նրանով սուտ ենք խոսում, սուտ երդում անում ու սուտ վկայություն տալիս։ Ստախոսությունը մեզ սատանայի որդի է դարձնում, ինչպես Տերը սատանայի համար ասում էր, որ նա սուտ է և ստության հայր։

Ստախոսից հեռանում են Սուրբ Հոգին և սպասավոր հրեշտակը, ու գալիս են դևերը։

Լեզվից են առաջանում հերձվածը, մատնությունն ու ուրացությունը, բամբասանքն ու զազրախոսությունը, կախարդությունն ու հայհոյանքը։ Սրանց մի մասով մենք մեղանչում ենք մարդկանց դեմ, իսկ անեծքներ ու հայհոյանքներ տվողը բերան է բացում ուղիղ Արարչի դեմ։ Որովհետև եթե քրիստոնյայի հավատքն է հայհոյում, հավատքն Աստված է, եթե` երեսը, երեսը Քրիստոս է, եթե` բերանն ու մարմինը, ապա դրանք Սուրբ Հոգու բնակարան են, եթե` գերեզմանը, ապա այն խաչով ու Ավետարանով է կնքված։ ՈՒստի հայհոյող մարդուն ո՛չ հաղորդություն են տալիս, ո՛չ էլ հողն ու գերեզմանն են օրհնում։ Հայհոյողի բերանը դատաստանի ժամանակ որդնալից է լինելու։

Հայհոյողը վնաս է պատճառում ոչ միայն իրեն, այլև իր մերձավորներին ու դրացիներին։

Մենք բազում պաղատանքներով ու մեղաներով հաշտվում ենք Արարչի հետ և խնդրում, որ Տերը չհիշի մեր մեղքերն ու անօրենությունները։ Սակայն հիշոցներով ու անեծքներով բարկացնում ենք Աստծուն և ստիպում հիշել նախկինում մեր գործածները։ Եվ «հիշոց» բառը հենց այդպես էլ ստուգաբանվում է, այսինքն` Աստված կրկին հիշում է մեր մեղքերը։ Նաև Աստծո Սուրբ Հոգին հեռանում է այն վայրից, որտեղ միշտ հայհոյանքներ, անեծքներ ու վիրավորանքներ են հնչում, քանի որ Աստված բնակվում է խաղաղության մեջ և փախչում խռովությունից ու բարկությունից։

Մեր հայրապետներից Կոստանդին Բարձրաբերդցին եկեղեցական ժողովով հիշոցատուների վերաբերյալ հետևյալ որոշումն է կայացրել. հիշոցատուների լեզուն ծակել, թել անցկացնել և այդպես պտտեցնել քաղաքով մեկ։ Այսպիսին էր մեր նախնիների նախանձախնդրությունը մեղքի դեմ պայքարում, իսկ մենք հայհոյանքը մեծ մեղք չենք համարում։

Լեզուն արագաշարժ է ու ճկուն, ուստի հեշտ սխալվում է ու սահում։ Եվ որքան մարդը խոսելուց առաջ լռում է ու խոսելիքի մասին մտածում, այնքան միտքն ավելի է պարզվում ու խոսքերը հստակ են դառնում։ Այնժամ Աստված բարեհաճ է լինում նրա հանդեպ, համ ու իմաստություն տալիս խոսքերին, և մարդիկ էլ հիանում են դրանց գեղեցկությամբ ու վայելչությամբ։ ՈՒստի եկեղեցու հայրերը խրատ են տալիս` յոթ անգամ խորհել ու նոր մեկ անգամ խոսել։

Լեզուն երբեք չի ամաչում ու չի վախենում, որովհետև հզոր ամրոցում է գտնվում. վերևից ու ներքևից պարսպված, ատամներն ու շրթունքներն էլ դուռ ունենալով։ Եվ եթե լեզվի պատճառով գլուխը ծեծեն, ձեռքը կտրեն, նա երբեք չի ցավում, ուստի անամոթաբար մեղք է գործում։ Ինչպես չար գազանին արգելոցում են պահում ու շղթաներով կապում, այնպես էլ լեզուն չար գազան է, բերանի խոռոչում, որպես ամրոցում, փակի տակ ենք պահում։ Նրա համար երկու դուռ ունենք` ատամներն ու շրթունքները, որպեսզի ամրոցից դուրս չպրծնի։ Իսկ եթե այդ երկու դռներն էլ չեն օգնում, ապա Աստծո երկյուղն ու իմաստությունն ենք ի գործ դնում որպես սանձ։

Այն անոթը, որի մեջ մեղր կամ կաթ կա, բայց բերանը բաց է, ճանճերով ու որդերով է լցվում, ու պղծվում է դրա պարունակությունը։ Մեր բերանն էլ անոթ է իմաստության և Աստծո գիտության, որ մեղրից ու կաթից ավելի քաղցր է ու համեղ, իսկ սատանան նման է ճանճին, որն ուզում է գարշելի ու կեղտոտ դարձնել մեր բերանը, ուստի պետք է փակ պահել այն, որ սատանան ներս չմտնի։

Լեզուն նման է ձիու և նավի, ուստի սանձով ու ղեկով` խրատով և իմաստությամբ, պետք է ուղղել այն։ Մարդիկ, եթե սուր, օձ, առյուծ կամ վնասակար այլ բան են ունենում, զգուշությամբ պահում են, որպեսզի ոչ մեկին չվնասեն։ Իսկ լեզուն ավելի կտրող է, քան սուրը, ավելի թունավոր է, քան օձը և ավելի զորեղ է, քան առյուծը, ուստի այն պետք է մեծ զգուշությամբ պահել։ Սրա մասին Սիրաքն ասում է. «Շատերն են ընկել սրից, բայց թիվ ու համար չկա նրանց, որ լեզվից են ընկել»։

Լեզուն մեզ համար պետք է ծառայի օրհնությունների, աղոթքների ու բարի խոսքերի աղբյուր, իսկ մենք այն դարձնում ենք մեղքերի ակունք։ Սակայն չի կարող նույն աղբյուրից երկու տեսակ ջուր բխել` քաղցր և դառը, այսինքն` անիծող լեզուն չի կարող օրհնել ու աղոթել։ Լեզուն մեր սուրհանդակն է Աստծո մոտ։ Ինչպես երկրավոր թագավորների մոտ նրանց համար ատելի ու հայհոյող պատգամաբեր չենք ուղարկում, այդպես էլ հայհոյող ու չար լեզվով կատարված աղոթքները չեն հասնում Աստծուն։

Ահեղ խորհրդի` պատարագի ժամանակ սրբագործվում է Քրիստոսի կենարար Մարմինն ու Արյունը և դառնում հոգու ճշմարիտ կերակուր։ Պատարագիչ քահանան հաղորդությունը դնում է հավատացյալների լեզվի վրա, ուստի այն պետք է ամենից սուրբը լինի, ինչպես սուրբ Աստվածածինը, որ բոլոր սրբերից սուրբն է, Քրիստոս նրա՛ մեջ դրվեց։ Նաև ինչպես Հովսեփ Արեմաթացին և Նիկոդեմոսը սուրբ ու մաքուր կտավներ գնեցին և պատանքեցին Քրիստոսի մարմինը, այնպես էլ մենք պետք է սուրբ լեզվով ու բերանով պատենք Քրիստոսի Մարմինը։

Տերն ասում է. «Ձեր սրբությունը շներին մի՛ տվեք և ձեր մարգարիտները խոզերի առջև մի՛ գցեք». ո՞վ է շունն ու խոզը, եթե ոչ լեզուն, և ո՞վ է սրբությունն ու մարգարիտը, եթե ոչ Քրիստոսի Մարմինն ու Արյունը։

Սողոմոնն ասում է. «Ով որ իր լեզուն է պահում, իր հոգին է պահում»։ Մարդու հոգին ու մարմինը Սուրբ Հոգու բնակարան են, այսինքն` մենք մեր մեջ կրում ենք Աստծո զորությունն ու իմաստությունը, խաղաղությունն ու ներողամտությունը, որոնք անգին գանձեր են և մտական պահպանության կարիք ունեն։ Լեզուն այդ գանձերի պահապան է կարգված և եթե տարվում է չարախոսությամբ, բամբասանքով ու զազրախոսությամբ, ապա շատ շուտ վատնում է իր հոգու ունեցվածքը։ Իսկ իմաստուն ու զուսպ լեզուն զգուշությամբ է պահում իր հոգու գանձերը, որպեսզի չարի խարդավանքով չկորցնի դրանք։

Հոգեգալստյան օրը Սուրբ Հոգին հրեղեն լեզուների տեսքով եկավ, որպեսզի մարդկային լեզվի դժոխային հուրը սրբի։ Ինչպես չորս տարրերի մեջ (հող, ջուր, օդ, հուր) հուրն առավել զորեղ է, այնպես էլ լեզուն, որ մի այրող կրակ է, մարմնի անդամների մեջ ամենազորավորն է չարը գործելու մեջ և ամենասուրբը` բարին գործելու մեջ։ ՈՒստի իմաստուն լեզուն մեզ կարող է տանել դեպի երկնքի արքայություն, իսկ անմիտ լեզուն մեզ կարող է իջեցնել դժոխք։

Տեր Միքայել աբեղա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տաթևի վանքի վանահայր

Աղբյուր՝ Irates.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում