Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը

Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը

– Վար իջիր, – ասաց:- Գնում ենք:

– Հենց նոր ենք ելել այստեղ, – ասացի:

– Վար իջիր, – ասաց հայրս: – Եվ շուտ արա:

– Մի քիչ էլ չե՞նք կարող մնալ այստեղ:

– Իջնելո՞ւ ես, թե չէ:

– Դե լավ, Գրեգ,- ասացի, – պետք է գնամ:

– Վերջապես պիտի բարեհաճե՞ս իջնել:

– Չե՞մ կարող մնաս բարով ասել Գրեգին:

– Դե լավ, շուտ արա:

– Ո՞ւր եք գնում, – ասաց Գրեգը:

– Ով գիտե, – ասացի: – Մնաս բարով:

Սկսեցի վար իջնել, բայց Գրեգը չշարժվեց տեղից:

– Ետ գալո՞ւ ես, – ասաց:

– Մի տեղից որ գնացել ենք, մինչև հիմա երբեք նույն տեղը չենք վերադարձել, – ասացի:

– Ինձ թվում է` էլ երբեք չեմ տեսնի այս ծառը նորից:

– Նամակ գրիր ինձ, – ասաց Գրեգը:

– Շատ լավ, – ասացի: – Միայն թե երբեք չեմ կարողանա գրել այդ անունը` Ալախալխալա:

– Հեշտ է, – ասաց Գրեգը: – Նամակ ուղարկիր ինձ:

– Շատ լավ, – ասացի: – Հորս կասեմ, որ գրի այդ անունը: Դու էլ մորդ ասա, որ շնորհակալ եմ հաց ու պանրի համար:

Արդեն գետին էի իջել, իսկ Գրեգ Ալախալխայան ծառի վրա էր. դա վրացական անուն է, Ամերիկայից հեռու մի երկրի, Ռուսաստանի մոտ, և երբ նրա հայրը դուրս է եկել այնտեղից` համարյա թե Գրեգի չափ է եղել, իսկ Գրեգը տասնմեկ տարեկան է, ինձնից երկու տարով մեծ, ամենալավ բարեկամը, որ ունեցել եմ: Բայց նրա մայրը այդ երկրից չի եկել, Ամերիկայի չգիտեմ ո՛ր կողմից է և երգել է շրջիկ նվագախմբի հետ:

– Չեմ ուզում քեզ պոկել այս նոր կյանքից էլ, որ հազիվ սկսել էիր նորից, – ասաց հայրս,- բայց ինչ անենք, այդպես է պետք:

Գրեգն էլ արդեն իջնում էր ծառից:

– Մինչև հիմա Գրեգ Ալախալխալայի նման ընկեր չեմ ունեցել,- ասացի:

– Գիտեմ, – ասաց հայրս:

– Իսկ ի՞նչ կլինի, եթե ես էլ գամ ձեզ հետ, – ասաց Գրեգը:

– Չեմ կարծում, որ հայրդ ուզենա այդ բանը, – ասաց հայրս:

– Գուցե ուզենա, – ասաց Գրեգը: – Երբ իր ծնած տեղից հեռացել է, տասներեք տարեկան է եղել, իսկ ես մյուս հոկտեմբերին տասներկու եմ լինելու:

– Ճիշտ որ, գնանք հարցնենք պրն. Ալախալխալային` կարո՞ղ ենք Գրեգին տանել մեզ հետ,- ասացի:

– Կարծում եմ` ոչ, – ասաց հայրս:

Հիմա արդեն Գրեգն էլ իջել էր ծառից:

– Ես իհարկե կուզեի, որ դուք միասին լինեիք, – ասաց հայրս:

Նա թևը դրեց Գրեգի ուսերին, և Գրեգը ասաց.

– Մի ամիս առաջ որ այստեղ եկաք, նա և ես մի լավ կռիվ կպանք: Ոչ-ոքի արեցինք, և դրանից հետո եղբոր պես ենք եղել:

– Հույս ունեի, որ ավելի երկար կմնանք, – ասաց հայրս:

– Ուզո՞ւմ ես իմ դանակը, – ասաց Գրեգը: – Հիմա արդեն կարող ես վերցնել:

Գրպանից հանեց դանակը և ինձ երկարեց: Ես ուզում էի այդ դանակն ունենալ, բայց չէի կարող վերցնել, որովհետև հայրս ասել է, որ մարդ պետք է ուրիշներին մի բան տա, բայց երբ իրեն մի բան առաջարկեն` ոչինչ չպետք է վերցնի նրանցից:

– Դա քո դանակն է,- ասացի:

Ես իմ գրպանից հանեցի այն մեքսիկական դոլարը, որ հայրս ինձ նվիրել էր իմ ծնունդին, երբ յոթ տարեկան էի դարձել, և ասացի.

– Ահա այն մեքսիկական դոլարը, Գրեգ:

Սպասում էի, որ ուղղակի կթռցնի իմ ձեռքից, որովհետև միշտ էլ խնդրում էր նորից ու նորից մի աչք գցել այդ դոլարին և մի անգամ էլ մի գիշերով վերցրել էր մոտը, բայց գուցե իր հայրն էլ տալու և առնելու մասին այնպիսի մի բան է ասել, ինչպես իմ հայրը` ինձ, որովհետև նա չթռցրեց դոլարը իմ ձեռքից:

– Չէ, սըր, – ասաց նա: – Կարող ես ինքդ վերցնել այս հին դանակը, բայց քո մեքսիկական դոլարը ես չեմ վերցնի:

Մեկ էլ հայրս ձեռքը գրպանը խոթեց ու մի բուռ բանալի և մանր դրամ հանեց: Մի կես դոլարանոց ջոկեց, բռնեց Գրեգի ձեռքը և կես դոլարանոցը դրեց ափի մեջ, հետո իմ ձեռքը բռնեց և մի քառորդ դոլարանոց էլ իմ ափը դրեց: Հետո սկսեցինք գաղտնի արահետով իջնել բլուրն ի վար, նոր տների մոտով, դեպի այն ճանապարհը, որ դեռ չէր էլ սարքված, գնում էինք այնտեղ, ուր միասին ապրել էինք մի կահավորված սենյակում` հորս ֆորդ մեքենան էլ դռան առաջը:

Կարծում էի, որ Գրեգն էլ կգա մեզ հետ, բայց չեկավ, և երբ ետ նայեցի` տեսա, որ նա նորից ծառն էր մագլցում:

Երբ հասանք մեր մեքենայի մոտ, ես նորից նայեցի բլուրը և տեսա` նա ծառի վրա էր, այնքան բարձր, որ երբեք միասին չէինք ելել մինչև այդ տեղը:

Ձեռքով արեցի նրան ու գոռացի «Ցտեսությո՜ւն, Գրեգ», և նա էլ ձեռքով արեց և գուցե մի բան գոռաց, բայց ես ոչինչ չլսեցի, հետո մենք նստեցինք մեքենան ու նորից ճանապարհ ընկանք. երեկոյան ժամը վեցը կլիներ:

Մի վերջին անգամ նայեցի բլուրն ի վեր և նորից տեսա մեր ծառը, արևը մայր էր մտնում դրա ետև, ու Գրեգը բարձրացել էր գագաթի մոտ, ձեռքով էր անում:

– Դե կներես, – ասաց հայրս:

– Բան չկա, – ասացի, բայց կարծեմ ձայնս բեկվեց: Հայրս մի թևով գրկեց ինձ ու ոչինչ չասաց: Համարյա սկսում էի լաց լինել, և դրա համար կատաղելս եկավ. հայրս առանց այն էլ բավական գլխացավանք ունի, և մեկ էլ ինը տարեկան մի տղա քարշ է գալիս հետը և լա՜ցը դնում, վերջ տվեցի: Առջևի նստարանի վրայից անցա ետևի նստարանը և պառկեցի այնտեղ: Հայրս միացրեց ռադիոն: Մի կովբոյ երգում էր իր միայնակ կյանքի մասին, և ես ասացի ինքս ինձ. «Է՜հ, երևի ոչ մի տեղ չկա մի մարդ, որ միայնակ չլինի»:

Ահա նորից, մի անգամ էլ շուռ եկան իմ բոլոր ծրագրած բաները, և էլ երբեք չենք անելու այն ամենը, որ Գրեգը և ես ուգում էինք անել: Էլ երբեք չեմ տեսնելու նրան, ոչ էլ նրա հորը, կամ էլ մորը, կամ էլ երկու փոքր քույրերին, կամ էլ նրա փոքրիկ, երեխա եղբորը:

Եվ մեր այն թաքստոցը ծառի վրա` ա՜յդ էլ ընդմիշտ կորավ, և մեկ էլ բլուր բարձրացող գաղտնի արահետը, որի հենց մյուս կողմը նոր տներ էին շինում, և մեկ էլ այն բանվորները, որոնց ծանոթ էինք Գրեգն ու ես, որոնց հետ խոսում էինք, երբեմն էլ մի քիչ օգնում և փոխարենը ստանում փայտի և աղյուսի բեկորներ, խողովակի անպետք կտորներ, լինոլեում, կավարներ, մեխեր և չորս կողմը նրանց թողած գարեջրի շշերը, որ Գրեգն ու ես տնկում էինք, քարով նշան բռնում ու կարգին խփում, և մեկ էլ այն տեղը, ուր մեր ուզածի պես կարող էինք խփել շիշը և ջարդել մի անգամից կամ էլ երկրորդ, համենայն դեպս երրորդ հարվածից, և մեկ էլ այն դպրոցը, ուր քայլելով գնում էինք ամեն առավոտ, – այդ բոլո՜րը կորան նորից, որովհետև հայրս նորից պետք է ուրիշ տեղ գնար:

Կովբոյից հետո մի աղջիկ երգեց մի մարդու մասին, որ խաբել էր նրան, բայց ոչ թե փողի հարցով կամ դրա նման մի բանով, այլ մի ուրիշ տեսակ էր խաբել. այդ աղջիկն էլ միայնակի պես էր երգում, և ես ասացի ինքս ինձ. «Ճիշտ որ. այս Ադամ-Եվայից մնացած աշխարհը մի հսկայական միայնակ տեղ է»:

Նորից առջևի նստարանը անցա և նստեցի հորս կողքին, բայց նա ոչինչ չասաց, ես էլ ոչինչ չասացի: Երբ խճուղի ելանք, նա ասաց` «Եթե քաղցած ես, թղթե տոպրակի մեջ բան-ման կա այնտեղ, ետևը», և ես էլ ասացի` «Ես կուտեմ երբ որ դու ուտես»:

– Ծխախոտն իմ ախորժակը կտրում է, – ասաց նա, – բայց դու չես ծխում, այնպես որ ինձ մի՛ սպասիր: Գուցե երկար ժամանակ ոչինչ չուզեմ:

Մեկ էլ ռադիոյից մի մարդ ռազմագերիների մասին սկսեց խոսել, և մենք, հայրս ու ես, լսեցինք նրա բոլոր ասածները: Որևէ մեկը, որ ռազմագերի չէ, բախտավոր մարդ է: Հայրս ռազմագերի չէր, ես էլ չէի: Ես ինձ շատ լավ զգացի դրա համար: Ոչ մեկի կամ ոչ մի բանի գերին չէինք: Համարյա թե ուրախ էի, որ նորից ճանապարհ էինք ընկել, այնինչ մի րոպե առաջ սիրտս կոտրվել էր դրա համար:

– Է՜հ, Փնչո, – ասաց հայրս, և դա նրա սիրած անուններից մեկն է, որ տալիս է ինձ: Ձեռքը դրեց գլխիս, մատները պինդ սեղմեց ու մի լավ տրորեց մազերս և ծիծաղեց մի քիչ, դե ես էլ ծիծաղեցի, որովհետև եթե Գրեգ Ալախալխալան մինչև հիմա իմ ամենալավ ընկերն էր այս կյանքում, ապա հայրս… է՜հ, նրա նմանը ամեն օր չես գտնի:

Դե ուրեմն նորից ճանապարհ էինք ընկել և կարգին քշում էինք: Սկսեցի մտածել, թե ինչպիսի տեղ էինք ապրելու դրանից հետո, ովքեր էին լինելու այնտեղ, ինչպիսին էր լինելու դպրոցը, և դա վատ չէր, բայց չէի կարողանում մոռանալ Գրեգ Ալախալխայային և երբեք չեմ մոռանալու:

Նահանգային խճուղի էր և միայն մի քանի բեռնատարներ էին հանդիպում: Չորս կողմը բաց տարածություններ էին, անձրևից մնացած լճեր կային դաշտերում, ջրի վրա փոքրիկ, սև թռչուններ էին նստել, մեկ-մեկ էլ սպիտակ ձկնկուլներ էին կանգնել ջրի մեջ: Երբեմն-երբեմն մի փոքրիկ տուն էինք տեսնում` շուրջը մի երկու ծառ, մի ախոռ ու ցանկապատ, ձի ու կով և մի շուն: Մի տեղ երկու ոչխար ու մի կատու կար տան առաջը, կանաչի վրա, և երեքը միասին կանգնել էին այնտեղ, մտածում էին երևի: Երկնքում էլ բազեներն էին դանդաղ-դանդաղ պտտվում: Շուտով համարյա մութ եղավ, և ամբողջ աշխարհը խաղաղ ու հեռու թվաց:

– Է՛հ, – ասաց հայրս, – ի՞նչ ես մտածում: Ուզում եմ ասել` համարյա երեք տարի է, ոչ մի տեղ մի ամսից ավելի չենք մնացել:

– Բայց ուր էլ որ գնացել ենք` լավ էր:

– Բայց ավելի կուզեիր, որ մեկ կամ երկու տարի նույն տեղը մնայիր, չէ՞:

– Հա երևի:

– Այս օրերս այդպես կանենք:

– Ո՞ւր ենք գնում այս անգամ:

– Մտածում էի, որ մեծ քաղաքի փոխարեն մի փոքրիկ քաղաք փորձենք, փոփոխության համար:

– Ո՞ր փոքր քաղաքը:

– Էհ, որևէ մի փոքր քաղաք, որ բանի նման է:

– Այստեղից հեռո՞ւ:

– Չէ, ոչ շատ հեռու, որովհետև շատ հեռու գնալու փող չունենք:

– Որքա՞ն ունենք:

– Այն քսան դոլարը, որին աշխատում ենք ձեռք չտալ, որովհետև դա մեր հոգեպահուստն է դժվար օրերի համար, դրանից բացի մեր ամբողջ ունեցածը մի զույգ դոլար է: Եվ մեկ էլ, անշուշտ, մեր մեքենան:

– Ենթադրենք, թե ստիպվեցինք ծախել մեր մեքենան, կամ էլ գողացան, հետո ի՞նչ ենք անելու:

– Մի ուրիշը կգնենք:

– Առանց մեքենայի չենք կարող, չէ՞:

– Դու չէիր ուզենա, որ առանց մեքենայի մնանք, հա՞:

– Չգիտեմ:

– Պարզապես ստիպված կլինեինք ավտոբուսով կամ գնացքով Ճամփորդել, իսկ դա քո սեփական մեքենայով ճամփորդելու հաճույքի կեսն էլ չէ:

– Հա երևի:

Մի երեք կամ չորս րոպե էլ քշեցինք, մինչև մի փոքր կամուրջ հանդիպեց մի փոքր գետակի վրա: Հայրս կանգնեցրեց մեքենան, դուրս ելանք, վերցրինք թղթե տոպրակը, որի մեջ մեր ուտելիքն էր, դրեցինք կամուրջի բազրիքին, տոպրակից հանեցինք մեջի եղածը և նույնպես բազրիքին դրեցինք, որպեսզի տեսնենք, թե ինչ ունենք: Կես հաց կար, մի կտոր դեղին պանիր, երկու խնձոր, մի թղթե տուփ կաթ, փոքրիկ ամանով մանանեխ, և հայրս հանեց իր գրպանի դանակը, հաց ու պանիր կտրեց ինձ համար, հետո էլ իր համար, ես կաթ խմեցի տուփից, ամբողջ պանիրն ու համարյա ամբողջ հացը ուտելուց հետո մեկական էլ խնձոր կերանք, և հայրս ասաց. «Եթե ճաշարան գնայինք, ամեն մեկիս վրա մի դոլար կնստեր ճաշը: Այս ձևով բավական փող ենք խնայում»:

Լավ ընթրիք էր` կամուրջի վրա կանգնած, ծամում էի և նայում ջրին, որ հոսում էր գետակի մեջ:

– Մենք ամեն տեղ ենք ապրում,— ասաց հայրս:— Երբ ես քո տարիքին էի, տասը մղոնից ավելի չէի հեռացել իմ ծնած տեղից: Նյու-Յորքը մեծ տեղ է, ճիշտ է, բայց մարդ ուզում է ման գալ և մնացած աշխարհի վրա էլ մի աչք գցել: Ես միշտ էլ, հենց որ միջոցներ եմ ունեցել, մտածել եմ ճամփորդելու մասին:

Վերադարձանք մեքենայի մոտ ու նստեցինք, նորից սկսեցինք գնալ, և հայրս ասաց. «Դե լավ, Փնչո, հիմա կուզենայի, որ երգեիր»: Եվ ես սկսեցի երգել այն երգը, որ կովբոյից էի լսել, միայն թե նոր բառեր հնարեցի: Հայրս ծիծաղեց ու ասաց. «Ահագին սրամտություն ունես գլխիդ մեջ, Փնչո, լավ ծիծաղով է լեցուն գլուխդ»:

Ճիշտը որ ասեմ, մեքենան լավ բան է, որովհետև կարող ես այնպես անել, որ որևէ ժամանակ որևէ տեղ տանի քեզ, արագ կամ դանդաղ: Շատ անգամ մեր մեքենան քշել ենք ժամը ավելի քան հարյուր մղոն արագությամբ, բայց միայն մեկ կամ երկու րոպե, երբ խճուղին դատարկ էր լինում և ուղիղ ու հարթ, և շատ անգամ էլ այնքա՛ն դանդաղ ենք քշել` համարյա քայլելու պես, որ կարողանանք ուշի ուշով նայել ամեն ինչի:

Հայրս մեր ֆորդը գնեց գործածված մեքենաների տեղից, Նյու Յորքում, երբ մայրս, քույրս, հայրս և ես բաժանվեցինք: Բոլորս միասին նստեցինք ու ամբողջ խնդիրը քննեցինք խելացի մարդկանց նման, ինչպես ասաց մայրս: Համաձայնության գալու շատ բան կար, և վերջ ի վերջո քույրս ուզեց մորս հետ մնալ, ես էլ ուզեցի հորս հետ մնալ, և ամեն ինչ քաղաքավարի ու լավ էր, բաւց միաժամանակ մի քիչ տարօրինակ էր ու տխուր, հայրս ու մայրս իրար ձեռք սեղմեցին ու ժպտացին, մի քիչ էլ ծիծաղեցին նույնիսկ, մեկ էլ հայրս վերցրեց քրոջս ու պինդ գրկեց, ինձ էլ մայրս պինդ գրկեց. հետո հայրս վերցրեց այն երկու ճայթուկները, որոնց մեջ նա մեր իրերն էր դասավորել, և բոլորս ցտեսություն ասացինք իրար` ամեն մեկս մի վեց-յոթ անգամ ասաց, հետո հայրս ու մայրս մի վերջին անգամ արագ ու քաղաքավարի գրկվեցին, հետո էլ մենք դուրս եկանք և վեց թաղամաս քայլելով գնացինք այն տեղը, ուր գործածված մեքենաներ էին ծախում:

Շատ մեքենաներ նայեցինք, բայց միշտ էլ նորից ֆորդին էինք վերադառնում, որովհետև, հորս ասելով, մեզ պետք եղածը այդ տեսակ մեքենա էր, այսինքն այն, որ կոչվում է «ագարակի սայլակ»:

– Եվ կարմիր էլ է, – ասաց հայրս, – իսկ կարմիրը հենց ամենակայտառ գույնն է, որ կա:

Շատ էլ լավ չհասկացա, թե այդ բանը ինչ կապ ուներ առհասարակ, բայց մտածեցի, որ մի որևէ կապ ուներ երևի:

Հայրս նստեց ղեկի առաջ, միացրեց շարժիչը, ականջ դրեց, դուրս եկավ, բարձրացրեց ծածկը, նայեց շարժիչին, հետո մտավ մեքենայի մեջ, ետևի նստարանը իջեցրեց և մի լայն ու հարթ տեղ ստացվեց առջևի նստարանի ետևում:

– Այստեղ կարող ենք պառկել ու քնել, եթե պետք զգացինք,- ասաց նա ինձ:
Մեքենան հազար դոլար էր, բայց հայրս խոսեց մարդու հետ և քիչ հետո ինը հարյուր դոլար վճարեց ու գնեց մեքենան: Մեր ճամպրուկները դրեց մեջը և քշեցինք Նյու Յորքի փողոցներով. սկսեցինք գնալ, իրիկուն էր, արևը մայր էր մրանում, հոկտեմբերի մեջ մի օր, համարյա երեք տարի առաջ:

Այդ օրից էլ գնում հա գնում ենք:

Մեկ տարի հետո հայրս մի օր ինձ ասաց, որ մայրս ապահարզան է ստացել ու նորից ամուսնացել է, իսկ դրանից վեց ամիս հետո էլ ասաց, որ նա իր երկրորդ ամուսնուց բաժանվել է և նրանից էլ ապահարզան պիտի ստանա: Դժվար էր պատկերացնել, թե ինչ են նշանակում այդ բոլոր ամուսնանալները, բաժանվելներն ու ապահարզանները: Երբեմն հարցնում էի հորս դրա մասին, և նա աշխատում էր բացատրել ինձ, բայց շուտով ինձ թվում էր, թե նա ուրիշ բանի մասին է խոսում:

Ասաց` ես իրավունք ունեմ իմանալու, թե երբ էլ որ ուզեմ գնալ ու մորս հետ ապրել, ինքը ինձ կտանի մորս մոտ, բայց ես էլ նրան ասացի, որ ուզում եմ իր հետ մնալ ու ֆորդի հետ:

Մի ժամանակ մտքովս անցավ, որ նա գուցե ուզում է ազատվել ինձնից, և դրա մասին ամբողջ երկու օր ու երկու գիշեր մտածելուց հետո վերջապես սիրտ արեցի և ուղղակի հարցրի` ուզո՞ւմ է, որ ես գնամ ու մորս հետ ապրեմ: Մի քանի րոպե անցավ, մինչև նա կարողացավ պատասխանել իմ հարցին:

– Ուզում եմ, որ մի բան իմանաս, – ասաց նա վերջապես, և հետո մի հարյուր հատ զանազան բաներ ասաց, բայց ես հասկացա, թե ինչ էր այդ բոլորի միտքը: Նա չէր ուզում, որ ես գնամ ու մորս հետ ապրեմ:

Դրանից հետո ես ինձ ավելի լավ զգացի, և ինչ էլ պատահեր` էլ երբեք չէի մտածում, որ նա ուզում է ազատվել ինձնից:

Մեկ-մեկ վիճում էինք, և մի անգամ կարգին ջղայնացավ ու գոռաց ինձ վրա, մոռացա, թե ինչն էր պատճառը, բայց ես գիտեի, որ նա չի ուզում ազատվել ինձնից, և ես էլ հենց միայն այդ էի ուզում իմանալ:

Դպրոցական արձակուրդների ժամանակ ֆորդի մեջ էինք քնում, և եթե բենզին լիներ բաքի մեջ, կամ եթե փող ունենայինք բենզին գնելու, մի քիչ էլ քշում էինք այս ու այն կողմ, բայց հենց որ դպրոցը բացվում էր` մի որևէ տեղ սենյակ էինք վարձում և այնտեղ ապրում էինք, որպեսզի ես հասցե ունեցող աշակերտ լինեի, ոչ թե մեքենայում ապրող:

Դպրոցում շատ բան եմ սովորել իհարկե, բայց ոչ մի տեղ այնքան բան չեմ սովորել դպրոցից, որքան հորիցս եմ սովորել: Ինձ թվում է` դա նրանից է, որ հայրս շատ գիրք է կարդացել: Նա սիրում է բարձրաձայն կարդալ գրքերը, այնպես որ ես էլ մի բան հասկանում եմ դրանցից:

Նա ինձ բացատրեց, թե ինչ տարբերություն կա գրքի մեջի մարդկանց և բուն մարդկանց միջև, ինչպես օրինակ ինքն ու ես, մայրս ու քույրս, և կարծում եմ, որ համարյա հասկացա նրա բացատրածը: Ասաց, որ ամեն մի պատմության մեջ ամեն ինչ մեր չորսի մասին է, որովհետև մարդկային ամբողջ ընտանիքը այդ է միայն, այսինքն մի մարդ, մի կին, մի տղա և մի աղջիկ` մեծ կամ փոքր, երջանիկ կամ տխուր, այստեղ կամ այնտեղ, լավ կամ վատ, խելացի կամ հիմար, բախտավոր կամ անբախտ, և կամ էլ այդ բոլորն իրար խառնված:

Եվ ահա հիմա քշում էինք գիշերը, Սան-Ֆրանցիսկոյից գնում էինք մի ուրիշ տեղ: Մոտ մի ժամ կովբոյական երգեր երգելուց հետո քունս եկավ և դադարեցի երգելուց, հետո էլ երևի քնել եմ, որովհետև երբ արթնացա` առավոտ էր արդեն: Հայրս դեռ քնած էր:

Չգիտեի որտեղ էինք, բայց ուր էլ որ էր` շատ գեղեցիկ տեղ էր դա, բլուրների մեջ, շուրջը մեծ-մեծ ծառեր, օվկիանոսն էլ հենց մեր դիմացը:

Կամացուկ դուրս եկա մեքենայի այն մասից, որ մեր հյուրասենյակն ու ննջասենյակն էր հորս ասելով, և գնացի տեսնելու, թե մի որևէ կենդանի արարած կա՞ շուրջը:

Մրջյունների մի բույն գտա, փոքրիկ ու կարմիր մրջյունների, և սկսեցի նայել նրանց` հասկանալու համար, թե ինչ են անում: Ոմանք բույնից դուրս էին գալիս ու գնում դեպի ցած, ոմանք էլ դեպի վեր գնում և մտնում էին բույնը: Նրանք անընդհատ այդ ձևով գնում-գալիս էին, որովհետև, ինձ թվում է, միայն այդ ձևը գիտեին:

Նրանց մի շարքը գնում էր մի մեռած թիթեռնիկի մոտ և կտոր-կտոր պոկոտում էին թիթեռնիկը, բայց կտորները չէին ուտում, ոչ էլ իրենց բույնն էին տանում, պարզապես քանդրտում էին, կարծես թիթեռնիկը խորտակված ինքնաթիռ լիներ:

Մի անգամ այդպիսի մի բան եմ տեսել Նյու Յորքում, միայն թե մրջյունների տեղ մարդիկ էին, և թիթեռնիկի կամ ինքնաթիռի տեղ` մի հին վարչական շենք:

Տեսնում էի գրասենյակները շենքում և քանդող մարդկանց, որ աշխատում էին դրանց մեջ, մինչև որ փոքր-փոքր սենյակների մի ամբողջ հարկ էլ չքանում էր, և ի վերջո ամբողջ շենքը կորավ աչքից, հետո մի մեծ փոս մնաց գետնի մեջ, հետո էլ մի նոր շենք սկսեց բարձրանալ այնտեղ, ուր հին շենքն էր եղել, և նոր շենքը հնից երեք անգամ ավելի բարձր եղավ, տեսքն էլ շատ ավելի մաքուր էր:

Բայց այս փոքրիկ, գործունյա, աշխույժ, համառորեն աշխատող մրջյունները, որ միշտ էլ կարգ ու կանոնով էին գործում և գուցե նույնիսկ որոշակի ծրագրով էին քանդում թիթեռնիկը, կարծես ահագին ժամանակ էին վատնում այնպիսի մի բանի համար, որ նախ և առաջ չարժեր անել: Ի՞նչ կարիք կա զբաղվելու մի խեղճ, մեռած թիթեռնիկով: Եթե սնունդի հարց է, ինչո՞ւ ավելի լավ մի բան չուտել: Շուրջը ահագին թարմ, կանաչ տերևներ կային, ինչքան ասես ծաղիկներ, սերմեր, կճեպներ ու նման բաներ, և կարծես թե սրանք ավելի լավ էին ուտելու համար, քան թե մի կենդանի արարած, որ ի վերջո մեռել էր ծերությունից կամ էլ արկածից:

Բայց, համենայն դեպս, մրջյունները հետաքրքիր էին, նույնիսկ զվարճալի, որովհետև կարելի էր երևակայել, թե նրանք բաներ էին ասում իրար: Գուցե նրանցից մեկը թիթեռնիկի մի շոշափուկի մասին ասում էր. «Դե նայիր այս ծառին, եթե ուզում ես մի մեծ ծառ տեսնել»: Իսկ մյուսը պատասխանում էր, թիթեռնիկի աչքերից մեկի մասին խոսելով. «Իսկ այս լուսարձա՞կը: Այսքան մեծ լուսարձակ տեսե՞լ ես կյանքումդ»: Մրջյունները ծիծաղեցրին ինձ և մի տեսակ սիրեցի նրանց, թեկուզ և իրոք թվում էր, թե սոսկալի զբաղված են դատարկ մի գործով:

Որոշեցի շուրջս նայել, որ մի ուրիշ կենդանի բան գտնեմ դիտելու համար, և տեսա մի մողես, որ սեխի չափ մի քարի վրա արևի լոգանք էր ընդունում: Իսկապես սիրուն մի արարած էր և շատ էլ չէր վախեցել, թեև ուզում էր իմանալ, թե ով է դիմացինը: Նայեց ինձ, հետո ուրիշ կողմ նայեց, հետո էլի ինձ նայեց, և մեկ էլ ուղղակի հանդարտվեց մի տեսակ:
Ես նրան ասացի. «Բարի լույս, պստիկ մողես, հի՜ն ախպեր: Ինչպե՞ս ես զգում այս առավոտ արևի տակ, սիրելի օտարական ու բարեկամ»:

Մողեսը դարձավ ու նորից մի հայացք գցեց, և համարյա լսեցի, որ նա խոսեց ամենաորոտալի ձայնով, որի նմանը երբեք չեմ լսել, բայց և միաժամանակ ամենամեղմ, գրեթե լուռ մի ձայն էր դա: «Շատ լավ է, որ դու բարի լույս ես ասում ինձ և այդպիսի բաներ, – ասաց նա, – բայց մի՛ մոռանա, թե ով եմ ես իսկապես, ես վիշապ եմ, որովհետև մենք դեռ այստեղ ենք, դեռ չենք վերջացել. դու մի տարի հետո նորից արի, և անտառի ծառերի մեջ մի ահավոր ճարճատյուն պիտի լսես, և այդ ե՛ս պիտի լինեմ, հազար անգամ ավելի մեծ, քան հիմա, ծառերի մեջ պիտի ման գամ ու կռիվ փնտրեմ»:

Հետո լսեցի նրա ճարճատյունը, բայց չտեսա իրեն, և դա ինձ վախեցրեց, այնպես որ պետք է նրան ցույց տայի, թե չեմ վախենում՝ ոչ հիմա, ոչ էլ մյուս տարի: Հենց այդտեղ բուսած մի արևածաղիկ պոկեցի և, կոթից բռնելով, ծաղիկի կողմը երկարեցի նրան, այնքան մոտեցրի, որ հազիվ երկու բռունցքի չափ մնաց մինչև քիթը: Հետո շարունակեցի ավելի ու ավելի մոտեցնել, որովհետև հիմա այլևս ոչ միայն ուզում էի ցույց տալ, որ չեմ վախենում, ուզում էի նաև իմանալ, թե նա արդյոք հետաքրքրվո՞ւմ է ծաղիկների ձևով ու գույնով կամ էլ նրանց բուրմունքով, – արևածաղիկը լավ բուրմունք ունի, անուշ չէ, բայց համենայն դեպս հաճելի է, – և մեկ էլ հետաքրքիր էր այն միտքը, թե պայծառ երկնքից մի ծաղիկ է իջնում նրա դեմքին: Նա շուռ տվեց գլուխը և դիտեց, բայց երբ ես մի քիչ էլ մոտեցրի ծաղիկը, հանկարծ այնպես արագ փախավ, որ հազիվ կարող էիր տեսնել գնալը: Քարի կողքով իջավ ու կորավ խոտերի մեջ, և էլ չտեսա նրան:

Մի քիչ էլ ման եկա և հանդիպեցի մի գետակի, որ հոսում էր մեծ-մեծ քարերի վրայով, և ահագին մամուռ կար, ջուրն էլ փրփրում էր քարերի վրա, և եթե ուշադրությամբ նայեիր՝ ջրի մեջ փոքրիկ ձկներ կային, շատ հանգիստ, գեղեցիկ ու մաքուր ձկնիկներ, և ոչ մի բան էլ նրանց հոգը չէր:

Վերջապես ետ եկա և տեսա, որ հայրս մարզանք է անում ֆորդի մոտ` թեքվելու վարժություններ: Ես էլ սկսեցի անել, որովհետև մենք հավատք ունենք այդ վարժությունների վրա: Համենայն դեպս ձրի են դրանք: Թեքվելու վարժություններից հետո վեր ձգվելու վարժություններ արեցինք, և հետո հայրս ասաց. «Փնչո, առողջության պես ոչինչ չկա ամբողջ աշարում»: Հայրս իր ձևով է ասում բառերը, ինչպես աշխարհի տեղ` աշար, և կարծում եմ, որ դա էլ նույնքան լավ է համենայն դեպս: Երբ նա առաջին անգամ սկսեց աշխարհին աշար ասել, ես էլ այդպես արեցի, և անշուշտ ինձ թվում էր, թե այդ բառն ասելու ճիշտ ձևը դա է, բայց դպրոցում մի ուսուցիչ մտածեց, թե ես սխալ շեշտով եմ խոսում, և ինձ ասաց ինչպես պետք է արտասանել այդ բառը: Բայց միշտ էլ երբ հորս հետ էի խոսում, բառերն ասում էի նրա ձևով: Նույնիսկ բարձրաձայն գիրք կարդալու ժամանակ հայրս իր ձևով էր ասում հին ու նոր բառերը:

Վարժություններից հետո նստեցինք մեքենան ու սկսեցինք քշել մի տեղ, որ մի քիչ ուտելիք ճարենք, որովհետև համարյա ոչինչ չունեինք այլևս: Հայրս ասաց, որ մոտավորապես վաթսուն մղոն անցել էինք Մոնտրեյից և գնում էինք հարավ: Քշում էինք խճուղիով` զառիվեր, զառիվայր, աջ կամ ձախ, և շատ արագ չէինք գնում, որպեսզի կարողանանք ամեն ինչ տեսնել: Մոտ մի ժամից կամ գուցե մեկուկես ժամից հասանք Լուչիա կոչվող մի տեղ, ուր ճաշարան, խանութ և բենզինի կայան կար` բոլորը միասին:
Հայրս խնդրեց մարդուն, որ մի դոլարի բենզին լցնի բաքը, և հետո խանութ մտանք` մի բան գնելու նախաճաշի, կեսօրվա և ընթրիքի համար:

– Բենզինին վճարելուց հետո մի դոլար և յոթանասուն սենտ փող ունենք, – ասաց հայրս:

– Եվ մի քառորդ էլ, – ասացի ես, ցույց տալով այն քառորդ դոլարանոցը, որ նա տվել էր ինձ նախորդ իրիկուն, երբ Գրեգ Ալախալխալային էլ կես դոլարանոց էր տվել: – Եվ մեկ էլ այս մեքսիկական դոլարը:

– Դա ծախսելու համար պետք է Մեքսիկա գնանք, – ասաց հայրս: – Կալիֆորնիայում շատ բան չենք կարող գնել դրանով:

– Դե լավ, – ասացի, – մի դոլար յոթանասուն սենտ և մի քառորդ, համարյա երկու դոլար է անում: Ահագին ուտելիք կարող ենք գնել երկու դոլարով, այնպես չէ՞:

– Էհ, այո, հասարակ ուտելիք, – ասաց հայրս:

Հայրս մի հատ տարեկանի շերտատված հաց գնեց, մի հատ էլ թթու հաց և մի թղթե տուփ կաթ:

– Վաթսուն սենտ, – ասաց վաճառող կինը: Այդպիսով հորս գրպանում մի դոլար տասը սենտ մնաց, իմ գրպանում էլ` քառորդ դոլարանոցը և, իհարկե, մեքսիկական դոլարը:

Դուրս եկանք խանութից: Տարեկանի հացի կողինձը և երկու շերտ հայրս ինձ տվեց, ինքն էլ մի շերտ վերցրեց ու նախաճաշեցինք: Ես կաթ խմեցի տուփից, ինքն էլ բենզինի կայանի մոտ ջուր խմեց ռետինե խողովակից:

Կայանի մարդը ջուր լցրեց մեքենայի մեջ և ստուգեց յուղը. յուղը մի քիչ պակաս էր, բայց հայրս ասաց, որ դա էլ մեր գործը կտեսնի: Հետո էլ մարդը մի բան ցանեց բոլոր լուսամուտների վրա, մաքուր սրբեց ու փայլեցրեց, և այդ բոլորը մի դոլարի բենզինի դիմաց, միակ բանը, որ գնեցինք նրանից:

– Ի՞նչ քաղաք կա այս խճուղու վրա, մի փոքր, լավ քաղաք, – հարցրեց հայրս մարդուն:

– Մորրո Բելը, – ասաց մարդը: – Ուղղակի հարավ` մոտ հարյուր քսան մղոն կլինի:

– Լավ դպրոց կա՞ այնտեղ:

– Լավ դպրո՞ց, – ասաց մարդը: – Չգիտեմ, բայց կարծում եմ` ուրիշ որևէ դպրոցից վատ չէ:

– Ճանապարհին այգիներ կա՞ն որևէ տեսակի:

– Դե, իսկական այգիներ չկան, – ասաց մարդը, – բայց մեկ-մեկ պտղատու ծառեր ու ընկուզենիներ կտեսնեք, աճում են տեղ-տեղ, բայց անխնամ են թողնված իհարկե, այնպես որ, շատ էլ պտուղ չեն տալիս:

– Ի՞նչ տեսակի անխնամ պտղատուներ են, – ասաց հւսյրս:

– Դե, մի երեսուն մղոն որ գնաք խճուղիով, քսան-քսանհինգ խնձորենի կտեսնեք, դրանց մեջ էլ մի զույգ տանձենի:

– Իսկ բանջարանոցնե՞ր:

– Այս մոտերքը մի քիչ կա, հետո էլ ամբողջ ճանապարհին` մինչև Մորրո Բեյ:

– Ի՞նչ են աճեցնում:

– Ստեպղին, կաղամբ, սոխ և այդպիսի բաներ:

Հետո հայրս մի դոլար վճարեց մարդուն և ճանապարհ ընկանք:

– Ծառերի վրա ոչ մի պտուղ չի լինի, չէ՞, – ասացի:

– Մայիս է, չի լինի, – ասաց հայրս, – բայց երբեմն անցյալ տարվանից մնացած պտուղներ են պատահում, և դրանք էլ վատ չեն լինում երբեմն:

– Հույս ունեմ, որ մի երկու խնձոր ու երկու տանձ կգտնենք:

– Ես էլ հույս ունեմ, – ասաց հայրս, – բայց եթե չգտնենք էլ, համենայն դեպս կտեսնենք ծառերը: Լավ բան է ծառ տեսնելը, մանավանդ պտղատու ծառ: Քեզ կհետաքրքրի խնձորենու և տանձենու տարբերությունը:

– Ինձ կհետաքրքրի որևէ մի ծառ, որի վրա ուտելու բան կա:

– Ինչքան ուզում ես կե՞ր այդ հացից, – ասաց հայրս:

Ես տարեկանի հացից մի շերտ էլ վերցրի և սկսեցի ծամել մի պատառ:

– Համո՞վ է, – ասաց հայրս:

– Դե հա:

– Սիրեցի՞ր այդ փոքրիկ հունդերը հացի մեջ:

– Իհարկե:

– Նույն գինն է` հունդով կամ առանց հունդի, – ասաց հայրս, – իսկ հունդով հացը կարծես ցամաք չի թվում: Երևի մի քսան-քսանհինգ հունդ կլինի ամեն մի շերտի մեջ:

– Ի՞նչ հունդեր են:

– Տարեկանի, – ասաց հայրս: – Մինչև Մորրո Բեյ հասնելու բենզին ունենք: Այսօրվա համար էլ բավական ուտելիք ունենք, և եթե հավանենք քաղաքը, է՛հ, մի քիչ կմնանք այնտեղ:

– Բայց մեքենայի մեջ ապրենք, – ասացի, – սենյակ չվարձենք:

– Լավ քնեցի՞ր:

– Իհարկե:

– Շատ էլ ցուրտ չէր, այնպես չէ՞:

– Ցուրտ չզգացի:

– Դե լավ, գուցե մեքենայի մեջ ապրենք ուրեմն,— ասաց հայրս:— Դանդաղ քշելուս պատճառն այն է, որ երբ դանդաղ ես քշում` մեքենան ավելի քիչ բենզին է սպառում:

– Եվ մեկ էլ` ավելի շատ բան ես տեսնում, – ասացի ես:

– Մի քիչ ել հաց կեր, – ասաց հայրս, և ես մի շերտ էլ վերցրի:

Հայրս նայեց, թե ինչպես կծեցի մի պատառ ու սկսեցի ծամել, դե ես էլ մի շերտ վերցրի ու երկարեցի նրան, իսկ նա ասաց, որ չի ուզում, բայց ես գիտեի, որ ուզում է, միայն թե հրաժարվում է կուշտ հաց ուտելուց, որպեսզի եթե էլ չկարողանանք մի որոշ ժամանակ հաց գնել` ինձ համար ավելի շատ մնա:

– Գիտե՞ս, պապ, – ասացի, – երբեմն մտածում եմ, որ դու խենթ ես:

– Իսկապե՞ս, – ասաց հայրս:

– Գիտես ինչ եմ ուզում ասել:

– Հա երևի, և կարծում եմ շա՞տ լավ ես անում, որ այդպես ես ասում:

Երկուսս էլ միանգամից քահ-քահ ծիծաղեցինք, և մեկ էլ տեսա, որ առանց իմանալու վերջացրել եմ իմ շերտը և այն շերտն էլ, որ ուզում էի հորս տալ:

Գեղեցիկ օր էր: Հացը այնքա՜ն համով էր, որ առաջ երբեք չէի նկատել, թե հացը կարող է այդքան համով լինել:

Մեքենան սքանչելի գնում էր, դանդաղ ու փափուկ, և ես մտածում էի, թե ինչպիսի տեղ կլինի արդյոք Մորրո Բեյը:

Եվ ահա, մի փոքրիկ ծոցի ափին էր քաղաքը, ծոցի մեջ կղզի կար` խաշած հավկիթի նման տնկված մի կղզի, կեսը ջրից վեր, կեսը ջրի տակ, ջուրն էլ կապույտ էր, զով, և ծովից այնպիսի մի բուրմունք էր գալիս, որ սիրտդ բացվում էր:

Մեքենայով շրջեցինք քաղաքում, մի փողոցով բարձրացանք, մի ուրիշ փողոցով իջանք, ամեն ինչ դիտեցինք, դպրոցն էլ, երեք եկեղեցիներն էլ, մարդկանց էլ, և ուրիշ ամեն ինչ, որ կար:

– Ուզո՞ւմ ես այստեղ մի ամիս մնալ, Փնչո, – հայրս:

– Իհարկե, եթե դու էլ ուզում ես, – ասացի:

– Ուզում եմ, – ասաց հայրս, – և ասեմ, թե ինչու: Առաջին, եթե շարունակենք գնալ, ստիպված կլինենք ձեռք տալ քսան դոլարին, իսկ մինչև հիմա դեռ չենք արել այդ բանը:

Երկրորդ, ինձ դուր են գալիս այստեղի տեսարաններն ու բույրը: Երրորդ, կարծում եմ, որ այստեղ շատ լավ կարող ենք քնել մեքենայի մեջ: Չորրորդ, ինձ թվում է, այստեղ կարելի է լավ ձուկ բռնել ծովափնյա ալեկոծությունից, և դա նշանակում է, որ մի քիչ ձրի ուտելիք կճարենք: Հինգերորդ, երբ խճուղին թեքվեց և սկսեցինք իջնել այս քաղաքը, ես այն զգացումը ունեցա, որ բուն իսկ դրախտն էինք մտնում, առանց նախ մեռնելու և թաղվելու անհրաժեշտության, առանց որևէ տակնուվրայության: Վեցերորդ, ինձ դուր է գալիս կատուների և շների տեսքը այս քաղաքի փողոցներում, ջղային կամ գրգռված չեն նրանք, և դա միշտ էլ նշանակում է, որ շուրջի մարդիկ բարեհոգի են: Յոթերորդ, ուզում եմ աչքս այդ կղզու վրա պահել: Ութերորդ, ինձ թվում է, թե այստեղի դպրոցը շատ լավ է և դու սիրով պիտի գնաս այս դպրոցը:

Հայրս դադարեց մեկիկ-մեկիկ թվել ու ցույց տալ այն պատճառները, որով մի որոշ ժամանակ ուզում էր մնալ Մորրո Բեյում, և ես էլ կատակի համար ասացի.

– Իսկ իններո՞րդ:

– Իններորդ, – ասաց հայրս,- ուզենք թե չուզենք` պետք է կանգ առնենք այստեղ, և այդ բոլորից բացի ուզում եմ նաև Մորրո անվան մասին իմանալ: Կարող է, օրինակ,

Հյուսիսային Աֆրիկայի և Իսպանիայի մավրերից ծագած լինել, և եթե դա ճիշտ է, ինչպե՞ս է այս անունը այսքան հեռու տեղեր հասել և ինչո՞ւ հենց այստեղ է օգտագործվել:

– Մարդու անուն չէ՞, – ասացի:

– Կարող է պատահել, – ասաց հայրս, – բայց եթե այդպես լիներ, հավանաբար պետք է Մորրոու ասվեր, անունի վերջին տառը` «ու»: Գուցե նաև ֆիլիպինյան կղզիների բնիկ մի ցեղից է ծագել, կամ էլ այդպես եմ լսել ես: Կարծեմ այնտեղ մի ցեղ կա, որին մորոներ են ասում, թեև նրանց մասին էլ շատ բան չգիտեմ:

Գտանք մի կողմնակի ճանապարհ, որ ուղղակի ծոցի հարավային կոր ափն էր տանում, և այնտեղ հայրս կանգնեցրեց մեքենան: Դուրս եկանք ու կանգնեցինք ավազի վրա, ուղղակի չորս կողմը փունջ-փունջ մոլախոտեր էին աճում: Հայրս դուրս բերեց իր կարմիր, կարճ տաբատը և հագավ: Հետո դուրս բերեց իր կարթաձողը և կցեց լարերը, կարթերն ու սուզագնդիկները, մինչ ես էլ իմ կարճ տաբատն էի հագնում:

Իջանք ջրի ափը և ես ուշադիր նայեցի շուրջս, որ մի որևէ բան գտնեմ խայծի համար, շուտով մի կենդանի ոստրե գտա. և հայրս ջարդեց ոստրեն քարի վրա: Նարնջագույն միջուկի մի մասը հանեց և երկու կարթերի վրա անցկացրեց մի քիչ: Կարթալարերը նետեց ջրի մեջ և, ինչպես սպասում էի, ձողն իմ ձեռքը տվեց, որովհետև գիտեր, թե ես գուցե իրենից ավելի եմ սիրում ձուկ որսալ: Հետո հայրս սկսեց ուշի-ուշով տնտղել գետինը, մի հարյուր մետր քայլեց այդպես, ու ետ գալով զանազան բաներ բերեց խայծի համար` մի հատ էլ ոստրե, երկու փոքրիկ խեցգետին և մի ուրիշ բան էլ, որ գուցե ութոտնիկի մի կտոր էր:

Հայրս նստեց ավազի վրա և սկսեց դիտել կղզին:

– Հույս ունեմ, որ մի մեծ ձուկ կբռնեմ, – ասացի:

– Ես էլ հույս ունեմ, – ասաց հայրս,- բայց եթե փոքր ձուկ էլ բռնես, պետք է երկուսս միասին «Գոհանամք զքեն տեր» ասենք: Կրակի վրա խորոված մի փոքրիկ ձուկ լիներ, սիրով կուտեի:

– Ես էլ:

Բայց ոչինչ չբռնեցի, ձուկ էլ չմոտեցավ նույնիսկ, այնպես որ մի կես ժամ հետո հայրս ասաց, որ լարը ետ քաշեմ ու նայեմ կարթերին ու խայծին: Նայեցի` չէին էլ դիպել խայծերին. հայրս ասաց, որ նորից գցեմ, որովհետև գիտեր, թե ես ուզում էի ինքս գցել, թեկուզ և չէի կարող կարթերը այնքան հեռու նետել, որքան ինքը: Առանց շտապելու
նետեցի և բավական լավ գնաց` մի քիչ ավելի հեռու, քան առաջվա տեղը, և դեռ հինգ րոպե չանցած զգացի, որ ձուկը վերցնում է խայծը, և պատրաստվեցի կարթելու:

Կես րոպե հետո ձուկն սկսեց ուժեղ քաշել. ես էլ ձիգ տվեցի լարը և կարթեցի: Հայրս վեր թռավ ու պատրաստվեց դուրս հանելու ձուկը, բայց գիտեր, որ ես ինքս եմ ուզում ձեռք բերել, այնպես որ նա պարզապես նայեց առանց որևէ բան ասելու, և ես շուտով մի պերկես հանեցի` տասնչորս մատնաչափ կլիներ գլխից մինչև պոչը: Այնքան էլ մեծ բան չէր, բայց իմ և հորս աչքին ահագին մի բան երևաց, և հայրս ասաց. «Փնչո, ընթրիքի համար սքանչելի կլինի այս ձուկը: Դե տես, կարո՞ղ ես մի հատ էլ բռնել»:

– Մի հա՞տ, – ասացի, – վեց կամ յոթը հատ եմ բռնելու, պապ:

Եվ այդպես, երեք ժամ ձուկ որսացի, բայց ժամերը սոսկալի արագ էին անցնում: Իսկապես որ բուն իսկ դրախտն էր այնտեղ, և եթե վեց կամ յոթը հատ չբռնեցի, չորսն էլ վատ չէր համենայն դեպս, մանավանդ որ մեկը երկու ֆունտանոց ծովային կարմրախայտ էր, մեկն էլ երկու ֆունտանոց գորտաձուկ. իսկ մյուս երկուսը պերկես էին: Մաքրելուց հետո դրանց քաշը այդքան չէր մնա իհարկե, բայց միևնույն է` դրանք մի շատ լավ ընթրիք կլինեին մեզ համար: Ուրախ էի, որ հայրս Սան-Ֆրանցիսկոյում եկել ու իջեցրել էր ինձ ծառից և բերել էր այստեղ` Մորրո Բեյի ծովափը:

Եվ ուրախ, էի, որ ապրում էինք «ագարակի սայլակում» և ամբողջ աշարում, փոխանակ մի որևէ տեղ կորած մոլորած տան մեջ ապրելու:

* * *
1 Հեղինակի մոտ «աշխարհ» բառը հնչում է յուրովի. թարգմանության մեջ էլ համապատասխանաբար դարձրել ենք «աշար»։

Անգլերենից թարգմանեց Կարպիս Սուրենյանը

Աղբյուր՝ Գարուն

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում