Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողով 1441

Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողով 1441

 Վաղարշապատի ազգային ժողով, հրավիրվել է Հայոց կաթողիկոսությունը Էջմիածնում վերահաստատելու նպատակով: Պատմաքաղաքական դեպքերի բերումով 484-ից ի վեր Հայոց կաթողիկոսությունը թողել էր իր նախնական աթոռանիստ Վաղարշապատը և տեղից տեղ փոխադրվել (Դվին, Արգինա, Անի, 1105-ից՝ Կիլիկիա, Հռոմկլա, Սիս. տես Կաթողիկոսություն ամենայն հայոց): Կիլիկիայի Հայկական պետության անկումից (1375) հետո Սսի Հայոց կաթողիկոսությունն ընկել է քաղաքական, տնտեսական, հոգևոր-մշակութային ծանր վիճակի մեջ: Դժվարացել է պայքարը նաև Կաթոլիկ եկեղեցու ոտնձգությունների, ունիթորության և կաթոլիկ քարոզիչների (միսիոներների) դեմ: Այդպիսի աննպաստ պայմաններում Հայոց կաթողիկոսությունն անզոր էր օտար երկրներում ստեղծված հայկական գաղութների հետ մշտական կապեր հաստատել, ուսումնական կենտրոններ ստեղծել և տարասփյուռ զանգվածներին ազգային ավանդույթներով շաղկապել:

Մեկուսանալով Կիլիկիայում՝ այն կտրվել էր բուն Հայաստանից ու ժողովրդից, կորցրել կրոն. ու քաղքական երբեմնի կենտրոնի նշանակությունը, ուստի հայ հասարակական քաղաքական, կրոնաեկեղեցական ու մշակույթի գործիչները դեռևս XIII դ. վերջից ձգտել են Հայոց կաթողիկոսությունը տեղափոխել Հայաստան: Սակայն միայն XV դ. 1-ին կեսին, երբ կարակոյունլու Ջհանշահի տիրապետության (1437-67) օրոք համեմատաբար խաղաղ էր երկրի կենտրոն Այրարատում, հայ աշխարհիկ գործիչներն ու հոգևորականները միջոցներ են ձեռնարկել Հայոց կաթողիկոսությունը Վաղարշապատում վերահաստատելու: Ապագա կաթողիկոսանիստը տնտեսապես ամրապնդելու նպատակով Սյունյաց իշխան Ռուստամ Օրբելյանը 1431- ին, վաճառքի անվան տակ, Էջմիածնի վանքին է նվիրել 7 գյուղ: Ստանալով Ջհանշահի հավանությունը և նրա հանձնարարությամբ՝ Երևանի ամիրա Յաղուբ բեկի աջակցությունը՝ Հովհաննես Հերմոնեցին և Թովմա Մեծոփեցին 1439-ից սկսել են նախապատրաստել Վաղարշապատի ժողովը: Նամակներ են հղել և ստացել հայ հոգևորականների ու աշխարհիկ խոշոր գործիչների, նաև Կիլիկիայի 4 թեմակալ եպիսկոպոսների գրավոր համաձայնությունը: Միաժամանակ, 1440-ի վերջին Սսի կաթողիկոսարանից անհայտացել է Լուսավորչի Աջը, ինչը հեշտացրել է կաթողիկոսական աթոռի տեղափոխության հարցը (Հայ եկեղեցու ավանդական կանոնադրությամբ կաթողիկոսարանում պարտադիր է ս. Գրիգոր Լուսավորչի Աջի առկայությունը, որը համարվում է կաթողիկոսական աստիճանի խորհրդանիշը, և որի զորությամբ են տրվում օրհնություններն ու կատարվում օծումները):

1441-ի սկզբին Հովհաննես Հերմոնեցին Էջմիածնում կայանալիք ժողովին մասնակցելու համար շրջաբերական հրավիրագրեր է հղել հոգևոր-եկեղեցական, հասարակական քաղաքական ու մշակույթի նշանավոր գործիչներին: Էջմիածնի ազգային եկեղեցական ժողովը նշանակված էր ս. Զատկից (1441-ի ապրիլի 16-ից) հետո:

Մայիսի սկզբին մասնակիցները հավաքվել են Երևանում և մեծ շուքով մեկնել Վաղարշապատ: Մայիսի 2-րդ կեսին տեղի է ունեցել Է. ազգային եկեղեցական ժողովը, որին մասնակցել է ավելի քան 300 մարդ, այդ թվում հանվանե՝ 4 արքեպիսկոպոս, 12 եպիսկոպոս, 21 վարդապետ, ինչպես նաև այլ հոգևորականներ, աշխարհականներ և ժողովրդի ներկայացուցիչներ: Էջմիածնի ազգային եկեղեցական ժողովի որոշումներին նախօրոք գրավոր համաձայնություն էին տվել Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Գ Աղթամարցին, 7 եպիսկոպոսներ և 16 վարդապետներ: Իր համաձայնությունն էր տվել նաև Գանձասարի կաթողիկոս Հովհաննես Հասան-Ջալալյանը: Հրավիրված էր և Հայոց կաթողիկոս Գրիգոր Թ Մուսաբեկյանցը, որը թեպետ մերժել էր հրավերը և չէր ցանկացել հեռանալ Սսից, սակայն արգելք չէր հարուցել: Էջմիածնի ազգային եկեղեցական ժողովը կրել է համազգային բնույթ և ընթացել հայ եկեղեցական կանոնների հիման վրա՝ օրինականության և վավերականության սահմաններում: Քանի որ Գրիգոր Թ Մուսաբեկյանցը հրաժարվել էր ներկայանալ ժողովին և վերաօծվել կաթողիկոս, ապա առաջադրվել են ուրիշ թեկնածուներ (Զաքարիա Հավուցթառեցի, Հովհաննես Հերմոնեցի, Զաքարիա Աղթամարցի, Գրիգոր Արտազեցի), սակայն, հավանաբար կողմերի հավասար քվեների պատճառով, կաթողիկոս է ընտրվել չեզոք անձ՝ Կիրակոս վրդ. Վիրապեցին: Էջմիածնի ազգային եկեղեցական ժողովից որոշ ժամանակ անց հայտնաբերվել է նաև Լուսավորչի Աջը և վերահաստատվել Մայր աթոռ Ս. Էջմիածնում, որով վավերականացվել է կաթողիկոս. գահակալությունը Վաղարշապատում:

Գրկ. Թովմա Մեծոփեցի, Յիշատակարան, Թ., 1892: Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914: Հովսեփյան Գ., Թովմա Մեծոփեցու կյանքը, Վաղպատ, 1914: Լեո, Երկ. ժող., հ. 3, գիրք 1, Ե., 1969:

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում