«Սուսերով պարը» ֆիլմն ընդգրկվել է Շանհայի փառատոնի մրցութային ծրագիր

«Սուսերով պարը» ֆիլմն ընդգրկվել է Շանհայի փառատոնի մրցութային ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, Panotama.am: Հունիսի 15-24-ը Չինաստանում կայանալու է Շանհայի 22-րդ կինոփառատոնը, որտեղ կայանալու է «Սուսերով պարը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որի ռեժիսորը և սցենարի հեղինանկ է խորհրդային տարիներից հայտնի Յուսուփ Ռազիկովը։ proficinema.ru կայքի հաղորդմամբ, ֆիլմն ընդգրկվել է «Միջազգային համայնապատկեր» մրցութային ծրագրում։

«Սուսերով պարը» պատմում է հայտնի կոմպոզիտոր Արամ Խարատրյանի հանրահայտ «Սուսերով պարի» ստեղծման պատմությունը, որը կոմպոզիտորը գրել է ընդամենը ութ ժամում։ Ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում 1942 թվականին Մոլոտով (Պերմ) քաղաքում։

«Ես մանկուց հետաքրքրվում էի Արամ Խաչատրյանի ստեղծագործական գործունեությամբ։ Նրա գործերում կան անհավատալի ուժ, հզորություն և մեծություն։ «Սուսերով պարը» աշխարհում ամենահաճախ կատարվող ստեղծագործությունն է, որը յուրօրինակ էր 20-րդ դարի համար ոչ միայն իր հայտնիությամբ, նաև բովանդակությամբ։ Մենք ուրախ ենք, որ նաև չին հանդիսատեսը հնարավորություն կունենա գնահատել մեր աշխատանքը և ընկղմվել բալետի և երաժշտության աշխարհ։ Չին հանդիսատեսն ինձ համար առեղծված է, շատ հետաքրքիր է, թե ինչպես կարձագանքեն ֆիլին։ Հեղինակի ստեղծագործելու վրա պետության ազդեցության թեման այս ֆիլմի կենտրոնում է։ Այդ հարցը միշտ և հիմա էլ արդիական է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Չինաստանում։ Այս ֆիլմը փորձ է հասկանալու փայլուն ստեղծագործության ծնունդն արվեստագետների և պետության միջև բարդ հարաբերությունների պայմաններում»,- ասել է Յ. Ռազիկովը։

Գլխավոր դերակատարն է Համբարձում Կաբանյանը։ Ֆիլմը նկարահանվել է Ռուսաստանում և Հայաստանում, այդ թվում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և Խոր Վիրապ վանքում։

«Իմ երաժշտական ընտանիքում մի անհնազանդ ու աղմկոտ զավակ կա՝ «Սուսերով պարը» «Գայանե» բալետից: Ազնվությամբ, եթե ես իմանայի, որ այն այդպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործություններին, ապա երբեք այն չէի գրի: Արտասահմանում ինձ գովազդում են որպես «պարոն Սեյբրդանս» (անգլերեն sabre՝ սուսեր և dance՝ պար բառերից): Դա, նույնիսկ, բարկացնում է ինձ: Ես այն անարդարացի եմ համարում …»,- ասել է Արամ Խաչատրյանը:

«Գայանե» բալետի առաջին բեմադրությունը եղել է 1942 թվականի դեկտեմբերի 9-ին Պերմում:

««Սուսերով պարը» կոմպոզիտորի խոստովանմամբ, հանկարծակի է ծնվել: «Գայանե»-ի պարտիտուրի ստեղծումից հետո սկսվեցին փորձերը: Թատրոնի տնօրենը իր մոտ կանչեց Խաչատրյանին՝ ասելով, որ վերջին գործողության մեջ հարկավոր է պար ավելացնել:

Կոմպոզիտորն այն դժկամորեն արեց, քանի որ բալետն ավարտված էր համարում: Այդուհանդերձ, այդ միտքը ստիպեց նրան մտածել:

«Պարը պետք է արագ, մարտական լինի, – հիշում էր Խաչատրյանը։ – Ձեռքերս անհամբերությամբ ակորդ վերցրեցին, և ես սկսեցի մաս-մաս նվագել այն, ինչպես օստինատային, կրկնվող դարձվածք: Կտրուկ շարժում էր անհրաժեշտ. ես վերցրեցի վերևի ձգվող տոնը: Ինչ-որ բան ինձ «բռնեց». ահա, կրկնենք ուրիշ տոնայնության մեջ:

Սկիզբը դրված է: Այժմ կոնտրաստ է անհրաժեշտ… Բալետի երրորդ պատկերում երգային թեմա, լիրիկական պատկեր ունեմ: Մարտական սկիզբը ես միացրի այդ թեմային՝ այն սաքսաֆոնն է կատարում, ապա վերադարձա սկզբին, սակայն արդեն նոր որակով:

Սկսեցի աշխատել ցերեկվա ժամը 3-ին, իսկ մոտավորապես գիշերվա 2-ին ամեն ինչ պատրաստ էր: Առավոտյան ժամը 11-ին պարը հնչեց փորձի ժամանակ: երեկոյան այն բեմադրվեց, իսկ հաջորդ օրն արդեն գլխավոր փորձն էր … »» (khachaturian.am):

«Գայանե» բալետի երաժշտության համար Արամ Խաչատրյանը արժանացել է Ստալինյան առաջին կարգի մրցանակի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում