Գեղհովիտում եւ Ծովասարում վերընտրվել են համայնքների գործող ղեկավարները

Գեղհովիտում եւ Ծովասարում վերընտրվել են համայնքների գործող ղեկավարները

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ եւ Ծովասար համայնքներում 2019 թվականի հունիսի 9-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթող են ճանաչվել գործող համայնքապետեր Վարդան Պողոսյանը եւ Արտաշես Մխիթարյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 21 ՏԸՀ-ից, Գեղհովիտում գրանցված 4585 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 2361 ընտրող, որոնցից 789-ը քվեարկել է համայնքի գործող ղեկավար, անկուսակցական, ինքնաառաջադրված Վարդան Պողոսյանի օգտին: Երկրորդ տեղում է անկուսակցական, ինքնաառաջադրված Նաղաշ Հակոբյանը, ում օգտին տրվել է 678 ձայն: 389 ձայն շահել է Մակիչ Իսպիրյանը, 198 ձայն՝ Ուրարտու Սաֆարյանը, 156 ձայն՝ Տիգրան Սուքիասյանը: Քվեարկված մյուս թեկնածուները եւս անկուսակցական են:

Ծովասարում, ի տարբերություն Գեղհովիտի, համայնքի ղեկավարի պաշտոնը վիճարկում էին երկու թեկնածու՝ համայնքի գործող ղեկավար, անկուսակցական Արտաշես Մխիթարյանը եւ անկուսակցական Բաբիկ Հակոբյանը: Ծովասարում գրանցված 2093 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 797 ընտրող, որոնցից 523-ը քվեարկել են Արտաշես Մխիթարյանի օգտին: Բաբիկ Հակոբյանը շահել է 255 ձայն:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում