Նախագահը տրվեց գործող քաղաքական ուժի ճնշմանը. Ռ. Մելիքյան

Նախագահը տրվեց գործող քաղաքական ուժի ճնշմանը. Ռ. Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը Tert.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկրորդ անգամ ԱԺ-ին ներկայացրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը, կարծիք հայտնեց, թե Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված պարզաբանումները բավականին թափանցիկ ձևով տալիս են այդ հարցի պատասխանը՝ կար քաղաքական ճնշում գործող քաղաքական ուժի կողմից, և նախագահը տրվեց այդ ճնշմանը՝ առաջադրելով իշխող քաղաքական ուժի համար միակ ընդունելի թեկնածուին:

«Ակնհայտ է, որ նախագահի կողմից ներկայացվող մյուս թեկնածուները ԱԺ մեծամասնության նեղ քաղաքական տեսակետները չկիսող անձինք էին: Այսինքն՝ ոչ թե հակառակ մոտեցումներն ունեցող, այլ առավելապես քաղաքական չեզոքություն ունեցող թեկնածուներ էին»,-ասաց Ռ. Մելիքյանը:

Իրավապաշտպանը պատճառային կապ է տեսնում մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու հայտարարության և ՍԴ դատավորի ընտրության միջև: Ասում է՝ այն սահմանադրական գործառույթը, որ ունի ՀՀ նախագահը, դրա պատշաճ իրացումը չերևաց:

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիրը կարծում է՝ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը պետք է սկզբունքային մոտեցում ցուցաբերեն ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության հարցի առնչությամբ՝ հավատարիմ մնալով իրենց նախկին դիրքորոշմանը. «ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերն արդեն իսկ առիթ են ունեցել հստակ դիրքորոշում արտահայտել, մասնավորապես 2018 թ. մայիսին: Երբ նախագահը ներկայացրել էր ՍԴ դատավորի թեկնածուին, հասարակական կազմակերպությունների կողմից հնչեց կարծիք, որ սա անընդունելի է և, անկախ թեկնածուի անձից, ցանկալի է՝ իրականացվի որոշակի մրցութային ընթացակարգ՝ թափանցիկ, արդարացի:

Միայն այդ դեպքում նախագահը պետք է ներկայացնի թեկնածուին: Խորհրդարանական քաղաքական ուժերը՝ ԲՀԿ-ն, «Ելք» դաշինքը, որի կազմում ընդգրկված կուսակցություններն այսօր էլ ներկայացված են ԱԺ-ում, համաձայնեցին այդ դիրքորոշման հետ և փաստացի չմասնակցեցին այդ թեկնածուի քվեարկությանը՝ կարևոր դեր ունենալով այդ հարցում: Այսպիսով, հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է առանց մրցութային ընթացակարգի առաջադրած թեկնածուի մասով այդ նույն մոտեցումը մեր քաղաքական ուժերը չդրսևորեն այսօր: Մենք այսօր մեր հայտարարությամբ հիշեցնում ենք բոլորին այդ իրավիճակի մասին և կոչ ենք անում վարվել այնպես, ինչպես այդ քաղաքական ուժերը վարվեցին 2018 թ. մայիսին, այսինքն՝ փաստացի չմասնակցել քվեարկությանը և հնարավորություն տալ նախագահին իսկապես մրցութային ընթացակարգով թեկնածու առաջադրել»:

Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի՝ երկրորդ անգամ առաջադրվելու հարցին, Ռուբեն Մելիքյանն ասաց, որ իր կարծիքով՝ եթե որևէ անձի թեկնածության վերաբերյալ կա կասկած, ապա ցանկալի չէ, որ այդ անձը լինի թեկնածու. «Կա բավականին ծանրակշիռ մոտեցում այն մասին, որ եթե անձը մեկ անգամ ներկայացվում է ԱԺ-ին և չի ընտրվում, ապա նա այլևս նույն սուբյեկտի կողմից ներկայացվել չի կարող: Կրկնում եմ՝ խոսքը վերաբերում է նույն սուբյեկտի կողմից առաջադրվելուն: Եթե գա ժամանակը և կառավարության հերթը լինի ներկայացնելու իր թեկնածուն ԱԺ-ին, ապա չեմ կարծում, որ որևէ մեկը կգտնվի, որ անտրամաբանական կհամարի, օրինակ, նույն Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումը: Սակայն երբ խոսքը վերաբերում է նախագահին, իմ կարծիքով, իրավաչափ չէր այսպիսի թեկնածուի առաջադրումը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում