Իրականացվեց «Ճանաչիր Հայրենիքը և պատմիր նրա մասին» երկաթուղային տուրը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աջակցությամբ հունիսի 8-ից 9-ը տեղի է ունեցել «Ճանաչիր Հայրենիքը և պատմիր նրա մասին» 450 կիլոմետրանոց երկաթուղային տուրը: «Դեպի ԱՊՀ երկրների միասնական երիտասարդական տարածություն» երկրորդ գիտատուրիստական արշավի շրջանակներում կազմակերպած արշավի մասնակիցները շաբաթ օրը մեկնեցին Երևան-Գյումրի-Վանաձոր-Ալավերդի-Երևան երթուղով:

Երևան կայարանում գնացքը ճանապարհեցին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-պատվիրակ Սերգեյ Օվերչենկոն, Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, ՀԿԵ ՓԲԸ ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը:

ԱԺ փոխխոսնակը և դեսպանության խորհրդական-պատվիրակը բարձր գնահատեցին նման միջոցառումների անցկացումն ու ՀԿԵ-ի դերը դրանց կազմակերպման գործում:

Գյումրիում տուրի մասնակիցները զբոսնեցին քաղաքով, ծաղիկներ դրեցին ռուս-թուրքական պատերազմների ժամանակ զոհված ռուս սպաների հիշատակին նվիրված Պատվո բլրին և 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանին: Նրանք նաև այցելեցին սահմանակետն ու հանդիպեցին երիտասարդների հետ:

Վանաձորում տուրիստներն այցելեցին հայկական ու ռուսական եկեղեցիներն, իսկ ժամանելով Ալավերդի՝ ավտոբուսներով մեկնեցին դեպի Հաղպատի և Սանահինի վանքերն, այցելեցին Միկոյան եղբայրների տուն-թանգարանն, Ախթալա և Դսեղը, որտեղ գտնվում է հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը:

Երկօրյա արշավը կազմակերպել էր Տուրիզմի միջազգային ակադեմիան (Ռուսաստան) և Տուրիզմի հայկական ինստիտուտը: Սա արդեն երկրորդ նմանատիպ միջոցառումն է: Առաջին արշավը տեղի էր ունեցել 2012 թվականի սեպտեմբերի 30 – ից հոկտեմբերի 9-ը, երբ մասնակիցներն անցան 1,6 հազար կիլոմետր Հայաստանի հյուսիսից հարավ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում