Ինչի՞ մասին են խոսում վարչապետի՝ Կառավարության նիստում հայտարարված տնտեսական ցուցանիշները. պարզաբանում է փորձագետը

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Կառավարության նիստում (27.06.2019) վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի մասին՝ դրական գնահատելով հատկապես «աճի բովանդակությունը»: Ցուցանիշի ու դրա կառուցվածքի մասին զրուցել ենք «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի հետ:
«Տնտեսական ակտիվության ցուցանիշը հրատարակված է և այն կարելի է դրական գնահատել՝ որպես տնտեսության, շնչող օրգանիզմի բնականոն աշխատանքի արդյունք:
Տնտեսական ակտիվության աճի ցուցանիշի բացակայություն ունենում ենք բացառիկ դեպքերում, օրինակ, ինչպիսին էր իրավիճակը հեղափոխության օրերին, իսկ այսօրվա գրանցված աճն առավել քան բնական է: Հետևաբար տնտեսական ակտիվության և տնտեսության այլ ցուցանիշների աճի համեմատականները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ թվային մանիպուլյացիա են դառնում, քանի որ այդ ամիսներին, ի նկատի ունեմ ապրիլ, մայիս, հունիս ամիսները, տնտեսությունը գրեթե պարալիզացված էր:
Ներկայիս իշխանություններն իրենց վարած տնտեսական քաղաքականության գնահատակը պետք է փնտրեն ոչ թե այդ ժամանակահատվածի հետ համեմատություններում, այլ օրինակ ավելի վաղ՝ 2017, 2016 թթ.-ի»,– մասնավորեցրեց Լ. Ամիրխանյանը:
Ըստ նրա, 2017թ.-ի հունիսի համեմատ (6,3%) այս տարի հունիսին փաստորեն տնտեսական ակտիվությունն աճել է 1%-ով, ցուցանիշ, որը հեռու է հեղափոխական լինելուց: Նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև այլ ցուցանիշները:
Փորձագետն ուշադրություն հրավիրեց նաև վարչապետի հայտարարությանն այն մասին, որ տնտեսությունն ընկալել է տնտեսական հեղափոխության մասին կառավարության մեսիջները: «Վարչապետը խոսեց տեխնոլոգիատար արտադրանքի ու արտահանման աճի մասին՝ հիշեցնելով, որ դեռևս աշնանը նշել են, որ այդ ոլորտները պետք է առավել մեծ աճ գրանցեն: Կառավարության ցանկությունն օբյեկտիվ է, սակայն այսօրվա վիճակագրությամբ արձանագրված աճը վերագրել տնտեսական հեղափոխության մեսիջների ընկալմանն, այնքան էլ ճիշտ չէ: Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ Կառավարության նիստերին տնտեսական հեղափոխության տրամաբանության ներքո արված հայտարարությունները, բարձրաձայնված ցանկությունները մի քանի ամսում կարող են արդյունավետ իմպլեմենտացիա ցուցադրել միայն այն դեպքերում, եթե դրանք վարչարարությանն են վերաբերում, կամ հարկահավաքմանը: Ուստի ասել, որ այդքան կարճ ժամանակահատվածում դա նկատելի է այնպիսի մեծ ոլորտներում, ինչպիսին է տեխնոլոգիատար արդյունաբերությունը, կոռեկտ չէ»,– նշել է Ամիրխանյանը:
Ամիրխանյանը պնդում է, որ այս ոլորտի աճը տարիներ առաջ ՏՏ ոլորտի գերեկա ճանաչման ու տարիներ ի վեր այդ ուղղությամբ տարված աշխատանքի արդյունք է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում