Մհեր Գրիգորյանը և Հասան Ռոհանին խոսել են էներգետիկ ոլորտում համագործակցության շուրջ

Մհեր Գրիգորյանը և Հասան Ռոհանին խոսել են էներգետիկ ոլորտում համագործակցության շուրջ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Թեհրանում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Նշելով, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամական կապերի և փոխվստահության վրա՝ փոխվարչապետը հույս է հայտնել, որ դրանք ավելի կամրապնդվեն և կընդլայնվեն համատեղ ջանքերով:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Մհեր Գրիգորյանը Իրանի նախագահին տեղեկացրել է, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկու երկրների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության զարգացման ևս մեկ խթան հանդիսացող ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով նախատեսված հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը և Հասան Ռոհանին մտքեր են փոխանակել նաև էներգետիկ ոլորտում համագործակցության շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում