Բացառելու ենք սահմանադրական կարգի դեմ հնարավոր ոտնձգությունները. Վարչապետ Փաշինյանի ուղերձը

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առիթով: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Նախորդ տարի մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք իրենց բնույթով լիարժեք համապատասխանում էին Սահմանադրության տառին և ոգուն, ևս մեկ անգամ ապացուցում են, որ մեր քայլերը միտված են իրավունքի և օրենքի գերակայության ապահովմանն ու ամրապնդմանը:
Մայր օրենքի` Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է և մենք հետևողականորեն շարունակելու ենք իրավական դաշտի բարեփոխումներն ու լիարժեք անկախ դատական համակարգի կայացման ուղղությամբ քայլերը: Այդ հարցում մենք զգում ենք հասարակության լիարժեք աջակցությունը, ինչը լրացուցիչ ազդակ է հաղորդում մեր գործողություններին:
Մենք մեր հաստատակամ քայլերով բացառելու ենք սահմանադրական կարգի դեմ հնարավոր ոտնձգությունները և լիարժեք կյանքի ենք կոչելու Հայաստանի քաղաքացիների` Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները։
Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,
Կրկին շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղություն, երջանկություն և ամենայն բարիք»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում