+42 աստիճան շոգ ու առանց ջուր

+42 աստիճան շոգ ու առանց ջուր

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Հուլիսի 12-ից ի վեր Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչներից շատերը խմելու ջուր չունեն։

Քանի որ ջրամատակարարումը հաճախ է գրաֆիկի խախտումներով իրականացնում, գյուղացիները մեծ փոսեր են փորել, բետոնապատել, ջրի խողովակներին պոմպեր են միացրել ջուր պահեստավորելու համար։ Ու քանի որ տասն օրից ավելի ջուր չի եղել, կամ էլ մի քանի րոպե կաթկթացել է, ջրհորներն էլ դատարկվել են։

«11 օր առանց ջուր ենք եղել։ Ստիպված կանեստրով ջուր եմ առել, որ գոնե երեխաների մարմինը էս 42 աստիճան շոգին հաճախ շփեմ ջրով։ Էլ չեմ խոսում կուտակված լվացքի ու այլ խնդիրների մասին»,- բողոքեց Panorama.am-ի խմբագրություն զանգահարած բնակչուհիներից մեկը։

Նա թվարկում է` մարդիկ դաշտ են գնում, հոգնած գալիս են, լողանալու հնարավորություն չկա, հագուստը լվանալու ճար չկա, պահածոյացման շրջանն է, պտուղն ու հատապտուղը ճյուղերի վրա չորանում են, ջուր չկա, որ լվանան, կոմպոտ սարքեն։

Բնակիչներն ասում են՝ օրեր շարունակ զանգարահում են 1-85 հեռախոսահամարին, ի պատասխան ասում են՝ օպերատորները զբաղված են։

Panorama.am-ը դեռ երեկ առավոտյան բնակիչների բողոքը փոխանցեց «Վեոլիա Ջուր» ընկերությանը։ Ի պատասխան այսօր հայտնեցին.

«Արարատի մարզի Տափերական գյուղին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ջուր մատակարարվում է համաձայն գրաֆիկի:Նաև հարկ ենք համարում նշել, որ Տափերական գյուղի ներքին ցանցում կարգավորումներն իրականացվում են համայնքապետարանի աշխատակցի կողմից, և հետևաբար որևէ հատվածում ջրամատակարարման խնդրի կարգավորման համար հարկավոր է դիմել համայնքապետարանին»։

Ընկերության հավաստիացումից հետո էլ բնակիչները ասացին, ջուր չունեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում