Միասնության «բաստիոնը» վտանգի տակ է

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Վերջին շրջանում Արցախից անընդհատ տագնապալից լուրեր են գալիս: Եթե կարճ ասեմ, հիմքը ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարություններն են, որոնք մտահոգություններ են առաջացնում ոչ միայն ՀՀ-ում և Արցախում, այլ նաև սփյուռքում:
Մեր միասնության վերջին «բաստիոնը» վտանգի տակ է ու հենց միայն այն պատճառով, որ Սամվել Բաբայանն ամեն գնով փորձում է մասնակցել նախագահական ընտրություններին: Օրենք, սահմանադրություն, միջազգային իրավունք, դա նրան չի հուզում, կարևորն աթոռ է և պետական բարիքներից անվերապահ օգտվելու մոլուցքը, միգուցե նաև ռևանշիզմը, որը շարունակում է ուղեկցել վերջինիս:
Կարգախոսը նույնն է՝ նպատակն արդարացնում է միջոցները: Արցախի իշխանությունները՝ ոստիկանության և ԱԱԾ-ի միջոցով Բաբայանին ու նրա շուրջ միավորվող խմբերին զգուշացրել են, որ օրինականությունից դուրս ցանկացած քայլ համարժեք արձագանքի կբերի:
Սամվել Բաբայանը կարծես թե անհաղորդ է այդ զգուշացումներին և ցանկանում է աջուձախ սպառնալ, ընդհուպ՝ մարդկանց իրար դեմ հանելու ու փողոցի միջոցով հասնելու իշխանափոխության: Մեկ-երկու քայլ է կարծես մեզ բաժանում քաղաքացիական պատերազմից:
Այս իրավիճակում մի քանի հարցադրումներ են առաջ գալիս: Կարող ե՞նք մեզ թույլ տալ ցնցումների գնալ՝ մեծապես վտանգել մեր անվտանգությունը՝ բոլոր առումներով: Կարծում եմ՝ ոչ:
Կա՞ Արցախում իրավիճակ, որը պետական կառավարման համակարգի պարալիզացվածության կամ խայտառակ անարդյունավետությամբ մարդկանց, պետությանը անդունդ է գլորում: Կարծում եմ՝ ոչ:
Կա՞ վտանգ երկիրը կորցնելու՝ կա, բայց այն դեպքում, եթե վերջնականապես կորցնենք իրականության զգացումը, թքած ունենանք մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա ու գնանք բախումների, ինչը բոլորիս վերջն է լինելու՝ Արցախում, Հայաստանում և սփյուռքում:
Ունի՞ Հայաստանի իշխանությունն այս հարցում պատասխանատվություն և անելիք: Միանշանակ, ավելին՝ անտարբերությունն և իրավիճակի ճիշտ չգնահատելն ու չգործելը հետագայում քաղաքական պատասխանատվության խնդրի առջև է կանգնեցնելու նաև Հայաստանի իշխանություններին և անձամբ Նիկոլ Փաշինյանին՝ նվազագույնն անգործություն դրսևորելու հիմքով:
Իսկ Ադրբեջանը… դեռ մինչև Ադրբեջանն այնքան ռիսկեր ու վտանգներ կան, որ այս հարցի քննարկումն ու հնարավոր ներգործությունը թողնում ընթերցողներին ու հարցով մտահոգվողներին:
Արմեն ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում