Արթուր Ալեքսանյան․ Ցանկանում էի վնասվածքով մասնակցել եզրափակիչ գոտեմարտին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Հունահռոմեական ոճի ըմբիշների համար ավարտվեց աշխարհի առաջնությունը։ Հայաստան ժամանելուց հետո աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը խոսել է իր մրցելույթների, վնասվածքի և առաջիկա անելիքների մասին։
«Ճիշտն ասած՝ մի քիչ հիասթափված եմ։ Շատ լավ մարզավիճակում էի։ Աշխարհի նախորդ առաջնություններում, որտեղ հաղթել եմ, այսքան լավ չեմ զգացել ինձ։ Բոլորն են տեսել, որ հաղթել եմ իմ հիմնական մրցակիցներին։ Թուրք ըմբիշի հետ գոտեմարտելիս վնասվածք ստացա։ Դրանից հետո անցկացրել եմ ևս երկու գոտեմարտ։ Կիսաեզրափակչում վնասվածքը կրկնվեց և հաջորդ օրը չկարողացա շարունակել մրցելույթս։ Եզրափակիչ գոտեմարտից կես ժամ առաջ դեռ ցանկանում էի գոտեմարտել։ Այնտեղ կային բժիշկներ, որոնք ներարկումներ արեցին, սակայն ցավն ընդհանրապես չթուլացավ։ Եթե ինձ մնար, կմասնակցեի՝ թեկուզ այդ վիճակում։ Մարզիչներս ու բժիշկները որոշեցին, որ չեմ մասնակցելու, քանի որ վտանգ կար, որ վնասվածքն ավելի կխորացնեի։ Իմ առաջին նպատակն օլիմպիական վարկանիշ ձեռք բերելն էր։ Այժմ բուժզննում կանցնեմ, կապաքինվեմ և լիարժեք կնախապատրաստվեմ Տոկիո-2020-ին»,- «Էպիկենտրոնին» ասել է օլիմպիական չեմպիոնը։
Հիշեցնենք, որ hունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու մեդալով ավարտեց ելույթն աշխարհի առաջնությունում:
Սլավիկ Գալստյանը (63 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) նվաճել էր արծաթե մեդալ: Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չէր մասնակցել եզրափակիչ գոտեմարտին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում