Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներն ամփոփեցին ԱԱ-ն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց Ղազախստանի մայրաքաղաքում Նուր-Սուլթանում անցկացված աշխարհի առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը նշեց, որ ըմբիշների ելույթներից և՛ գոհ է, և՛ դժգոհ:
«Աշխարհի առաջնությունը բարդ էր, քանի որ այն վարկանիշային էր Օլիմպիական խաղերի համար: Բոլոր թիմերը լավ էին պատրաստվել, եւ փորձում էին նվաճել հնարավորինս շատ վարկանիշներ: Տղաների ելույթներից և՛ գոհ ենք, և՛ դժգոհ: Գոհ ենք, որ ունեցանք 2 վարկանիշ: Մի քանի քաշային կարգերում կարող էինք ավելի լավ հանդես գալ, սակայն ինչ-ինչ պատճառներով չստացվեց: ԱԱ-ում թույլ մրցակիցներ չկային: Կարող ենք մեր դժգոհությունը հայտնել մրցավարության վերաբերյալ, քանի որ 63 կգ քաշային կարգում կարող էինք եզրափակիչում տեսնել մեր ըմբիշին: 55 եւ 67 կգ քաշային կարգերում եւս մրցավարները խանգարեցին մեզ: Մնացած գոտեմարտերում մրցավարությունը նորմալ էր: Կարապետ Չալյանը բարձր ջերմություն ուներ մրցումներից առաջ ու ընթացքում: Դեռ չենք կարող ասել՝ ով կմասնակցի Օլիմպիական խաղերին՝ Չալյանը, թե Արսեն Ջուլֆալակյանը: Դեռ շատ ժամանակ կա: Վստահեցնում ենք՝ կգնա նա, ով ավելի ուժեղ է»,- ասաց մարզիչը:
Հավաքականի մարզիչներից Սամվել Գեւորգյանը դժգոհեց աշխարհի առաջնության մրցավարությունից ու վիճակահանությունից:
«Վերջին 3-4 տարվա ընթացքում սա ամենաուժեղ ԱԱ-ն էր: Մասնակցեցին ուժեղագույն ըմբիշները, քանի որ վարկանիշները կարեւոր էին յուրաքանչյուր երկրի համար: Կարող եմ ասել, որ շատ վատն էր վիճակահանությունը, որը, կարծես, ստեղծված լիներ մի քանի երկրների համար: Օրինակ՝ Արթուր Ալեքսանյանն անցկացրել է 5 գոտեմարտ իր հիմնական մրցակիցների հետ: Նույնը կարելի է ասել 60 եւ 67 կգ քաշային կարգերի մասին: Մրցավարությունը շատ վատն էր: Մրցավարների մոտ ևս կար լարվածություն, քանի որ այս մրցման արդյունքում պետք է ընտրվեին Օլիմպիական խաղերի մրցավարները: Մենք չհասկացանք, թե 67 քաշային կարգում մրցավարները գոտեմարտի ավարտից 30 վայրկյան առաջ ինչի համար միավոր տվեցին Կարեն Ասլանյանի մրցակցին: Դրանից հետո Միխայիլ Մամիաշվիլին մոտեցավ եւ ասաց, որ ինքն էլ չհասկացավ այդ որոշումը, եւ եթե մրցավարները չբացատրեն իրեն, ապա կպատժվեն: Մրցավարը պատժվեց, սակայն մենք զրկվեցինք մեկ վարկանիշից: Եթե Արթուր Ալեքսանյանն էլ փոքր վրիպում թույլ տար, նրան նույնպես խանգարելու էին: Սակայն այս անգամ Արթուրն այնպիսի մարզավիճակում էր, որ կարող էր եւս 5 գոտեմարտ անցկացնել եւ չհոգնել, եթե վնասվածքները չլինեին: Բժիշկները ցավազրկեցին Արթուր Ալեքսանյանին, սակայն ցավը դեռ կար: Վնասվածքը կարող էր վնասել նրա թոքերը, եւ մենք որոշեցինք ռիսկի չդիմել: Արթուրը շատ ծանր տարավ, որ հանձնեց մեդալը, սակայն թույլ չտվեցինք վտանգել նրա առողջությունը: Այսօր նա կհետազոտվի, ինչից հետո կորոշենք, թե ինչ բուժում կստանա: Բժիշկներն ասել են, որ նա մի քանի ամիս պետք է անշարժ պահի այդ հատվածը»,– ասաց Սամվել Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ hունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու մեդալով էր ավարտեց ելույթն աշխարհի առաջնությունում: Սլավիկ Գալստյանը (63 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) նվաճել էր արծաթե մեդալ: Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չէր մասնակցել եզրափակիչ գոտեմարտին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում