Լարսի անցակետի ռուսական հատվածում դեպի Վրաստան մեկնող բեռնատարների կուտակման պատճառը կրում է տեխնիկական բնույթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը «Լարս»-ի անցակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել։
«ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ուշադրության կենտրոնում են պահում «Վերին Լարս»-ի անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների կուտակումների պատճառով ստեղծված իրավիճակը։
Հայտնում ենք, որ դեսպանության տեղեկություններով, անցակետի ռուսական հատվածում դեպի Վրաստան մեկնող բեռնատարների կուտակման պատճառը կրում է տեխնիկական բնույթ։ Մասնավորապես, որոշ բեռնափոխադրողների կողմից մեքենաների ծանրաբեռնվածության հետ կապված թույլատրելի նորմերի գերազանցման պատճառով առաջացել է հավելյալ ձևակերպումների իրականացման անհրաժեշտություն, ինչը երկարաձգում է սահմանահատման ընթացքը։
ՌԴ համապատասխան մարմինների կողմից ստացված տեղեկատվության համաձայն, ՌԴ մաքսային ծառայության կողմից իրականացվում են անհրաժեշտ քայլեր իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ են պահպանում համապատասխան մարմինների հետ՝ տեղում ծագող հարցերի կարգավորման նպատակով», – տեղեկացնում են դեսպանությունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում