Արմեն Մելիքյան. Հաղթանակս նվիրում եմ հայ ժողովրդին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում ոսկե մեդալ նվաճած Արմեն Մելիքյանը (60 կգ) հայրենիք վերադառնալուց հետո ՀԱՕԿ լրատվականի հետ ճեպազրույցում պատմել է տպավորությունների մասին:
«Հաղթանակս նվիրում եմ հայ ժողովրդին։ Շատ գոհ եմ իմ մարզիչներից և շնորհակալ եմ Աստծուն հաղթանակիս համար։ Եզրափակիչ գոտեմարտը մի քիչ բարդ ընթացավ, քանի որ արդեն վնասվածք ունեի, իսկ մրցակիցս գլխով շատ էր հարվածում՝ արյուն էր գալիս, մի պահ անգամ չէի կարողանում նորմալ շնչել։ Այս հաղթանակից հետո պետք է առաջ շարժվել: Կան Օլիմպիական վարկանիշային մրցաշարեր, որտեղ պետք է ձգտեմ դառնալ մեդալակիր և վարկանիշ նվաճել»,– նշեց ըմբիշը:
Հիշեցնենք, որ Բուդապեշտում Արմեն Մելիքյանը տարել էր 4 հաղթանակ: Եզրափակիչի ճանապարհին հայ ըմբիշը ոչ մի միավոր չէր տվել մրցակիցներին, իսկ նոյեմբերի 3-ին կայացած վճռորոշ գոտեմարտում 11:7 հաշվով հաղթել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովին:
Արմեն Մելիքյանը պայքարը սկսել էր նոյեմբերի 2-ին և եզրափակիչի ճանապարհին հաղթել էր բուլղարացի Մարտին Վելևին (8։0), իրանցի Մեհդի Մոհսենին (4։0) ու հունգարացի Կրիստիան Կեչսկեմետիին (5։0):
Հայաստանի թիմը Մ-23 ԱԱ-ում ելույթն ավարտել էր 1 ոսկե և մեկ բրոնզե մեդալով: Նոյեմբերի 2-ին բրոնզե մեդալակիր էր դարձել Դավիթ Օվասապյանը (130 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմում Բուդապեշտում հանդես եկան նաև Նորայր Հախոյանը (55 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Արման Վարդումյանը (82 կգ) և Ալբերտ Եղիկյանը (87 կգ), որոնք մեդալ չնվաճեցին: Նորայր Հախոյանը և Արման Վարդումյանը պարտվել էին բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում