Բողոքի ակցիա ԵՊՀ-ում՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով․ Ուղիղ

Բողոքի ակցիա ԵՊՀ-ում՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով․ Ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դիմաց վերսկսվել է ուսանողների բողոքի ակցիան՝ ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի: Ուսանողները նախատեսում են շրջել տարբեր բուհերով և հետո շարունակել բողոքի գործողությունն արդեն նախարարության դիմաց:

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, վերսկսվելու է նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության նստացույցը ԿԳՄՍ նախարարության դիմաց, իսկ Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը իրականացնելու է բողոքի ակցիա՝ ընդդեմ նախարարության կողմից վերջին շրջանում շրջանառության մեջ դրված, իրականացված և ծրագրվող նախագծերի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ից ՀՅԴ երիտասարդները և ԵՊՀ ուսանողները նստացույց էին անում ԿԳՄՍ նախարարության դիմաց`պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ծանրամարտիկ, սեռափոխությունից հետո Նիդեռլանդներում հաստատված Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմ նկարահանման համար 20 մլն դրամ դրամաշնորհ տրամադրումը, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում