Կրթության նախարարի և վարչապետի ներկայացրած հիմնավորումները բացարձակապես ընդունելի չեն. Հայոց պատմության ամբիոնի դոցենտ

Կրթության նախարարի և վարչապետի ներկայացրած հիմնավորումները բացարձակապես ընդունելի չեն. Հայոց պատմության ամբիոնի դոցենտ

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Այն հիմնավորումները, որոնք տրվում են ԿԳՄՍ նախարարի, աշխատակիցների, նախագիծը կազմողների, վարչապետի կողմից, հիմնավորված չեն և մեզ համար բացարձակապես ընդունելի չեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Հովիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության նոր օրինագծին, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

«Հայոց լեզվի և հայոց պատմության խնդիրը սոսկ իմացաբանական խնդիր չէ, դա ազգային ինքնության և ազգային անվտանգության հետ կապված խնդիր է։ Հայաստանն էլ պատերազմող երկիր է, շրջապատված է բոլոր կողմերից, մեղմ ասած, ոչ բարեկամներով։ Հետևաբար, այդպիսի երկրում ազգային պատմության նկատմամբ պետական առանձնահատուկ վերաբերմունքը պարտադիր է։ Այս օրենքի նախագծով ձևի համար խոսվում է հայագիտության գերակա ուղղություն լինելու մասին, բայց այդ օրենքը բացարձակ ոչինչ չի տալիս հայագիտությանը», – ասաց Հովիկ Գրիգորյանը։

Նա նշեց նաև, թե նախարարության պատասխանատուների կողմից բերված հիմնավորումները, որ բուհական ինքնավարությունն ապահովվելու համար է դա արվում, շինծու հարցադրում է, քանի որ, ըստ պատմության ամբիոնի դոցենտի, այդ նախագիծը ծայրից ծայր բացառում է բուհական ինքնավարությունը։

«Չեմ կարծում, թե «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների պետականորեն հոգածությունը հենց բուհական ինքնավարությունը խախտողն է։ Այս առարկաների պարտադիր լինելն անհրաժեշտ է, սա իմացաբանական խնդիր չէ, քաղաքական խնդիր է։ Չգիտենք, թե մեր այսօրվա ուսանողը 10-20 տարի հետո որ ոլորտում ինչով է զբաղվելու։ Մեր պետական ամենաբարձրաստիճան գործիչները հարկ եղած պահին, ամենապատասխանատու տեղում, երբ խնդիրը վերաբերում է հայոց պատմության առանձնապես ոչ շատ բարդ հարցերին, չեն կարողանում պաշտպանել մեր ազգային շահը։ Նկատի ունեմ և՛ արտաքին գործերի նախարարի՝ վերջերս ունեցած հարցազրույցը, որն ազգանպաստ չէր, և՛ մեր վարչապետի որոշ հարցադրումները։ Գարեգին Նժդեհի հետ կապված նրա պատասխանը թիրախային չէր, կարելի էր խնդրին ավելի լավ տիրապետել և ավելի թիրախային պատասխան տալ։ Մի քանի օր առաջ մեր ուսանողների հետ հանդիպմանը նա մեզ համարում էր կովկասյան ժողովուրդ, դա աբսուրդ է», – ասաց Հայոց պատմության ամբիոնի դոցենտը։

Նրա խոսքով՝ այս ամենը չմտածված որոշում է. «Մենք պետք է հստակ հարցադրում ունենանք, ինչպիսի կրթական համակարգ ենք ուզում ունենալ՝ ազգայի՞ն, թե՞ ապազգային։ Եթե մեր նպատակը ապազգային կրթական համակարգն է, սա ուրիշ խնդիր է, թող կանգնեն ու ասեն, որ մեզ ազգային կրթական համակարգ պետք չէ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում