ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Հարգելի՛ համալսարանականներ,
Հաշվի առնելով վերջին օրերին ԵՊՀ-ում կազմակերպված դասադուլերը՝ հարկ ենք համարում ներկայացնել տեղի ունեցողի վերաբերյալ մեր դիրքորոշումը:
ԵՊՀ ուսանողական խորհուրդը, Հայոց լեզվի և Հայոց պատմության հարցը դիտարկելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի ամբողջականության մեջ, իր անդամների միջոցով բազմիցս հայտնել է իր մտահոգությունը` ԿԳՄՍ նախարարության կողմից բուհեր ուղարկված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Ըստ մեզ՝ բուհերի Կառավարման խորհուրդների կազմի քանակի և համամասնության վերաբերյալ նախատեսվող լուծումները լրջորեն վտանգում են բուհական ինքնավարությունը, իսկ դեկանների նշանակովի լինելու կարգավորումը ոչ միայն չի նպաստում բուհերի ներքին բազմազանության ապահովմանը, այլև էապես նվազեցնում է ֆակուլտետային գիտխորհուրդների դերը՝ ֆակուլտետային ղեկավարումը փաստացի «նշանակված» ռեկտորից ուղղակի կախվածության մեջ դնելով:
Ինչ վերաբերում է Հայոց լեզվի և հայոց պատմության առարկաներին՝ ՈւԽ-ն համարում է, որ նշված առարկաների ուսուցման պարտադիրության սահմանումը կարիք ունի քննարկումների, փորձագիտական գնահատականի և խորն ուսումնասիրությունների: Գտնում ենք, որ պետության կողմից բուհերին չպետք է թելադրվի այնպիսի առարկաների ուսուցում, որոնք կհանգեցնեն դպրոցական կրթության բովանդակային կրկնության, սակայն պետությունը կարող է սահմանել մասնագիտական կրթության հետ համադրելի և վերաբերելի հայագիտական առարկաների ողջամիտ ներառվածության պահանջ՝ առարկաների բովանդակային առանձնահատկությունները և մատուցման ձևաչափը թողնելով բուհերի գիտական խորհուրդների սահմանմանը:
Ինչ վերաբերվում է ԿԳՄՍ նախարարի հրաժարական պահանջին.
ԵՊՀ ուսանողական խորհուրդը, համաձայն իր կանոնադրության, ապաքաղաքական մարմին է, ուստի պահպանում է քաղաքական չեզոքություն և զսպվածություն: ԿԳՄՍ նախարարի հրաժարականի ներկա պահանջը պարունակում է քաղաքական տարր, ինչն էլ հաշվի առնելով, ՈւԽ-ն ձգտում է ստեղծված իրավիճակում զերծ մնալ խնդիրների անհարկի քաղաքականացման օրակարգից: Միևնույն ժամանակ, ձևավորված հանրային քննարկման օրակարգում և դրանից դուրս ԵՊՀ ուսանողական խորհուրդը՝ որպես ուսանողական ներկայացուցչական մարմին, լիազորված է արտահայտել կրթական քաղաքականության վերաբերյալ ԵՊՀ ուսանողների շահերը և միասնական մոտեցումները։
Այսպիսով, ԵՊՀ ուսանողական խորհուրդն արձանագրում է ԵՊՀ ուսանողության զգալի մասի բացասական գնահատականը կրթության ոլորտում Արայիկ Հարությունյանի նախարարական գործունեության նկատմամբ։ ԵՊՀ ուսանողական խորհուրդը մտահոգիչ է համարում բարձրագույն կրթության ոլորտում լիազոր մարմնի ապակառուցողական քաղաքականության դրսևորման դրվագները, որոնց վերաբերյալ բարձրաձայնել է ամիսներ շարունակ։ Նշենք մի քանիսը.
• 2018թ. մայիսի լիազոր մարմնի ղեկավարը, ԵՊՀ-ն հրապարակավ համարելով «կոռուպցիոն որջ», հովանավորում էր ԵՊՀ ռեկտորի հրաժարականը պահանջող և ԵՊՀ գիտական խորհրդի դահլիճը պարալիզացրած ակտիվիստներին: 2019թ. փետրվարին նախարարը հրապարակավ հորդորում էր ԵՊՀ ռեկտորին հրաժարական տալ՝ կոպտորեն խախտելով բուհական ինքնավարությունը և գերազանցելով իր պաշտոնեական դիրքը:
• 2019թ. հունիս-հուլիս ամիսներին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում լիազոր մարմնի կողմից ներկայացված անդամների, մասնավորապես` Խորհրդի նախագահի ջանքերով, ԵՊՀ կանոնադրությանը հակասող ձևով կայացվեց «ԵՊՀ կառուցվածքում և հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» որոշումը, որի արդյունքում այժմ ԵՊՀ-ի դեմ մի շարք դատական գործեր են ընթանում:
• 2019թ.-ի փետրվար-մարտ ամիսներին, նախարարը հայտարարեց, որ ԵՊՀ 100-ամյակը պետք է նշվի բարձր մակարդակով և միջոցառումների նախապատրաստական աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար պետք է ստեղծվի կառավարական հանձնաժողով: Սակայն վերջնարդյունքում ստեղծվեց գերատեսչական փոքր հանձնաժողով, որում ներգրավված համալսարանական անդամները նույնիսկ տեղյակ չէին իրենց անդամակցության մասին:
Ելնելով Ուսանողական խորհրդի վերհանած մտահոգություններից և ԵՊՀ ուսանողության շրջանում առկա այլ դժգոհությունների արդյունքում առաջացած պահանջներից, հաշվի առնելով ԿԳՄՍ նախարարի կողմից նոյեմբերի 7-ին արված հայտարարությունն առ այն, որ պատրաստ է ուղիղ շփվել ուսանողների հետ՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը հրավիրում է ԿԳՄՍ նախարարին՝ ԵՊՀ ուսանողների հետ ուղիղ շփվելու և նրանց մտահոգությունները առավել մանրամասն հասկանալու։
ԵՊՀ ուսանողական խորհուրդ
Հետևեք մեզ նաև Telegram-ում