-3.9 C
Yerevan

Հայ ճարտարապետների գծանկարները՝ որպես ինքնուրույն արժեք

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց «Կորուսյալ արվեստ.ճարտարապետական գրաֆիկա» խորագրով ցուցահանդես, ներկայացված են թանգարանի արխիվային նյութերը:

Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել հայ ճարտարապետության նվիրյալների (Ալեքսանդր Թամանյանի, Նիկողայոս Բունիաթյանի, Հովհաննես Քաջազնունու, Կարո Հալաբյանի, Մարկ Գրիգորյանի, Միքայել Մազմանյանի, Նեկտար Բաժբեուկ-Մելիքյանի, Մարգարիտա Հայրապետյանի, Մարտին Թովմասյանի, Մարտին Միքայելյանի, Ռաֆայել Իսրայելյանի, Լիպարիտ Սադոյանի, Վարազդատ Հարությունյանի, Ռոմեո Ջուլհակյանի, Ջիմ Թորոսյանի և այլոց) գրաֆիկական աշխատանքները` մասնավորապես լվաներկումները (отмывка), ինչպես նաև վերարժևորել արվեստի այս ճյուղը ճարտարապետության մեջ:

«Սա այն դեպքն է, երբ գծագիրը դառնում է գեղարվեստական ստեղծագործություն, երբ որ գծագիրը ոչ միայն ապագա կամ գոյություն ունեցող շենքը ներկայացնելու գործիք է, այլ ստանում է ինքնուրույն արժեք որպես այդպիսին: Մեծ ճարտարապետները կարողացել են հասնել այն վիճակի, որ իրենց գծագրերը դառնան արվեստի գործեր»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը:

Նա նշեց, որ իրենք իրենց ֆոնդերից հանել ու ներկայացրել են այդպիսի գեղարվեստական ստեղծագոծությունների նմուշներ: Ցուցանմուշների ընտրության հիմնական սկզբունքը եղել է ՝ պետք է արված լինեն քանոնի ու կարգինի օգնությամբ: Ցուցադրված են նաև այն գործիքները, որոնցով աշխատել են վարպետները: Հարցին՝ արդյո՞ք ցուցահանդեսում ներկայացված բոլոր գծագրերն են վերածվել շենքերի, նա նշեց, որ ոչ:

«Ինչո՞ւ կորուսյալ արվեստ: Որովհետև հիմա ճարտարապետներն աշխատում են համակարգչով, կորցրել են այս նրբությամբ աշխատելու ձևն ու ունակությունը: Այս արվեստը, այս մոտեցումները հիմա արդեն չկան, ընդ որում՝ անհետացան այս մի քանի տարվա ընթացքում»,- ասաց Մ. Գրիգորյանը:

ՀՀ ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ պետք է ժամանակ առ ժամանակ մարդկանց հիշեցնել, որ կա նախագիծը ներկայացնելու այս միջոցը:

«Արևմուտքում նկարիչ-արտարապետի ձեռքով արված աշխատանքը շատ բարձր է գնահատվում»,- նշեց նա:

Մ. Մինասյանի խոսքով, թեև համակարգչի օգնությամբ աշխատանքը 100 անգամ ավելի արագ է ստացվում, բայց ձեռքով արված աշխատանքները, գծագրերն իրենց արժեքն ունեն, որոնք ճշգրիտ, երկրաչափական հաշվարկներով, ստվերների ուղղություններով արված նախագծեր են:

Ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր, «Երևաննախագիծ» ընկերության ղեկավար Սիրեկան Օհանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ հայկական ճարտարապետության տեսական կամ պատմական հատվածները ներկայացնելու համար չպետք է սահմանափակվել ցուցահանդեսներով, այլ պետք է փաստաթղթավորել:

«Դա ոչ միայն տնտեսության, ժողովրդի զարգացման, նաև մշակույթի ու համաշխարհային պատմության զարգացման փուլեր են, պետք է փաստաթղթավորել, թարգմանել, որպեսզի բոլորին հասկանալի ու տեսանելի լինի»,- նշեց նա:

Ճարտապետի խոսքով, ժամանակակից առանձնահատկությունները, տեխնոլոգիաների զարգացումը ցանկացած երկրում պետք է տեղավորվի իր ազգային առանձնահատկություններով, կառուցվածքով:

«Խնդիրը վերջին տարիներին ակտուալ է, քանի որ նախագծվում են շենքեր, որոնք կողքից դիտարկվում են որպես եվրոպական ճարտապետության նմուշներ որոշակի տեղական նյութերի առանձնահատկություններով: Այսօր շեշտադրվում է բարձրահարկ կառուցապատումը կարկասով, հիմնականում գնում են շենքերը պարփակող ճակատների երեսապատման ճանապարհով, ինչը գեղարվեստական ձևավորման քիչ հնարավորություն է տալիս: Բայց դա էլի չի խանգարում գոնե մուտքային հատվածների դեպքում:

Մինչդեռ ցանկացած գեղարվեստական ձևավորում և միջնադարյան, և խորհրդային հայ ճարտարապետության մեջ որոշակի առանձնահատկություններ ու արտացոլումներ են ունեցել, ոճային գեղարվեստական մոտեցումներն իրենց հետ բերում են տրադիցիա, պատմության շարունակականություն, մասնագետների, ժողովրդի որոշակի տրամադրություն, կապը հին պատմության, բնության հետ: Զարդանախշերն ավելի են ջերմացնում, ավելի հարազատ են դարձնում քաղաքային միջավայրը»,- նշեց ճարտարապետը:

Նրա խոսքով, վարչական, հասարակական շենքերի դեպքոււմ հայ ճարտարապետները հաճախ օգտագործում են այս մոտեցումը՝ որպես տուրք հայոց պատմական ճարտարապետության, նաև հայ նախագծողների արյան մեջ մտած է որոշակի ձևով ավելի ջերմացնել միջավայրը, թեկուզ մուտքային հատվածներում: Նա ասաց, որ երբեմն նաև պատվիրատուներից է կախված, քանի որ ոճային ձևավորումները, գեղարվեստական մոտեցումները որոշակի արժեքային արտահայտություն ունեն, մասնավոր պատվիրատուները հրաժարվում են լրացուցիչ գումար ծախսելուց: Ս. Օհանյանի կարծիքով, ժամանակի ընթացքում կրկին կսկսեն գեղարվեստական ձևավորումներով ճարտարապետությունը:

Հարցին, թե ցուցահանդեսում կան ներկայացված աշխատանքներ, որոնք այդպես էլ մնացել են թղթի վրա գծագրված, արդյոք հնարավոր համարո՞ւմ եք ինչ-որ ժամանակ դրանց կառուցումը, նա նշեց, որ դա կախված կլինի օբյեկտի կառուցման անհրաժեշտությունից, տեղի դիրքից:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...