Առաջին անգամ Հայաստանում մի սեղանի շուրջ հավաքվեցին բոլոր ընդդիմադիր ուժերը. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: «Վերնատուն» ակումբի կազմակերպիչները, հիմնադիրները սահմանել են քաղաքական հարթակ, որտեղ հնարավոր կլինի խոսել երկրի առջև ծառացած խնդիրների մասին, շատ լավ ու կարևոր նախաձեռնություն է, որովհետև առաջին անգամ Հայաստանում մի սեղանի շուրջ հավաքվեցին բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք այսօրվա քաղաքական իշխանության օրոք ընդդիմություն են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ ամփոփելով «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքը, որին ինքը ևս մասնակցել է:
Հավաքին խորհրդարանական ընդդիմության բացակայությունը Սամսոնյանը պարզաբանեց հետևյալ կերպ. «Եթե քաղաքացիները համարում են խորհրդարանական ընդդիմությանը ընդդիմություն, եկեք մենք էլ համարենք, սակայն ես վստահ եմ, որ քաղաքացիների մեծամասնությունն այդ մարդկանց ընդդիմադիր ուժ չի համարում: Ես առիթ ունեցել եմ ասել՝ ԼՀԿ-ն չի կարող ընդդիմադիր ուժ դիտարկվել, ԲՀԿ-ում կան մի քանի անհատներ, որոնք իրոք ընդդիմադիր են, բայց ԲՀԿ-ին էլ չի կարելի դիտարկել այնպիսի ընդդիմադիր, որը հավակնում է իշխանություն վերցնել, դա անհեթեթ է»,- ասաց նա և նշեց, որ սիմվոլիզմը դրանում է կայանում, որ այդ ուժերը ներկա չեն եղել:
Նարեկ Սամսոնյանը նշեց, որ շատ արտախորհրդարանական ուժեր չկային հավաքին: «Այնպես չէ, որ Հայաստանում ինչ-որ մեկի համար գաղտնիք է, որ խորհրդարանում գոյություն չունի ընդդիմություն: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ դա առավելություն է, բայց դա իր ամենամեծ ողբերգությունն է և իր իշխանությանը սպառնացող թիվ մեկ վտանգը: Պառլամենտական համակարգ ունեցող երկրում ԱԺ-ում ընդդիմության բացակայությունը, ինչին ամեն գնով նրանք հասան, օրինակ՝ ՀՀԿ-ին ԱԺ չթողնելով, հղի է շատ վտանգավոր քաղաքական ճգնաժամով: Երբ ընդդիմադիր ալիքները ԱԺ չեն հասնում, պայթելու են դրսում, ինչը շատ վտանգավոր է»,- շեշտեց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում