Նիկոլ Փաշինյանը «սորոսականների» պատանդն է. «ՎԵՏՕ»-ն կանցկացնի «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» խորագրով ցույց

Նիկոլ Փաշինյանը «սորոսականների» պատանդն է. «ՎԵՏՕ»-ն կանցկացնի «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» խորագրով ցույց

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Նոյեմբերի 20-ին, ժամը` 15:00-ին «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» խորագրով ցույց կանցկացնի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի դիմաց: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտնեց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

«Մենք վետօականներով եկանք այն եզրահանգման, որ «սորոսականները» Նիկոլ Փաշինյանին պատանդ են վերցրել»,-հայտարարեց Մալյանը` նշելով, թե այդ եզրահանգման պատճառն օրեր առաջ ԱԺ-ում վարչապետի ելույթն է, որի ընթացքում, անդրադառնալով ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող «Մել» ֆիլմին, ասել է, թե Մելինե Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է:

««Սորոսականներն» իրենց կամքն են թելադրում վարչապետին և ստիպում են, որ Մել Դալուզյանին վերցնի իր պաշտպանության տակ, խոսի բովանդակությունից ու իմաստից զուրկ բաներ, ստիպում են, որ իրենց ապազգային օրակարգը կիրառման փուլ մտնի: Իրեն գերի է վերցրել օտարերկրյա գործակալը, զենքը դրել է ճակատին, որ նման բաներ ասի»,-ասաց Մալյանը` ընդգծելով, թե նորմալ, ադեկվատ մարդը չէր կարող նման արտահայտություններ անել:

«Մենք պահանջելու ենք Նիկոլ Փաշինյնաի ազատությունը, որովհետև գտնում ենք, որ վարչապետին պետք է ազատել Սորոսի՝ օտարերկրյա գործակալական ցանցի ճիրաններից և տեղափոխել հայկական օրակարգ»,-ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավարը:

Մանրամասները` տեսանյութում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում