«Հրապարակ». «Ընտիր աշխատող» աղբատար «ԿամԱԶ»-ները սկսել են փչանալ

«Հրապարակ». «Ընտիր աշխատող» աղբատար «ԿամԱԶ»-ները սկսել են փչանալ

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ «կյանքի գնով» գնած աղբատարնե­րը՝ «ԿամԱԶ»-ները, մեր տեղե­կություններով, արդեն սկսել են խափանվել: Մեզ ասացին, որ ժամանակին, երբ քննարկվում էր այս մեքենաների ձեռքբերման հարցը, Հայկ Մարությանին զգուշացրել են, որ «ԿամԱԶ»-ը հարմար մեքենա չէ, սխալ է այդքան բարձր գնով նման մեքենա գնելը, քանի որ որակը չի համապատասխանում գնին, ու մի կարևոր հանգամանք կա՝ մեր երկրում շահագործման առումով դրանք դիմացկուն չեն: Բայց Հայկը չի լսել, երկու ոտքը մի կոշիկ դրած՝ պնդել է, որ հենց «ԿամԱԶ» պետք է գնի:

Իսկ թե ինչու, բազմիցս գրվել է այդ մասին, խոսակցություններ կան, որ ինչ-ինչ անձնական շա­հագրգռություններ են ունեցել հենց ռուսական «ԿամԱԶ»-ների ձեռքբերման հարցում, ընդ որում՝ առանց մրցույթի, մեկ անձից գնման տարբերակով ու մրցակից այլ ընկերություններից էլ մոտ 10-15 մլն դրամ թանկ արժեքով: Բայց ոչ ոք չլսեց այս բոլոր զգուշացումները, քանի որ Հայկոն 80 տոկոս ձայն ստացած քաղաքապետ է և վարչապետի սիրելին, հետևաբար՝ արտոնյալ:

Այժմ այս մեքենաները, մեզ հասած ինֆորմացիայով, արդեն սկսել են խնդիրներ առաջացնել երկու պատճառով, նախ՝ այնքան դիմացկուն չեն, երկրորդ՝ շա­հագործվում են անխնա, գրեթե 24-ժամյա ռեժիմով, մինչդեռ պետք է որոշակի դադար վերցնեին: Նշենք, որ այս պահին ավտոպարկում կան 34 «ԿամԱԶ» մակնիշի աղբատար մեքենա և մեկ տասնյակից ավելի «ԳԱԶ» մակնիշի՝ համեմատաբար ավելի փոքր ծավալի աղբատարներ: «ԿամԱԶ»-ները Հայաստան են սկսել ներմուծել հունիս ամսից:

Հայկ Մարությանի ստեղծած Աղբահանության և սանմաքրման հիմնարկի նորանշանակ տնօ­րեն Արմեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նախ ասաց, որ մեքենանե­րի խափանման մասին լուրերն իրա­կանությանը չեն համապատասխա­նում, ապա սկսեց պարզաբանել, որից ավելի շատ զգացվեց, որ իրա­կանությունից այնքան էլ հեռու չեն մեր տեղեկությունները:

«Ուրեմն՝ մեքենաները ռեզինից չեն, էլի: Մեքենաների շարժիչի յուղ է փոխարինվում, տակը դետալներ կան, որ ընթացքում պետք է յուղվեն, որ մեքենաները երկար ծա­ռայեն: Բայց խափանված մեքենա՝ որպես այդպիսին, չունենք»,- ասաց Գրիգորյանը: Ինչ վերաբերում է առանց դադարի աշխատելուն, Գրիգորյանն ասաց, որ դադարով են աշխատում և հերթափոխով՝ հաստատելով, որ պետք է մեքե­նան 8 ժամ դադար վերցնի օրվա մեջ. «Այո, դրա համար մեքենա­ները տարբեր գրաֆիկներով են դուրս գալիս, հերթափոխն էլ է կատարվում, այն գիծը, որը շատ է, տվյալ մեքենան շատ է դուրս գալիս, երկրորդ հերթափոխին կարող է չմասնակցել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում