Հովհաննես Թումանյանի կյանքն ու գործունեությունը՝ 2D մուլտֆիլմ ձևաչափով

Հովհաննես Թումանյանի կյանքն ու գործունեությունը՝ 2D մուլտֆիլմ ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հովհաննես Թումանյանի թանգարանի նորաբաց մուլտսրահում տեղի ունեցավ «Հովհաննես Թումանյան» 2D մուլտֆիլմի շնորհանդեսը: Այն երեխաներին ծանոթացնում է մեծ գրողի կյանքին ու գործունեությանն՝ իրենց մատչելի ձևաչափով:

«Հայ իրականության մեջ հայ դասականին նմանատիպ ձևաչափով անդրադառնալու առաջին փորձն է», – լրագրողներին ասաց թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:

Նրա խոսքով, իրենք տարբեր հարցերին անդրադառնալիս, նորարարական ներմուծումներ անելիս առաջին հերթին ականջալուր են լինում հենց այցելուներին:

«Նման մուլտֆիլմը ստեղծելու գրեթե հասունացած պահանջ եղավ: Երբ մեր այցելուները «Մութ ու լույս աշխարհում» դիտում էին Թումանյանի հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմերը, արձագանքում էին, թե ինչքան լավ կլիներ, որ Թումանյանի մասին էլ նման բան լիներ: Միջազգային փորձն ուսումնասիրեցինք, հասկացանք, որ աշխարհում ընդունված ձևաչափ է, երբ մեծ մտավորականի, գրողի, նկարչի կյանքի բարդ, կարևոր իրադարձությունները, պատմության ընթացքը փորձում են մատուցել երեխաներին հասկանալի լեզվով», – մանրամասնեց Ա. Եղիազարյանը:

Նա նշեց, որ գուցե տեքստային հատվածը երեխաներին ականջին դեռ բարդ կթվա, սակայն պատկերները կստիպի նրանց որոշ բաներ իրենց համար առանձնացնեն ու ժամանակի ընթացքում կկարողանան մարսել, հասկանալ այդ նյութը:

«Այսպես որոշեցինք Թումանյանի կյանքը կարևոր շեշտադրումներով ծանոթացնել երեխաներին անիմացիոն ձևաչափի մեջ: Երեկվա դիտումից հետո արձագանքները շատ դրական էին, ինչը մեզ համար կարևոր է», – նշեց թանգարանի տնօրենը:

Շուտով մուլտֆիլմը կլինի նաև արևմտահայերն ու անգլերեն տարբերակներով, իսկ հունվարից հասանելի կլինի նաև համացանցային տիրույթում:

Ա. Եղիազարյանը տեղեկացեց, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի շրջանակում առաջիկայում մեծ միջոցառում է կազմակերպվելու Թբիլիսում, կայանալու է համատեղ հրատարակած վրացերեն երեք ժողովածուի շնորհանդեսը, նաև «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում մուլտֆիլմի շնորհանդեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում