Պարզ հարցեր պոպուլիստ սուպերնախարար Արայիկ Հարությունյանին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Տեղի-անտեղի նախկինների և նախկինների նախկինների ժամանակաների մասին սահմռկեցուցիչ կոռուպցիայի մասին խոսացող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պարտավոր է հանրությանը հրապարակավ պատասխանել.
Եթե կրթության համակարգն այլանդակության հասնող կոռումպացված էր, ինչպե՞ս է ներկայիս սուպերնախարարն ընդունվել համալսարան: Ինչպե՞ս է սովորել, ավարտել և գիտությունների թեկնածու դառնալով` դասախոսել ԵՊՀ-ում: Կաշա՞ռք է տվել ընդունվելու, սովորելու և ավարտելու համար: Եթե այո, ապա իրոք համակարգը այլանդակության աստիճանի կոռումպացված է եղել: Եթե ոչ, ապա ինչպե՞ս է ստացվում, որ պարոն Հարությունյանի դեպքում այլանդակ կոռուպցիան իրեն շրջանցել է: Եթե ամեն ինչ կոռուպցիայով է եղել, ապա ինչու՞ կաշառք չեն վերցրել և ուրիշին իր տեղն ընդունել համալսարան կամ ինչու՞ փող չեն վերցրել և իր տեղն ուրիշին դարձրել գիտությունների թեկնածու և դասախոս: Ի վերջո, պարոն սուպերնախարարը պարտավոր է հրապարակավ ասել` եղե՞լ է դեպք, որ իր հետ անարդար են վարվել, օրինակ` ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում սովորելու տարիներին ինքը պատասխանել է հինգի, բայց իրենից կաշառք են ուզել հինգ նշանակելու համար, ինքը չի տվել, ուստի իրեն ասենք երեք են նշանակել կամ չորս:
Եթե կրթության համակարգն այլանդակության հասնող կոռումպացված էր, ինչպե՞ս են իրեն գործուղել Սիրիայի Արաբական Հանրապետություն ուսանելու: Կաշառքո՞վ է եղել գործուղումը, թե՞ ոչ:
Եթե համակարգը գերկոռումպացված է եղել, ինչպե՞ս է պարոն սուպերնախարարը ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Եթե կաշառք է տվել, ապա այո, պետք է ընդունենք, որ համակարգը գերկոռումպացված է եղել: Եթե չի տվել, ապա ինչպե՞ս է ստացվում, որ առանց կաշառքի, սահմանված կարգով իրեն ազատել են պարտադիր զինվորական ծառայությունից:
Սրանք շատ պարզ, դեդուկտիվ հարցեր են, որոնց պարոն սուպերնախարարը պարտավոր է հրապարակավ պատասխանել: Եվ պոպուլիզմն այստեղ չի օգնելու: Պարոն սուպերնախարարը պարտավոր է հրապարակավ պարզաբանել` կամ անցյալի մասին խոսելիս գույները խտացնում է կամ էլ ինքը նույնպես կոռուպցիոն սխեմաների մասնակից է եղել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում