Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Սումգայիթում տեղի ունեցած ողբերգության շահարկումը. ԱԳՆ մամուլի խոսնակ

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Մենք դատապարտում ենք ներքաղաքական խնդիրների հասցեագրման նպատակով ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերի, մասնավորապես՝ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգության շահարկումը»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Ադրբեջանի նախագահի՝ Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթի վերաբերյալ հարցին, մասնավորապես ինչպե՞ս եք մեկնաբանում հնչեցված տեսակետները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ադրբեջանի նախագահը Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանը հանդես է եկել ընդարձակ ելույթով, որտեղ անդրադարձ է կատարել ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերին, մասնավորապես՝ Սումգայիթում տեղի ունեցած հակահայկական ջարդերին: Ադրբեջանի նախագահը նաև բացահայտել է խորհրդային շրջանում ԼՂ-ում ժողովրդագրական պատկերը փոխելու հետևողական քաղաքականության առկայությունը և ափսոսանքով է խոսել այդ քաղաքականության ոչ լիակատար իրագործման կապակցությամբ:
Աննա Նաղդալյանը նշել է, որ սումգայիթյան ջարդերը լավագույնս փաստագրված են, և Ադրբեջանի կողմից փաստերի խեղաթյուրումը ժխտողականության վտանգավոր դրսևորում է, որը հրահրում է հայերի նկատմամբ ատելություն և ցեղասպան միտումներ:
«Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, Թալիշում և այլուր հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները, էթնիկ զտումները և զանգվածային ջարդերի չդատապարտումը ու ավելին՝ դրանց արդարացումը, Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվող հակահայկական հռետորաբանությունը, Ռամիլ Սաֆարովի և հայերի սպանելու համար այլ մարդասպանների հերոսացումը. այս ամենը խաթարում է վստահության ձևավորումը և վնասում խաղաղ գործընթացին:
Բացահայտելով Ադրբեջանի մտադրությունը և այս ուղղությամբ իրականացված քաղաքականությունը՝ փոխելու Արցախի ժողովրդագրական պատկերը՝ հայերի քանակի նվազեցման և ադրբեջանցիների քանակի ավելացման միջոցով՝ Ադրբեջանի նախագահն առավել ընդգծում է հայկական կողմի՝ Արցախի ժողովրդի էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությանն առնչվող հիմնական մտահոգության վավերականությունը 1988թ.-ին և այսօր:
Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին քաղաքական կամք ցուցաբերել Սումգայիթի զանգվածային բռնություններին իրական գնահատական տալու առնչությամբ, դադարեցնել ժխտողականությունը և հարգել զոհերի ու վերապրածների արժանապատվությունը, արժանահավատորեն նպաստել ժողովուրդներին խաղաղության նախապատրսաստմանը»,- ասել է Աննան Նաղդալյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում