Մահացել է խորհրդային լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը

Մահացել է խորհրդային լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ այսօր՝ նոյենբերի 25-ին, մահացել է խորհրդային լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ու ցավակցություններ հղում հարազատներին ու ընկերներին։

Գոհար Վարդանյանը 93 տարեկան էր։

Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականին Լենինականում։ 1930 թվականին նա ընտանիքով տեղափոխվել է Իրան: 16 տարեկան հասակում անդամագրվել է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի լրտեսական խմբին, որի հետ միասին կատարել է բազմաթիվ հետախուզական աշխատանքներ: 1943 թվականի նոյեմբերի 30-ին այդ խմբավորմանը հաջողվել է կանխել Թեհրանում կայանալիք կոնֆերանսի ժամանակ Եռյակ դաշինքի ղեկավարների՝ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Դ. Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի դեմ գերմանական հատուկ ծառայությունների մահափորձը: 1946 թվականին Գոհարն ամուսնացել է Գևորգ Վարդանյանի հետ։ Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի հայկական եկեղեցում և եղել է զույգերի երեք ամուսնություններից առաջինը։ Ելնելով իրենց աշխատանքի բնույթից՝ նրանք ամուսնացել են երեք անգամ։ 1951 թվականին Վարդանյանների խնդրանքով գաղտնի խմբակցության կենտրոնը նրանց հնարավորություն է տալիս ստանալու բարձրագույն կրթություն և նույն թվականին նրանք վերադառնում են ԽՍՀՄ։ 1956 թվականին Վարդանյաններն ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը, որից հետո «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում աշխատել են տարբեր երկրներում: Իտալիայում աշխատելու տարիներին հսկողության տակ են վերցրել ՆԱՏՕ-ի հարավային թևը։ Այստեղ նրանք ծանոթություններ են հաստատել նախարարների, նախագահի և ամերիկյան ծովային սպաների հետ։ 1986 թվականին նրանք վերադարձել են Հայաստան: Մի քանի ամիս անց Գոհարն անցել է թոշակի, իսկ Գևորգը շարունակել է ծառայությունը մինչև 1992 թվականը։ Նույնիսկ թոշակի անցնելուց հետո, Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը։ Գևորգ Վարդանյանը մահացել է 2012 թվականին Մոսկվայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում