Քոչարյանի գործով նիստում բախում տեղի ունեցավ

Քոչարյանի գործով նիստում բախում տեղի ունեցավ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրեցին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին:

Բացարկի մասով դիրքորոշում հայտնեց նաև փաստաբան Միհրան Պողոսյանը, ում խոսքի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ նրա ու Բաղդասարյանի միջև:

Պողոսյանը հայտարարեց, որ 2018 թվականի փետրվարի 23-ին Բաղդասարյանն ԱԺ ամբիոնից հստակ հայտարարել է, որ ՀՀ-ում 2008 թվականին բարձր զինվորական դասային աստիճաններ ունեցող անձանց նկատմամբ քրեական հետապնդում, նույնսիկ հարցաքննության հրավիրելու որևէ հանգամանքներ առկա չեն. «Նույնը վերաբերել է նաև ՀՀ նախագահներին վերաբերող հարցերին: Պետք է հուսանք, որ պարոն Բաղդասարյանն այդ հարցերին պատասխանելիս չի առաջնորդվել որևէ քաղաքական հրահանգով, ուղղակի պատվերով, այլ իրացրել է իր լիազորությունները: 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած հայտնի իրադարձությունենրից հետո սույն քրեական գործի ընթացքն ամբողջությամբ փոխվել է, այն փոխվել է նույն դատախազի հսկողության տակ գտնվող քրեական գործով, սակայն փաստական հանգամանքները որևէ կերպ չեն ավելացել այդ ընթացքում»:

Պողոսյանի խոսքերով, եթե առանց որևէ նոր փաստական հանգամանքի, գործի ընթացքը փոխվում է, ակնհայտ է դառնում, որ դատախազը գործում է ոչ թե օրենքով, այլ որոշակի քաղաքական պահանջներին համահունչ. «Կամ պարոն Բաղդասարյանը 2018 թվականի փետրվարին է քաղաքական պատվեր կատարել, կամ հիմա է կատարում: Երկու պարագայում էլ նա չի գործում օրենքով: Այդ հիմքով ենթակա է բացարկման»:

Բաղդասարյանը հայտարարեց, որ առարկում է:

«Ես Ձեզ չէի ընդհատում»,-արձագանքեց Պողոսյանը:

Դատախազի հաջորդ արձագանքին, փաստաբանը հայտարարեց. «Դու ինձ մի ասա, թե ես ինչ անեմ»:

Դատախազն ասաց, որ կարող է ասել:

«Չես կարող ասել, տեղդ նստի»,-ասաց Պողոսյանը:

«Դու չպետք է ասես, թե ով ինչ անի»,-պատասխանեց Բաղդասարյանը:

Բաղդասարյանը պնդեց դատավորին կարգի հրավիրել փաստաբանին:

«Դու ինձ մի ասա ես ինչ անեմ, կկտրեմ ձայնդ չես մոռանա», – ասաց Բաղդասարյանը՝ դիմելով փաստաբանին:

«Արա, դու ի՞մ հետ ես ըտենց խոսում: Ձեն կտրողին նայի հլը, փորձի հլը»,– ասաց Պողոսյանը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը ստիպված ընդմիջում հայտարարեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում