ԵՊՀ ուսանողները բեմադրությամբ իրենց բողոքն են արտահայտում

ԵՊՀ ուսանողները բեմադրությամբ իրենց բողոքն են արտահայտում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողները բուհի տարածքում «Մեր լեզուն, մեր խիղճը» խորագրով ներկայացմամբ հանդես եկան՝ նվիրված հայոց լեզվին։ Նրանք բեմադրության մեջ նշում են, որ պետք է պայքարել հայոց լեզվի ու հայոց պատմության համար, քանի որ ազգի պահանող սյուներն են:

«Ինչպե՞ս կարելի է նման որոշում կայացնել, անհեթեթ է»,– նշում են բեմադրության մեջ՝ նկատի ունենալով «Հայոց լեզու և գրականություն»,«Հայոց պատմություն» առարկաները բուհական ծրագում ոչ պարտադիր դարձնելու նախագիծը:

«Մեր՝ ուսանողներիս ուսերին դրված է ազգայինը պահելու և հաջորդ սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը: Հպարտ ուզում եմ ասել՝ մեր անունն է պայքար, և վախճանը հաղթանակ»,-նշում են ուսանողներն իրենց բեմադրության մեջ:

Հիշեցնենք՝ ԵՊՀ բանասիրության և այլ ֆակուլտետների ուսանողները մի քանի օր դասադուլ էին անում՝ դեմ արտահայտվելով ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելուն: Նրանք դիմում-նամակ էին հղել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարին ու գիտխորհդրին՝ սպասելով պատասխանին:

ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը, ով միացել էր ուսանողներին ու գործադուլ էր հայտարարել, ասաց, որ ուսանողները ստիպված ոտքի վրա են բեմադրությունն անցկացնել, քանի որ չեն թույլ տվել դատարկ լսարաններից սեղաններ բերել:

«Սա չեմ կապում հայ բանասիրության ֆակուլտետի դեկանի անձի և ցանկությունների հետ: Վստահ եմ, որ նա գաղափարապես մեզ հետ է, կողմ է այն ամենին, ինչ արվում է: Գալիս է ավելի բարձր օղակից՝ ռեկտորատից»,- նշեց նա:

Է. Գալստյանը նշեց, որ իրենց դիմում-նամակից դեռ որևէ պատասխան չկա, թեև ԵՊՀ կանոնադրության համաձայն, երեք աշխատանքային օրվա ընթացքում պետք է լիներ:

Ինչ վերաբերում է դասադուլ արած ուսանողների բացակայություններին, նա ասաց, որ մեկ կուրսից ուսանողները հայտնել են, որ բացակաները դրվել են:

«Սա ուսանողի իրավունքի ոտնահարում է: Ուսանողն իրավունք ունի դասադուլ անել, դա իր սահմանադրական իրավունքն է: Ուսանողների հանդեպ ցանկացած ճնշում ամենախիստ գնահատականին է արժանանալու: Օրենքի ուժով պատժվելու են նրանք, ովքեր ուսանողների արդարացի պահանջը փորձեն ճնշել»,- ասաց Է. Գալստյանը:

Նա ասաց, որ այսօր 14:30-ին ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հաշվետու նիստն է լինելու, որին սովորաբար մասնակցում է նաև ԵՊՀ ռեկտորը:

«Սպասում ենք ռեկտորի գալուն, որ անձամբ մեր հարցերը տանք, նամակի տեսքով, ինչպես հասկացանք, չի ստացվում»,– ասաց Է. Գալստյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում