ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը մերժել է ուսանողներին

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը մերժել է ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը չի հանդիպի իր աշխատասենյակի մոտ նստացույց անող ուսանողների հետ: ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը, ով միացել է ուսանողներին և գործադուլ է անում, լրագրողներին հայտնեց, որ ռեկտորի պաշտոնակատարն ասել է, որ այսօր ժամանակ չունի, կարող են իրենց հարցերը նամակով ուղարկել ընդհանուր բաժին, կպատասխանեն:

«Բնականաբար, չենք պատրաստվում երկրորդ անգամ նամակով դիմել: Առաջին անգամ դիմել ենք, ստացել ենք դեկլարատիվ բնույթի պատասխան: Հիմա հանդիպում էինք ուզում հենց այդ պատասխանի մեկնաբանությունն ու պատաճառներն իմանալու համար»,- ասաց նա:

Գալստյանը կարծում է, որ ի վերջո Գեղամ Գևորգյանն իրենց կընդունի, քանի որ հասուն գործիչ է, մեծ փորձ ունի, լավ գիտակցում է, որ այսպես երկար շարունակվել չի կարող:

«Ամեն դեպքում ժամանակ ունենալու է ուսանողներին ընդունելու համար»,- նշեց նա:

Նստացույց անող ուսանողները պատրաստվում են մինչև աշխատանքային օրվա ավարտը՝ ժամը 17:00-18:00-ն մնալ այնտեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում