Գևորգ Ղազարյանը պատասխանել է Աբրահամ Խաշմանյանին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը պատասխանել է թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի այն հայտարարությանը, որ Իտալիայի դեմ չկար ազգային հավաքական, այլ կար պարզապես հավաքական:
«Ուզում եմ, նախևառաջ, ներողություն խնդրել գրանցված 9-1 հաշվի համար: Կարդալով գլխավոր մարզչի մեկնաբանությունը, որ ինքը նկատի չի ունեցել ֆուտբոլիստներին, այլ նկատի է ունեցել այն մարդկանց, ովքեր չեն մեկնել հավաքականի հետ Իտալիա, ու բողոքում է կազմակերպչական հարցերից, ուզում եմ շեշտել, որ ինչ ես խաղում եմ Հայաստանի ազգային հավաքականում, 2007 թվականից հավաքականը միշտ կազմակերպչական հարցերի խնդիր չի ունեցել:
Իր խոսքերը ապշելու աստիճան անտրամաբանական են, երբ նա հայտարարում է, որ սա ազգային հավաքական չէ, այլ ուղղակի հավաքական, այն դեպքում, երբ գրեթե մի ամբողջ կազմ բացակայում էր ու ասում է, որ դա ասելով նկատի է ունեցել Ֆեդերացիայի աշխատակազմին:
Չեմ կարծում, որ ֆեդերացիայի որևէ աշխատակից վնասվածք է ունեցել կամ համարվել հիմնական կազմի խաղացող: Ու, ընդհանրապես, նրա արած մեկնաբանությունը ոչ մի կապ չունի խաղի և, առավել ևս, 9-1 հաշվի հետ : Իր ասածը իտալերենով շատ ուղիղ թարգմանվեց, որ սա ազգային հավաքական չէ, այլ ուղղակի հավաքական է առանց ֆունդամենտալ (առանցքային ) խաղացողի: Երբևէ չեմ տեսել մի մարզչի կամ ֆուտբոլիստի, որ խաղի արդյունքը կապի նրա հետ, թե ֆեդերացիայից ով է մեկնում թիմի հետ, ով՝ չէ:
Նշեմ, որ հավաքականի այլ խաղերի ժամանակ էլ բազմաթիվ լրագրողներ, ֆեդերացիայի աշխատակիցներ, երբեմն երկրպագուներ են եղել մեզ հետ՝ նույն ինքնաթիռում, հյուրանոցում: Ավելի լավ է խոսի, թե ինչու՞ մեր հավաքականը իր օրոք ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց պատմության մեջ, իսկ եթե չգիտի, թե ինչու, ավելի լավ է այսքան օր անց գոնե մեկ անգամ ներողություն խնդրեր հայ ազգից ու հայ ժողովրդից՝ այս խայտառակության համար, այլ ոչ թե խոսեր անտրամաբանական բաներ:
Եկեք չմոռանանք, որ ընդամենը երկու ամիս առաջ այս նույն հաաքականը լավ հնարավորություն ուներ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու և հավատում եմ, որ այս կազմը կարող է հաջողություններ գրանցել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքյան իր էջում գրել է Ղազարյանը: