Կոռուպցիայի հոտ է գալիս, իրավապահները պետք է զբաղվեն սրանով. Անի Սամսոնյան

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, Tert.am: Սրանից կոռուպցիայի հոտ է գալիս, սա կոռուպցիա է, և իրավապահները պետք է սրանով զբաղվեն: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը` անդրադառնալով քննարկումների, որ Երևանի քաղաքապետարանին աղբատար ավտոմեքենաներ նվիրաբերելու դիմաց քաղաքապետարանը շինարարական թույլտվություններ է տրամադրել։
«Խնդիրը նվիրատուների հարցը չէ, որովհետև Երևանի քաղաքապետարանը կարող է ֆիզիկական և իրավաբանական անձանցից ընդունել նվիրատվություններ՝ գույքի տեսքով: Այստեղ խնդիրը նրանումն է, որ այդ անձինք ստացել են ինչ-որ բան այդ «ԿամԱԶ»–ները նվիրաբերելու դիմաց և ակնհայտ է, որ ստացել են օրինակ՝ շինթույլտվություններ։ Եվ եթե շատ խորը նայենք, ապա կարծում եմ, որ կունենանք այլ բացահայտումներ»,-ասաց նա:
Անի Սամսոնյանը նշեց, թե ակնհայտ է, որ քաղաքապետարանը թաքցրել է նվիրատվությունների փաստը, որ այդ «ԿամԱԶ»-երը նվիրաբերել է նաև գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը:
Ինչ վերաբերում է ՀՀ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հայտարարությանը, ով նշանակումից անմիջապես հետ հայտարարեց, որ վերջ է տրվելու ապօրինի շինություններին, պատգամավորը նշեց. «Անվստահության հարց կա առնվազն երկու առումով: Առաջինը, որ Երևանի քաղաքապետը ավագանու, մամուլի, ՀՀ քաղաքացիների դիմաց ակնհայտ սուտ է ասել, որ Սամվել Ալեքսանյանի ընկերությունը «ԿամԱԶ»–ներ չի նվիրել: Սա կարծում եմ, որ առնվազն անարդար էր բոլորիս նկատմամբ, առնվազն այն մարդկանց նկատմամբ, ովքեր Հայկ Մարությանին ընտրել էին որպես քաղաքապետ: Հաջորդ անվստահության խնդիրն այն է, որ այո ստացվում է, որ խոշոր գործարարներ, ընկերությունները կարող են քաղաքին ինչ-որ բան նվիրել և դրա դիմաց ինչ-որ բան ստանալ»:
Անի Սամսոնյանը նկատեց, որ այս երևույթը եղել է նախկին իշխանությունների օրոք և շարունակվում է հիմա: «Ստացվում է՝ բոլոր այն հայտարարությունները, որ մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, խոշոր օլիգարխները, որոնք հրաշքով Հայաստանում դարձան սեփականատերեր, և այն, որ նոր Հայաստանում նրանք չեն ունենա արտոնություններ, այս բոլոր հայտարարություններն արհեստական էին և դատարկություն էին: Եվ ես չեմ պատկերացնում, թե օրինակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանն ինչ կաներ, եթե ԱԺ ամբիոնից ասեին, որ Սամվել Ալեքսանյանը կապ չունի իր ընկերության հետ»,-ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում